«Սիվիլիթասը» որոշակի միջավայր փոխելու խնդիր ունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 8, 2011 0:59

Անկախի» հարցազրույցը «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ

Ժամանակին, երբ ստեղծվեց «Սիվիլիթաս» հիմնադրամը, ձևավորվեց այն մտայնությունը, որ հիմնադրամի անվամբ քողարկվելով` ստեղծվում է քաղաքական մի նոր ուժ: Այդ մտորումները, ըստ էության, դեռ չեն վերածվել գործողության: Այս պահի դրությամբ հիմնադրամն ինչո՞վ է զբաղվում:

– Նախ ասեմ` քաղաքական չի նշանակում կուսակցական, այսինքն` եթե ենթադրություն կար, որ հիմնադրամի հիմնադիրը` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, այն պետք է դարձնի  քաղաքական ամբիցիաների ինչ-որ գործիք, ապա դա, փաստորեն, թյուր հասկացողություն է: Պարոն Օսկանյանն այս հիմնադրամը հիմնեց, և մենք աշխատում ենք այս հիմնադրամում, որովհետև հավատում ենք, որ Հայաստանում պիտի քաղաքացիական հասարակությունը հզորանա, որպեսզի դառնանք ուժեղ, կայուն հասարակություն, քաղաքական միավոր, երկիր, հանրապետություն, պետություն: Մենք այդ գործունեությունն անում ենք:

Հատկապես կմանրամասնե՞ ք, թե ձեր հիմնադրամը մեր իրականության մեջ ժողովրդավարության զարգացման հարցում ինչպիսի ծրագրեր ունի:

– Մեր ծրագրի այդ հատվածը դիտմամբ ենք անվանել «Ժողովրդավարություն և զարգացում», քանի որ այդ երկուսը միասնական են:  «Զարգացում» ասվածի հովանու տակ ունենք գյուղական ծրագրեր, որովհետև մենք աշխատում ենք յուրաքանչյուր ընտանիքի հետ տարբեր համայնքներում, որտեղ գյուղացուն օգնում ենք, որպեսզի նա կարողանա կազմել ինքնաբավ տնտեսություն և այդ ձևով դառնա ինքնաբավ  քաղաքացի: Այդ կերպ կարող ենք միայն ակնկալել, որ մեր համայնքները կդառնան հասարակության ակտիվ մաս: Մեր այս բոլոր ծրագրերը մաս են կազմում ժողովրդավարության գործընթացներում: Ժողովրդավարության մասով անում ենք տարբեր բաներ: Կայք ենք ստեղծել, որի միջոցով ուզում ենք հայելի դառնալ այն գործունեության, որ մեր հասարակական կազմակերպությունները կատարել են, և առիթ տալ, որ   հասարակական կազմակերպությունները կարողանան իրենց գործունեության շրջանակները ընդլայնել, կարողանան ինքնուրույն իրենց նպատակները պահպանել, ֆինանսավորել ու անել:

Ձեր հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների աղբյուրները որտեղի՞ց են:

– Դրանք երկու կարգի են: Մենք ունենք անհատ դոնորներ, որոնց նվիրատվությունների շնորհիվ մեր ամենօրյա ծախսերն ենք հայայթում: Բացի սրանից, ունենք համագործակիցների մի շարք, որոնց հետ տարբեր ծրագրեր ենք իրագործում: Դոնորների մեծ մասը սփյուռքահայեր են, հատկապես նրանք, ովքեր մեծ չափերի գումարներ են ներդնում:

Իսկ Հայաստանում ապրող մեծահարուստները, օլիգարխները ձեր հիմնադրամի գործունեության մեջ մասնակցություն ունե՞ն:

– Ոչ (ծիծաղում է-Գ.Մ.): Բայց տարբեր կոմերցիոն կազմակերպություններ տարբեր ծրագրերում օգնում են:

Այժմ շրջանառվում է մի տեղեկատվություն, համաձայն որի` «Սվիլիթասը» վաղ թե ուշ վերածվելու է քաղաքական ուժի և մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

– Ի պաշտոնե իրավասու եմ ասելու, որ այդպիսի բան չկա: Ոչ:

Այդ դեպքում ի՞նչ հիմքեր կան այդօրինակ խոսակցությունների: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ հիմնադրման ձևավորման օրից այն ընկալվում է որպես հակադիր ուժ ձևավորված գործող իշխանությանը:

