Իրանական քաղաքական շաբաթ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | December 24, 2010 12:14Անցնող շաբաթասկզբի ամենացնցող իրադարձությունն, անշուշտ, կրկին Սիստան-Բալուչեստան (Պակիստանին սահմանակից) նահանգի Չաբահար քաղաքի կույր ահաբեկչական պայթյուններն էին, որոնց ընթացքում շուրջ 40 մարդ զոհվեց ու այդքանն էլ վիրավորվեց: Նույն շրջանի հայտնի տեռորիստ (ամիսներ առաջ մահապատժի ենթարկված), «Ջունդոլլահ» մահապարտների ղեկավար Ռիգիի կողմնակիցները ստանձնեցին ահաբեկչությունը, որը կատարվեց սգո թափորի խառնամբոխի խիտ շարքերում: Այս առթիվ Իսլ. խորհրդարանի Ազգ. անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին խիստ արձագանքեց` ընդգծելով, որ այս կարգի ահաբեկչական արարքների ակունքը գտնվում է սահմանից այն կողմ և պահանջեց, որ տվյալ սահմանի արգելափակման աշխատանքներն արագ տեմպերով կանոնավորվեն: Մյուս կողմիցª ոստիկանական հրամանատարության տեղակալ Ռադանը հայտնեց, որ նահանգի սահմանային շրջանի կարևոր հատվածը արդէն իսկ արգելափակված է, իսկ մնացյալի համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորումը, որպեսզի ամբողջովին անվտանգությունը ապահովվի սահմանային այդ շրջանում: Հատկանշական երևույթն այս հարցում, ինչպես միշտ, հետևյալն էր. «ջունդոլլահ»-ականները սյուննի ծայրահեղական աղանդից են, որոնք իբր կրոնական հերթական հաշվեհարդարի են դուրս գալիս շիա աղանդի հետևորդների դեմ, որոնք իրենց կրոնական մեծագույն սուգի` «Թասուա-Աշուրա»-ի օրվան իսկ թիրախ են դարձել մահապարտային ահաբեկչության: Այս վարկածը, անշուշտ, թե° շիա, և թե° սյուննի աղանդի կրոնապետերի կողմից հերքվել ու մերժվել է…
Ներքին, առավել ևս սոցյալ-տնտեսական, սպասված թոհուբոհը, անկասկած, հանդիսացավ Ահմադինեժադի կառավարության «նպատակային սուբսիդավորման» օրինագծի գործարկման մեկնարկը, որն ի հեճուկս բազմապիսի հակադրությունների, ի վերջո, ի կատար ածվեց: Օրինագիծը (այժմ արդեն օրենքի ուժ ստացած) ընդգրկում է երկրի մակարդակով տնտեսական ողջ համակարգի մեջ փոփոխությունների բազմոլորտ փաթեթներ, որոնք կարելի է ասելª ժամանակակից կդարձնեն բանկային, առևտրային, եկամտային, գնողական կարողությունների, էներգակրային ռեսուրսների օգտագործման կարելիությունները, և մեկ խոսքովª սոցյալ-տնտեսական համընդհանուր վիճակը կդնեն արդար հիմքերի վրա, թեպետ կարճաժամկետում բացառված չեն լինելու սղաճի, թանկացումների հանգամանքները, որոնք կառավարության ծրագրածի համաձայնª այնպես են վերահսկվելու, որ կտրուկ և ցնցումնային իրավիճակներ չառաջանան: Արդար հիմքերը, սակայն, լինելու են այն, որ ժողովրդական պարզ լեզվով ասածª երկրի հարստությունը, ըստ նույն «նպատակային սուբսիդավորման», բաշխվելու է հասարակական լայն խավերի մեջ`համապատասխան եկամուտների. այսինքնª համեստ եկամուտ ունեցող խավերին սուբսիդային օգնություններն ավելի են հատկացվելու, քանª բարձր եկամուտ ունեցողներինը, որոնց համար, ասենք, ոչ մի նշանակություն էլ չունի բենզինը 400 թումանով թե 700 թումանով օգտագործելն ու նույն տրամաբանությամբª մյուս կենսամթերքների համար վճարելիքը: Մեկ բան, սակայն, հստակ էª այս ծանրակշիռ, բայց համարձակ տնտեսական հոլովույթը, ըստ տնտեսագետների, անխուսափելի էր. չէ՞ որ պետական եկամուտներով լոկ տնտեսական սուբսիդային միակողմանի քաղաքականությունը դեռևս սրանից քառասուն տարի առաջ (70-ական թթ.) ժամկետանց ու սպառված քաղաքականություն է եղել: Այնպես որ Իրանի կառավարությունը, ի հաշիվ ապագայ սերունդների, թեպետ ուշացած, բայց տնտեսական ճշգրիտ ուղղություն է որդեգրել, որը մեկնարկից իսկ վայելում է ժողովրդական լայն խավերի համակրանքը: Մնում է միայն Իրանի տնտեսա-հասարակական, մշակութային ու, ինչու չէ, քաղաքական (ներքին թե արտաքին) առանձնահատկությունները, պետական թե ազգային շահերի նկատառումով, պատշաճեցնել այդ ընդհանուր գործընթացին, որպեսզի երկիրը թևակոխի զարգացման ու կայունության նոր հանգրվաններ:
* * *
Քաղաքական ներքին թե արտաքին դաշտում կարելի է տեղադրել ԻԻՀ արտգործնախարար, փորձառու դիվանագետ Մանուչեհր Մոթթաքիի, մեղմ ասած, պաշտոնազրկումը, երբ դեռ աֆրիկյան Սենեգալ երկրում գտնված պահին է իմացել (ոմանց ասությամբª Սենեգալի նախագահն է Մոթթաքիին իրազեկել վերջնիս պաշտոնից ազատվելու մասին) այդ մասին: Սա ինքնին հիմք է ծառայել քաղաքական շրջանակների ու հատկապես օրենսդրականների համար, որպեսզի խիստ քննադատաբար վերաբերվեն «նախագահի միջազգային նորմերին հակասող» քայլին… Մինչ այդ, սակայն, ոչ այնքան բարձրաձայն, բայց շշուկներ կային, որ նախագահը սրանից դեռ մեկուկես տարի առաջ (նախագահական 2-րդ շրջանից սկսյալ) մտադիր է եղել նոր դիվանագետով փոխարինել արտաքին դիվանագիտության գերատեսչին, բայց որոշ հանգամանքներ դա հետաձգել են: Նաև կա այն կարծիքը, որ ինքը` Մոթթաքին, այնքան էլ գոհունակ չի եղել նախագահականին կից խորհրդականների այն պահվածքից, որով վերջիններս հաճախ «միջամուխ» էին դառնում արտաքին քաղաքականության և հատկապեսª գերատեսչությանը վերապահված քայլերին ու դիրքորոշումներին…
Ինչևէ, Մոթթաքիին այժմ փոխարինել է Ատոմական էներգիայի կազմակերպության նախկին նախագահ Սալեհին, առայժմ որպես ԱԳՆ-ի գերատեսուչ-պատասխանատու. դրանով երևի ամեն ինչ ասված է. Իրանի և մասնավորապես նախագահ Ահմադինեժադի անտեղիտալի կեցվածքի շարունակումª ատոմային թղթածրարի շուրջ դեռ գալիք թեժ բանակցություններին ընդառաջ, որոնց հերթական փուլը հունվարի վերջերին կայանալու է Թուրքիայում: Իսկ առաջիկա օրերին նախագահ Ահմադինեժադը նորանշանակ գերատեսչի ընկերակցությամբ Թուրքիա է մեկնելուª ԷԿՕ-ի գերաստիճանին մասնակցելու համար:
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր







Facebook
Tweet This
Email This Post
