Պատասխան նամակ բրիտանական «Մաքմիլան» հրատարակչության գլխավոր խմբագրի երկրորդ նամակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 25, 2010 15:05Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր պահանջները և պատրաստակամություն հայտնեցիք որոշ շտկումներ կատարել:
Դուք գրել եք, որ մտադրություն չեք ունեցել վիրավորել որևէ անհատի կամ խմբի և միտումնավոր հրատարակել որևէ խեղաթյուրված տեղեկություն, և համոզմունք եք հայտնել, որ չեք էլ հրատարակել այդպիսի տեղեկություն:
Մեզ համար զարմանալի է, որ այդպես էլ չեք ընդունում իրական փաստերը և դեռ կարծում եք, որ ճիշտ եք: Չէ՞ որ մենք պաշտոնական տեղեկատվություն ենք ձեզ ներկայացնում, ոչ թե մեր ցանկությունները:
Լեզուն
Այո, պետք է գրված լինի «Հիմնական լեզուն` հայերեն»:
Շնորհակալ ենք, որ արդեն փոխել եք լեզվի վերաբերյալ նշված ապատեղեկատվությունը: Սակայն կրկին Ձեր նամակում թույլ եք տվել նույն սխալը` նշելով. «Այլ լեզուների մասին չի նշվի, քանի որ այդքան տեղ չկա, որ նշվեն բոլոր լեզուները (եզդիերեն, քրդերեն, ադրբեջաներեն և ռուսերեն), որոնք միասին կազմում են բնակչության միայն 2%-ը»:
Կրկին շեշտում ենք` Հայաստանում ադրբեջանական փոքրամասնություն գոյություն չունի: Մեջբերում ենք պաշտոնական տվյալներ. Հայաստանի բնակչության ընդհանուր թիվն է` 3 213 011. հայեր-3 145 354, եզդիներ- 40 620, ռուսներ-14 660, ասորիներ -3409, ուկրաինացիներ-1633, քրդեր-1519, հույներ-1176, այլ-4640:
Նաև նշել եք, թե այդ ուղղումն անում եք, քանի որ ադրբեջանցիների մասին նշումը բացասական վերաբերմունք է առաջացրել հայերի մեջ: Ուզում ենք` հասկանաք, որ մեզ մոտ բացասական վերաբերմունք է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհին ներկայացվում է կեղծ տվյալներով: Այո, եթե Հայաստանում ադրբեջանցիներ լինեին, իհարկե իրավունք ունեիք նշելու:
Կրոնը
Կրկին շնորհակալ ենք, որ պատրաստվում եք ուղղել կրոնի վերաբերյալ նշված սխալ տեղեկությունը: Նորից ենք նշում, մեզ` հայերիս համար վիրավորականը ոչ թե կրոնն է, ինչպես դուք եք նշել, այլ սխալները:
Դուք գրել եք. «Գրքում տեղ են գտնում ոչ միայն հիմնական, այլև փոքրամասնությունների կրոնները: Հայկական առաքելական օրթոդոքս կրոնի ներկայացուցիչները կազմում են Հայաստանի բնակչության 95%ը: Համաձայն եմ իմ փորձագետ խորհրդականների հետ, որ Շիա իսլամը փոքրամասնությունների մեջ ամենամեծ թիվն է կազմում, սակայն կրկին բնակչության 2%-ից էլ քիչ մասը»:
Մենք չգիտենք, թե Ձեր փորձագետներն ինչ աղբյուրներից են օգտվել, սակայն կրկին հարկ ենք համարում հիշեցնել Հայաստանի բնակչության վերը նշված պաշտոնական տվյալները:
Նշված փոքրամասնություններից միայն քրդերն են իսլամ դավանում, այն էլ` ոչ շիա ուղղությունը: Իսկ ինչպես տեսնում եք, քրդերի թիվը Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 1633 է:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու անվանմանը, այո, մենք այն անվանում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, սակայն արտասահմանում այն նաև անվանում են Հայ առաքելական ուղղափառ: Ուստի չենք պնդում, որ փոփոխություն անեք:
Լեռնային Ղարաբաղ
Այո, հանրագիտարանում գրված է՝ «ադրբեջանական տարածք` հիմնականում հայաբնակ», և մենք հենց դրա հետ համամիտ չենք:
Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, սակայն եթե այդ փաստով չեք առաջնորդվում, ապա կրկին իրավունք չունեք նշելու` ադրբեջանական տարածք, քանի որ այդ հարցն այժմ վիճելի է:
Ի դեպ, նույն հանրագիտարանում Ադրբեջանին վերաբերող հոդվածում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել եք` որպես վիճահարույց տարածք. կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ Հայաստանի հոդվածում էլ այդպես նշել և ոչ թե գրել` ադրբեջանական տարածք:
Հուսով ենք, այս անգամ մեր փաստարկների հետ համամիտ կլինեք:
Հարգելի տկն Բրերեթոն, մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե երբ են հանրագիտարանում կատարվելու վերոնշյալ փոփոխությունները: Դուք նշել եք, թե փոփոխություններ կանեք, եթե հասցնեք, քանի որ արդեն բավականին ուշ է առաջիկա հրատարակության մեջ փոփոխություններ անելու համար:
Խնդրում ենք հստակ նշեք, թե երբ է լույս տեսնելու հանրագիտարանի հաջորդ համարը, և արդյոք այդ տարբերակը լույս կտեսնի՞ փոխված տվյալներով:
Ուզում ենք նաև տեղեկացնել, որ դեկտեմբերի 15-ին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի մեծ երթ էր կազմակերպել: Հարյուրավոր երիտասարդներ` «Հերքե՛ք կեղծիքը», «Մի՛ խեղաթյուրեք փաստերը» և այլ պաստառներով գնացին դեպի Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպանատներ և նամակներ հանձնեցին դեսպաններին` խնդրելով միջամտել այս հարցի կարգավորմանը:
Նշենք, որ բնավ մտադիր չենք հասարակության շրջանում ավելորդ լարվածություն ու թշնամանք առաջացնել, պարզապես անտարբեր չենք կարող մնալ` տեսնելով, թե ինչպես է աշխարհում Հայաստանը ներկայացվում կոպիտ սխալներով: Կարծում ենք` նման դեպքում դուք ևս անտարբեր չէիք մնա:
Մենք միայն ուզում ենք պաշտպանել ճշմարտությունը և ոչ ավելին, ինչին, վստահ ենք, դուք դեմ չեք:
Հարգանքով`
«Անկախ» շաբաթաթերթ
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն







Facebook
Tweet This
Email This Post