– Մի քանի հարցադրումներ կարելի է անել: Նախ` Հայաստանում ամեն մի լուր, նորություն սահմանափակված է ընդհանրապես քաղաքական ուժերի գործունեությամբ, այսինքն` մարդիկ ենթադրում են, որ եթե լուրջ մարդ ես, ուզում ես լուրջ գործ դնել, պետք է մի կուսակցություն հիմնես, և միայն այդ միջոցով կարելի է ինչ-որ բան անել: Մենք հավատում ենք, որ կարելի է քայլ առ քայլ, կտոր առ կտոր, գյուղ առ գյուղ, միջոցառում առ միջոցառում մարդկանց մտածելակերպի, գործունեության, կյանքի ուղու վրա ազդել այն իմաստով, որ հասարակության մեջ կարողանանք միջավայրը փոխել: Եվ սա կարևոր փորձ է: Մենք ենթադրում ենք հաճախ, որ փոփոխությունը պետք է գա միայն վերևից, մի օրվա ընթացքում: Այդպես չէ: Փոփոխությունը գալիս է ներքևից, և մարդիկ երբեմն դժվարությամբ են հավատում, որ մենք պատրաստ ենք երկարաժամկետ գործունեության համար: Եվ դա այնպես չէ, որի արդյունքը մենք չենք տեսնելու, տասնչորս համայնքներում արդեն արդյունք ենք տեսնում:

Հիմնադրամն արդեն իր դիրքորոշումն ունի՞, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու, ինչ գործունեություն է ծավալելու:

– Մենք հիմնադրամ ենք, քաղաքական, կուսակցական գործով չենք զբաղվում: Նորից եմ ասում` հասարակության հզորացման գործն արվում է հասարակության տարբեր շերտերի` ուսանողների, հասարակական կազմակերպությունների, գյուղերի միջոցով: Միայն ընտրությունից-ընտրություն չեն փորձում երկիրը փոխել: Ընտրությունները շատ կարևոր են, և քաղաքական ուժերն այնտեղ շատ պարտականություններ և պարտավորություններ ունեն, որպեսզի մեր այս միջավայրը փոխվի: Բայց դա մեր պարտականությունը չէ: «Սիվիլիթասն» ի սկզբանե որդեգրել է ուրիշ նպատակներ, և աշխատում ենք այդ նպատակներով: Հավատում ենք, որ վերջ ի վերջո միևնույն ընդհանուր քաղաքական, սոցիալական միջավայրի խնդիրները պետք է փորձենք լուծել: Բայց մեր հիմնադրամը որևէ մասնակցություն չի ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Ունե՞ք վիճակագրություն, թե մեր հասարակությունը ձեր հիմնադրամին ինչպես է վերաբերվում այս պահի դրությամբ, սոցոլոգիական հարցումներ անո՞ւմ եք:

– Ոչ, չենք անում: Մենք կարող ենք դատել առկա արձագանքների  հիման վրա, որ կա հետաքրքրություն մեր հասարակության մեջ, կա ծարավ ինչ-որ բաց միջավայրի, որտեղ քննարկվում են արդիական հարցեր, որոնք, իրոք, բոլորին են մտահոգում: Մենք այդ միջավայրն ենք: Երբ քնարկում ենք անցկացնում, միայն փորձագետներին չենք հրավիրում, դա չի դառնում ստանդարտ քննարկում մի քանի հոգու համար: Բաց է բոլորի համար, ցանկացած մարդ մտնում է, կարծիք հայտնում: Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ յուրաքանչյուրի կարծիքը լսելի լինի, և կարծիք հայտնելու գործողությունը լինի պարզ, թափանցիկ, հիմնավորված:

Ձեր հիմնադրամին գոհացնո՞ւմ է մեր երկրում ստեղծված այսօրվա հասարակական, քաղաքական, տնտեսական իրավիճակը:

– Չէ: Ենթադրում եմ` ցանկացած երկրում գործող մեզ նման կազմակերպությանը նման հարց տալու դեպքում կհնչեր` չէ, որովհետև միշտ ուզում ենք ավելի լավը: Մեր պարագայում ուղղակի ուզում ենք շատ ավելի լավը, քան այն, ինչ ունենք այսօր: Դրա համար էլ մենք վերցրել ենք մեզ վրա պարտականություններ` անելու այն, ինչ կարող ենք անել և օգնելու, գործակցելու նրանց հետ, ովքեր անում են այն, ինչ կարող են:

Զրույցը վարեց Գարիկ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հ. Գ. Շուտով կհրապարակվի «Սիվիլիթասի» հերթական, ամենամյա դարձած, թվով երրորդ զեկույցը, որը, ըստ հիմնադրամի, այս անգամ ևս բոլոր ոլորտներում արտացոլելու է այն վիճակը, որում գտնվում է հանրապետությունը: Ի դեպ, «Սիվիլիթասի» անցած տարվա «Հայաստան 2009» զեկույցը վերնագրված է «Խոստումներ և իրականություն», իսկ թե այս տարի այն ինչպես կվերնագրվի, հիմնադրամում դեռևս չեն կողմորոշվել:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply