Հայ կանանց 70%-ն իրեն նմանեցնում է լացող դեմքի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 24, 2010 18:06

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) ամփոփել է նախորդ տարի հանրապետության 4720 տնային տնտեսությունների 15-59 տարեկան կանանց շրջանում անցկացրած «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնություն» հարցումի արդյունքները: Պարզվել է, որ մեր երկրում կանանց դեմ բռնությունը սովորական երևույթ է, իսկ զուգընկերոջ կողմից բռնությունը՝ ամենատարածվածը:

Պարզվել է, որ տարածված է բռնության չորս հիմնական ձև՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական: Բռնության ամենատարածված ձևը հոգեբանականն է, բայց բարձր է նաև սեռական, ֆիզիկական, տնտեսական  բռնությունների թիվը: Ֆիզիկական բռնության տարածված ձևերից է կանանց վրա ծանր իրեր նետելը, քարշ տալը, ծեծելը կամ ոտքով ու բռունցքով հարվածելը: Կանանց մի ստվար զանգված էլ ֆիզիկական և սեռական բռնությունների է ենթարկվել ամուսինների և ինտիմ զուգընկեր չհանդիսացող տղամարդկանց կողմից:

ՄԱԲՀ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի հրապարակած տվյալների համաձայն` երբևէ զուգընկեր ունեցած կանանց 60,9%-ը, իսկ ներկայում զուգընկեր ունեցող կանանց 7,4%-ը դադարել է աշխատել, քանի որ զուգընկերը արգելել կամ չի ցանկացել դա: Հարցվածների 8,7%-ն ասել է, որ իր եկամուտը զուգընկերը վերցրել է հակառակ իր կամքի, կանանց 22,1%-ը նշել է, որ առնվազն 1 անգամ տուժել է ինտիմ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության հետևանքով:

Հարցված կանանց 80%-ն իր հետ կատարվածը համարում է բռնություն, բայց միայն 15%-ն է պատրաստ բարձրաձայն խոսելու դրա մասին: Հարցման ժամանակ հարցվող կանանց առաջարկվել է նշել հարցաթերթիկում պատկերված ՙտխուր, լացող կամ ժպտացող դեմքերից՚ այն, ինչը բնորոշ է իրենց: Կանաց 70%-ը նշել է լացող դեմքը:

Իրականում երևույթի պատճառները շատ խորն են և սկսվում են հենց այն պահից, երբ ամուսինները երեխա ունենալուց առաջ միշտ նշում են, որ ցանկանում են` առաջնեկը տղա լինի, իսկ երբ իմանում են,որ աղջիկ է ծնվելու, տխրում են, հաճախ  հիասթափությունն այնքան խորն է լինում, որ դառնում է վեճերի,  անգամ բաժանությունների, իսկ լավագույն դեպքում` հղիությունը արհեստական ընդհատելու պատճառ: Ըստ վիճակագրական տվյալների` ամբողջ աշխարհում հղիության արհեստական ընդհատման  պատճառների շարքում առաջին հորիզոնականներում պտղի աղջիկ լինելու հանգամանքն է: Իսկ երբ հայ ընտանիքում աղջիկ է ծնվում, և հարցնում ես երեխայի սեռը, ծնողներն անմիջապես շտապում են պատասխանել, թե աղջիկ է, բայց ոչինչ, դեռ առաջինն է, հաջորդն անպայման տղա կլինի:

Այնուհետև կյանքի հաջորդ փուլերում աղջիկներին սովորեցնում են զուսպ լինել պահանջների ու ցանկությունների մեջ, իսկ նրանց վերաբերող բոլոր հարցերով զբաղվում են հայրերը կամ ավագ եղբայրները` դրանով իսկ ենթագիտակցորեն աղջիկ երեխայի մեջ առաջացնելով անինքնավստահություն սեփական անձի, սեփական ուժերի նկատմամբ, մյուս կողմից, §նրա մասին մտածելով¦, կարծես ազատում են նրան շատ խնդիրներից և հետ վարժեցնում մտածելու ունակությունից, դարձնում անինքնավստահ: Աղջիկների ենթագիտակցության մեջ արմատանում է այն համոզմունքը, որ միշտ մեկը պիտի լինի իրենց կողքին, որ կմտածի իրենց փոխարեն: Նրանց դարձնում են փափկասուն, հետևաբար` կախյալ, որոհետև նրանք այլևս չեն կարող միայնակ ու ինքնուրույն դիմագրավել կյանքի փորձություններին:

Փաստ է, որ աղջկա ձևավորման հարցում մեծ է մոր դերը, որովհետև փոքր տարիքից մայրը աղջկա համար իդեալ է: Իսկ ի՞նչ են նրանք այդ առումով տեսնում իրենց մայրերի մեջ: Ամենաբնորոշ օրինակն այն է, որ այս կամ այն հարցով մորը դիմելու դեպքում նա պատասխանում է. §Ես չգիտեմ, ես չեմ կարող որոշել, հայրդ կգա` նրան հարցրու, նրանից թույլտվություն ստացիր¦: Փաստորեն, դեռ վաղ հասակից հայ աղջիկը ոչ միայն տեսնում է,որ ինքը ձայնի իրավունք չունի, և իր փոխարեն հայրը կամ եղբայրն են որոշում, այլև հասկանում է, որ նույն իրավիճակում է նաև մայրը: Նա խուսափում է պատասխանատու որոշումներից, իսկ տարբեր հարցերի  վերաբերյալ կարծիք է հայտնում միայն խոհանոցում կամ ընկերուհիների հետ սուրճի սեղանի շուրջը:

Եվս մի օրինակ` բոլորիս հայտնի ներընտանեկան իրավիճակ. կինը երեխաների ներկայությամբ փորձում է ուղղել ամուսնուն կամ հակադրվել, իսկ ամուսինը  նախատում է, թե ինչ օրինակ է կինը ցույց տալիս երեխաներին: Հիմնականում խոսքն աղջիկ երեխայի մասին է: Սա էլ է վկայում այն մասին,որ աղջկան տանը սովորեցնում են հնազանդ լինել ամուսնուն և չհակաճառել, քանի որ ամուսնուն չեն հակառակվում, քանի որ կին են:

Նման  մտածողությունը հայ կնոջը դարձնում է տղամարդուց կախված, սեփական  կարծիք չունեցող, սեփական ցանկություններ չունեցող կամ դրանք խեղդող ու դրա հետևանքով` դժբախտ,  հասարակության ոչ լիարժեք անդամ: Սա ակնհայտորեն արջի ծառայություն է կնոջ նկատմամբ, անհարկի հոգատարություն, բայց ամենից հաճախ դա իշխելու, ուրիշին իջեցնելով` իրեն բարձրացնելու գիտակցական կամ ենթագիտակցական  ձգտման դրսևորում է:

Հայաստանում ընտանեկան բռնության ամենատարածված ձևերից է հոգեբանական բռնությունը, որը դրսևորվում է մտավոր գերազանցություն ցուցադրելով, արժանապատվությունը ոտնահարելով, ընկերների հետ շփումների սահմնափակմամբ, ազատ տեղաշարժման, ժամանցի կազմակերպման, ժամանակի պլանավորման սահմանափակմամբ, մարդուն իր ձգտումներից, երազանքներից զրկելով:

Նման միջավայրում սոցիալականացման ընթացքում աղջկա մեջ թերարժեքության բարդույթ ու կախվածություն է ձևավորվում: Հետևաբար տրամաբանական է այն, որ մեր հասարակության մեջ շատ աղջիկների ու կանանց համար կոպտությունը, խստությունը, գոռալը, անգամ ուժի կիրառումը  տղամարդկության մասին է խոսում: «Ի՞նչ տղամարդ, որ կնոջ վրա չգոռա ու ձեռք չբարձրացնի»:

Հայաստանում ներընտանեկան բռնությունները կարելի է դասել ստվերային մշակույթի շարքը: Ինչո՞ւ ստվերային, երբ սա շատ սուր խնդիր է ամբողջ աշխարհում: Այս հարցի պատասխանը դարձյալ մեր  մտածելակերպի մեջ է: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում մարդիկ տեսնում են այն և պայքարի միջոցներ են ձեռնարկում, մեր երկրում այն ստվերում է, հետևաբար մենք այն չենք տեսնում ողջ խորությամբ:  Արտաքուստ ունենք առողջ ու ամուր ընանիքի ինստիտուտ, ներսից` բռնապետություն ու տխուր ժպիտով դեմքեր: Ընտանիքը հայ մշակույթում բարձր արժեք է,  ուստի այն կինը, որն ընտանիքից դուրս բարձրաձայնում է իր  նկատմամբ իրականացված բռնության մասին, դիտվում է որպես ներընտանեկան խնդիրները հանրության դատին հանձնող անձնավորություն, նրան քննադատում են թե՛ հարևան-բարեկամները, թե՛ ընկեր-հարազատները: Փաստորեն, քանի որ մեծ կախվածություն ունենք հասարակական կարծիքից, պետք է փոխել հասարակության մոտեցումը այս հարցում, որպեսզի  մարդիկ հասկանան, որ ներընտանեկան բռնությունը նույնպես հանցագործություն է:

Կարևոր  է այն փաստը, որ ընտանեկան բռնության մասին ՀՀ-ում օրենք դեռևս գոյություն չունի, այսինքն` պետք է փոխվի ոչ միայն հասարակության, այլև պետության մոտեցումը:

Մյուս կարևոր հանգամանքն այն է,որ կանայք տղամրդկանց պահանջով դառնում են տնային տնտեսուհի, ոմանք` ավելի հաճախ մարզերում ապրողները, հրաժարվում են անգամ կրթություն ստանալու հնարավորությունից, երկար տարիներ տանը նստած երեխաներին են դաստիարակում, դառնում են անմրցունակ, հետ են վարժվում աշխատելուց, իսկ երբ սկսում են պարբերաբար ենթարկվել ամուսնու կողմից բռնությունների, ուղղակի հասկանում են, որ անկարող են բաժանվել և երեխաների հետ առանձնանալ, քանի որ սոցիալապես կախված են ամուսնուց, չեն կարող իրենց և երեխաների համար ապագա ապահովել, ու ստիպված շարունակում են ապրել նման ամուսինների հետ: Դա հետևանք է վերոնշյալ սխալ դաստիարակության: Եթե կանայք հեռանում էլ են ամուսիններից,  հիմնականում նրանց սպասում է միայնակ մոր ապագան, քանի որ մեր հասարակությունը, մասնավորապես` տղամարդիկ, պիտակավորում են ամուսնացած-բաժանված կանանց, և եթե նույն կարգավիճակի տղամարդը կարողանում է կրկին ընտանիք կազմել, ապա նույնը չենք կարող ասել կանանց մասին:

Կանանց մեծ մասն էլ փաստում է, որ երբ բռնության է ենթարկվում և դիմում է ոստիկանական միջամտության, ոստիկանները հիմնականում գործին ընթացք չեն տալիս` համարելով դա ներընտանեկան խնդիր ու բավարարվում են միայն տղամարդուն բանավոր զգուշացում տալով, իսկ երբ ոստիկանները հեռանում են, կինն ավելի ուժեղ ծեծի է ենթարկվում ոստիկանության միջամտությանը դիմելու համար:

Կանանց  նկատմամբ բռնությունների կրճատման հարցում ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել` փոխելով հասարակության վերաբերմունքը, փոխելով կնոջ և տղամարդու իդեալները, կրթության ու դաստիարակության բարեփոխմամբ, քան իշխանությունից քայլեր ակնկալելով կամ օրենքի ընդունմանը սպասելով: Հասարակական գիտկցության մեջ, մենթալիտետում արմատական փոփոխություններ պետք է արվեն` այս հարցի լուծմանը նպաստելու համար: Պետք է հասկանանք, որ բռնությունը բռնություն է, անկախ այն հանգամանքից, թե ով է դա անում և ում նկատմամբ: Դա հանցագործություն է և դուրս թե՛ ավանդույթից, թե՛ մենթալիտետից ¨ թե՛ Ù³ñ¹Ï³ÛÇÝ տրամաբանությունից:

Անի ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է 3741 անգամ:
Print Friendly

Leave a Reply