«Սոցիալական ցանց» ցանցից դուրս

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 10, 2011 0:59

2010 թ. աշնանը  համաշխարհային կինովարձույթ թողարկվեց “Սոցիալական ցանց” (The Social Network) ֆիլմը: Այլ կերպ այն անվանում են “ֆիլմ Facebook-ի մասին”` մասամբ հիմնված Բեն Մեզրիչի “Պատահական միլիարդատերերը”  գրքի վրա:

Ֆիլմի սցենարիստն է Աարոն Սորկին, ռեժեսորը` Դեվիդ Ֆինչերը, որ կինոաշխարհին հայտնի է իր այսպես կոչված ֆիլմ- լեգենդների շնորհիվ, ինչպիսիք են “Յոթը”,  “Խաղը”,  “Զոդիակ”,  “Բենջամին Բատտոնի պատմությունը”: Մարկ Ցուկերբերգի դերում հանդես է եկել ոչ պակաս հայտնի Ջես Էյսենբերգը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հարվարդի համալսարանում, երբ 2004 թ. հանրակացարանի սենյակներից մեկում երիտասարդները որոշում են ստեղծել լայնածավալ online տարածություն` նախատեսված Հարվարդի ուսանողների համար:  Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվում, այլ հասնում է մինչև մեր օրերը` պատմելով թե ինչպես  Facebook սոցիալական ցանցը,  Հարվարդի սահմաններից դուրս գալով, այսօր ունի մոտ 500 մլն բնակիչ:

Ֆիլմի համար առանցքային է “Դու չես կարող 500 միլիոն ընկեր ունենալ առանց թշնամիներ ձեռք բերելու”  կարգախոսը, որքանով որ այն կարելի է այդպիսին համարել: Հսկայական նախագիծ, որն իր հետ բերելու է փող,  դավաճանություն, խաբեություն, հանճար, դրա հետ մեկտեղ պատրանքներ` թե՛ մարմնավորված, թե՛ օդում մնացած: Պատմություն  այն մասին, թե ինչպես երկու մտերիմ ընկեր ստեղծեցին մի բան, որը  “ընկերացրեց”, մի տեղ հավաքեց միլիոնավոր մարդկանց և միաժամանակ դարձավ հենց այդ երկուսի ընկերության խզման պատճառը:

Մեզ համար սովորական, առօրյա և նույնիսկ անհրաժեշտ դարձած Facebook-ի հետևում իրականում ի՞նչ պատմություն է թաքնված: Այս հարցի պատասխանը գուցե կարողելի է գտնել Ֆինչերի Ֆիլմում:

“Ինձ անհրաժեշտ է ինչ-որ ձևով ուսանողական խորհուրդների ուշադրությունը գրավել, դրանք միայն իրենց համար են, դա մեծ հնարավորություններ է ընձեռում: Ինտերնետում մարդիկ ուզում են շփվել ընկերների հետ, և պետք է ստեղծել այնպիսի վեբ-կայք, որտեղ դա հնարավոր է: Պետք է համալսարանի ողջ անցուդարձը տեղափոխել online ռեժիմ”: Այս մտորումներն են մղում Մարկ Ցուկերբերգին ձեռնարկել Facebook- ստեղծումը: Նաև, չխախտելով բարի ավանդույթները, իր լուման ներդրեց նաև Մարկ Ցուկերբերգին լքած ընկերուհին:

“Սոցիալական ցանց” արտահայտությունը երևի թե ամենագործածականն ու հարմարն է դարձել գլոբալացման համատեքստում, ու թեև ինքնին ակնհայտ և սովորական է դրա գոյությունը, հենց գլոբալացումն է պայմանավորում կամ հնարավոր դարձնում դրա առկայությունը:

Facebook-ը, ստեղծվելով ընդամենը վեց տարի առաջ, 2010 թ. դրությամբ  սոցիալական ցանցերի առաջատարն է: Միայն այս փաստը ուշադրության է արժանացնում և ակտուալ դարձնում այս թեման: Ըստ էության, Facebook սոցիալական ցանցը առաջին խթաններից էր, որի արդյունքում առաջացան բազմաթիվ երիտասարդների բնակության վայր դարձած սոցիալական ցանցեր:

Ակտուալ այնքանով, որ տեղիք է տալիս ոչ միայն խոսակցությունների, լուրջ և անլուրջ հոդվածների, քննարկումների, այլև` ֆիլմի: Այն կարծես պատմական ակնարկ լինի ողջ դարաշրջանի համար, երևույթ, որը մի քանի տարվա կյանք ունի, սակայն շատ ավելի խորն ու ամուր է սերտաճել հասարակությանը, քան որևէ դարավոր ավանդույթ: Իսկ ի՞նչ է Facebook-ը, գուցե այն բանի արդյունք, ինչ հասկացել է Ցուկերբերգը. այն է` հաճախ ավելի հեշտ է ծանոթություն հաստատել, երբ պատկերացում չունես, թե դիմացինդ ով է, շփվել ընկերներիդ հետ, երբ ամեն պահի ձանձրանալու դեպքում կարող ես offline լինել, և ավելի հեշտ է հաճախ պարզապես “I like it” կոճակը սեղմել, քան երկար-բարակ մտածել ու կարծիք հայտնել: Բառացի “դեմքերի գրիք”, որում մարդիկ ուզում են ոչ միայն նոր ծանոթություններ ձեռք բերել, այլև տեսնել արդեն իսկ ծանոթ դեմքեր:

“Facebook” ասելով` կարելի է հասկանալ ամեն ինչ միաժամանակ` առանց հաշվի առնելու սոցալական, տարիքային, սեռական, տնտեսական դիրքը: Կարծես սոցիալական ուտոպիայի վերամարմնավորված մի նոր մոդել լինի: Ամենապարզ օրինակը. պարադոքսալ կարող է թվալ, որ Facebook-ում աշխատանք կարելի է գտնել ավելի արագ, քան դիմելով համապատասխան վայր, կամ փոքր բիզնես- գործնեություն ծավալել: Միաժամանակ, ինչպես նշեցինք վերը, ազատ միջբնագավառային հաղորդակցության խոչընդոտներ չկան, թվում է թե` դրա բացակայության շնորհիվ, բայց այնուանեմայնիվ հենց դա է կապի եզրեր ստեղծում: Օրինակ` Facebook-ում  գրանցվելու համար ցանկալի է նշել տարիքը, մասնագիտությունը, հետաքրքրությունները, քաղաքական և կրոնական հայացքները (տեղիք տալով նաև կեղծիքի), նույնիսկ չնշելու դեպքում, միևնույն է, դրանց արդյունքը իրենց հետքը կթողնեն ձեր “պատի” վրա: Սա էլ կարող եք համարել ցանցերի գրավչության մի մասը. լինելով թվացյալ անոնիմ` ինքնաբերաբար հայտնվում ես բաց, անպաշտպան վիրտուալ տարածության մեջ:

Թեև Ֆինչերի Ֆիլմը չի հավակնում այսպեսի թեմաների շոշափմանը, ակամա անդրադառնում ես ինքնին սոցիալական ցանցերի գործառույթին:

Հանճա՞ր է Ցուկերբերգը,  թե՞ ոչ, իր մտահղացո՞ւմն էր, թե՞ գողացված միտք, ի՞նչ մղումներ և նպատակներ էին թաքնված այդ ամենի հետևում, ինչպե՞ս կարճ ժամանակում նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդաատերը: Սրա` ցանցի երևույթի մասին է Ֆինչերը խոսում, բայց ինչքանո՞վ է դա համապատասխանում ճշմարտությանը: Որոշ կայքեր հայտնում են, որ Ցուկերբերգը ժխտել է պատմության հավաստի լինելը` այն ավելի քան խեղաթյուրված համարելով: Բացի դրանից, Facebook-ի աշխատակազմից ոչ ոք չի համաձայնվել նկարահանվել ֆիլմում:

Շուտով հայ հանդիսատեսը, որը ոչ պակաս է ներգրավված սոցիալական ցանցերում, հնարավորություն կունենա սեփական կարծիքը կազմելու և համապատասխան եզրակացությունների գալու “Սոցիալական ցանց”  ֆիլմի վերաբերյալ:

Սոնա Հովհաննիսյան

Դիտվել է 2385 անգամ:
Print Friendly

Leave a Reply