Նախատոնական առևտուրը, թանկացումներն ու մանր-մունր գողությունները Վանաձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 31, 2010 15:00
Դեկտեմբերի 10-ից սկսած` Վանաձորի առևտրի կետերում բուռն ծաղկում է ապրում նախատոնական առևտուրը, իսկ 20-ից սկսած` առանձին կետերում անգամ հերթեր ու հրմշտոցներ են: Սա կարելի է բացատրել ոչ միայն նախատոնական հանգամանքով, այլև պարբերական հարսանիքների առկայությամբ. գրեթե ամեն օր քաղաքում հարսանիքներ են` աղմուկ-աղաղակով, զիլ ազդանշաններով, “Հայքի” հրապարակում հարսանեկան ավտոշարասյան 5-6 պտույտով: Սրանով էլ պայմանավորված են խանութներում մշտական հերթերը, որոնք դիտելիս մարդիկ ակամա մտածում են. բա հետո էլ ասում են` ժողովուրդը փող չունի:
Սրան զուգահեռ` խանութներում մանր-մունր գողություններ էլ են տեղի ունենում, ինչն արդեն ժողովրդի մի հատվածի վատ ապրելու հետևանք է: Հավանաբար շատ քաղցած մի տատիկ որոշել էր խանութից աննկատ բուլկի թռցնել` օգտվելով համընդհանուր իրարանցման հանգամանքից: Սուպերմարկետներից մեկում էլ վաճառողները կանխեցին մոր հետ խանութում գտնվող մի անչափահասի գողությունը և իրեղեն ապացույց գողոնը` ապխտած ձուկ, հետ վերադարձրին, չմոռանալով երեխային դաստիարակչական նպատակներով “քոթակ տալ”:
Ընդհանրապես այս օրերին շատ մայրեր ափսոսում են, որ երեխաների հետ են շուկա գնում, որովհետև երեխայի սիրտը շատ բան է ուզում, բայց բավարար գումար չունեն: Չնայած ՀՀ նախագահն իր ելույթներում պարբերաբար անդրադառնում է որոշ մթերքների գների չհիմնավորված բարձացմանը, սակայն գործարարները դրանից առայժմ անհրաժեշտ հետևություն չեն անում: Ըստ այդմ` հավկիթը շարունակում է վաճառվել 50-70 դրամով, իսկ պանրի գները սկսում են 1800-ից: Հավկիթի կատաղած գների վրա չազդեց նաև Հ1 պետական հեռուստաալիքի “Տեսանկյուն” հաղորդման ժամանակ հնչած կծու հեգնանքը. “Ձվերը փոքրանում են, գները` մեծանում”: Քաղաքակիրթ երկրներում նախատոնական օրերին զեղչեր են լինում, իսկ Հայաստանում հակառակն է: Աննշան զեղչեր գործում են միայն սպառման ժամկետը մոտեցող բնական հյութերի, ալկոհոլային խմիչքների պարագայում:
Այս օրերին բուռն ծաղկում է ապրում զեղծարարությունը, գների խախտումը, գնապիտակների բացակայությունը, ստվերային ապրանքների շրջանառությունը: Յուրօրինակ էլեկտրոնային կշեռքներ են գործում որոշ խանութներում. մթերքը կշռելիս գինը չեն գրում, իսկ կշռելուց հետո հաշվարկը կատարում ձեռքի հաշվիչով, կամ բանավոր թվաբանությամբ: Խախտումներն այնքան համատարած են, որ խանութներից մեկն այդ առումով մյուսներից տարբերվելու մղումով, որպես օրինակելի վարքագծի ինքնագովազդ, դռան վրա գրել էր. “Մեզ մոտ 1 կգ = է 1000 գրամ”:
Այս օրերին առավել ցայտուն է ուրվագծվում ժողովրդի սոցիալական բևեռացումը. որոշ սուպերմարկետներում հերթեր են, իսկ նույն սուպերմարկետների առջև` դատարկ արկղեր ու ստվարաթուղթ հավաքող ծայրաստիճան չքավորներ, որոնք դրանցով ջեռուցում են իրենց բնակարանները, և դա նրանց գրեթե ամենօրյա զբաղմունքն է աշնան-ձմռան ամիսներին: Նկատվում են նաև խանութներում “դարանակալած” մուրացիկներ ու աղբարկղ քրքրողներ:
Գայանե Հովսեփյան






Facebook
Tweet This
Email This Post
