Թբիլիսիի հայկական թատրոնը Հայաստանում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 29, 2009 18:11

Հուլիսի 26-31-ը Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը  մի քանի ներկայացումներ կբեմադրի Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում:

«Պատրաստել ենք 5 ներկայացումներ՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Սայաթ-Նովայի «Աշխարհումըս իմըն դուն իս», Ռ. Կունիի «Փախիր կնոջիցդ», Գ. Խանջյանի «Ավերակների պահակներ» և  Հ.Պարոնյանի «Պաղտասար Ախպար»»,-ասում է  Թբիլիսիի`Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

153 -ամյա թատրոնում աշխատում են 35 երիտասարդ դերասան- դերասանուհիներ: Թատրոնին կից գործում է թատերական ստուդիա, որտեղ ուսանում են երիտասարդներ: Թատրոնում այժմ աշխատում է 4 ռեժիսոր, որոնցից երկուսը երիտասարդ են:

«Մեր Հայաստան գալուն աջակցել են Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունները, օգնել է նաև Հայաստանի սփյուռքի նախարարությունը»,- ասում է Բայանդուրյանը, ով  թատրոնը ղեկավարում է արդեն 15 տարի:

Թբիլիսիում հայկական թատրոնը հիմնադրվել է 1856թ-ին` Գևորգ Չմշկյանի կողմից:  «Աջի Սուլեյման»-ը եղել է Թբիլիսիի հայկական թատրոնի առաջին բեմականացումը: 1922թ.-ից մինչև 1936-ը` այժմյան շենքի կառուցումից առաջ, թատրոնը կոչվել է  «Արտիստիկ թատրոն»: Նոր շենքի կառուցումից հետո թատրոնը կրել է Ստեփան Շահումյանի անունը: Այս թատրոնում են խաղացել հայ ականավոր դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը:

Թբիլիսիի հայկական թատրոնը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում: Այժմ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը Թբիլիսիի գլխավոր մշակութային-հասարակական կենտրոնն է:

Թբիլիսիի թատրոնի ստեղծագործական կազմը թատրոնի 150-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայաստանի «Մովսես Խորենացի» շքանշանով:

Թատրոնի անձնակազմը գրեթե ամբողջությամբ հայերից է կազմված, համագործակցում են մի քանի վրացի մասնագետների հետ, այդ թվում՝ բեմադրիչ Ռոման Մաթիաշվիլու:

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply