Մշակույթի նախարարն ամփոփեց տարին. նախարարության առջև դրված 2010-ի ծրագրերն իրականացվել են

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 25, 2010 16:20

Այսօր անցնող տարվա արդյունքներն ամփոփեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, տարին բարեհաջող էր հատկապես մշակութային-գիտական ուսումնասիրությունների և առավել արմատական գործընթացների իրականացման առումով:

Նախարարը հատկապես կարևորեց այն, որ ընտրության մի բարդ գործընթաց հաղթահարելու արդյունքում, Երևանը կարողացավ նվաճել գրքի 2012 թվականին համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը:

Երկրորդ կարևորագույն հաղթանակն, ըստ նախարարի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» հայկական խաչքարի ներառումն էր, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողություն» անվանակարգում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահվող` կոմպոզիտորի տասը ստեղծագործությունների ձեռագիր նոտաների ընդգրկումը:

Նախարարը կարևորեց նաև «Աիդա» օպերայի պրեմիերան:

Նյութական ժառանգության ոլորտում, ըստ նախարարի, շատ կարևոր էր մշակութային արժեքների վերահաշվառման գործընթացի մեկնարկը, այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման ու հաշվառման գործընթացը, յոթ նոր ցուցադրությունների կազմակերպումը, «Թանգարան անիվների վրա» ծրագրով յոթ մարզերում ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև վեց խոշոր ցուցահանդեսների անցկացումն արտերկրում և այլ ծրագրեր:

Թատրոնի  ոլորտում այս տարի շուրջ 17 ներկայացում է ֆինանսավորվել նախարարության կողմից: Նախարարն ընդգծեց, որ այս տարի նախարարության ծրագրերում ընգրկված են եղել նաև ոչ պետական, ինչպես նաև մարզային թատրոնները:

Միջազգային ասպարեզում լայնածավալ համագործակցություն է տեղի ունեցել.

«Այդ առումով շատ կարևոր էր Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը, քանի որ այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձրեցին բոլոր կարևորագույն եվրոպական կենտրոնները, և այս պահին մենք ունենք համագործակցության բազմաթիվ առաջարկներ»,-նշեց նախարարը:

Միջազգային ասպարեզում ամենանշանակալի իրադարձություններից, ըստ Պողոսյանի, Հայաստանի մշակութային օրերի անցկացումն էր Սլովենիայում, որի շրջանակներում մեկնարկել են շուրջ երեսուն միջոցառումներ` ընդգրկելով մշակույթի գրեթե բոլոր ոլորտները:

Ներկայացնելով իրականացրած աշխատանքները` նախարարը լրագրողներին հորդորեց իրենց հուզող հարցերը բարձրացնել այդ պահին` ստանալով սպառիչ պատասխաններ, այլ ոչ թե դրանք պահել` դարձնելով նյութի մենախոսություն:

Հարց հնչեց վերջերս շրջանառվող` Սունդուկյանի անվան թատրոնի օտարման լուրերի վերաբերյալ, ինչը նախարարաը բամբասանք որակեց:

Ինչ վերաբերում է նախարարի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին, նա պատասխանեց.

«Ես ամեն օր գնում եմ աշխատանքի, կատարում իմ պարտականությունները, և որոշումը ես չեմ կայացնում: Անկախ նրանից` կլինեմ նախարար, թե ոչ, ես մշակույթի ոլորտում կանեմ այն, ինչ արել եմ մինչև նախարար լինելը և հիմա»:

Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ նախարարը մաղթանքներ ուղղեց կանանց, տղամարդկան ու երեխաաներին` առանձին-առանձին.

«Ուզում եմ, որ մեր տղամարդիկ լինեն ամուր ու վստահ, կանայք` ջերմ, խաղաղ ու հանգիստ, իսկ երեխաներն ունենան մեծ հաջողություններ»,-ասաց նախարարը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply