Ի՞նչ է հայցային վաղեմությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 7, 2011 0:59

Մարդկանց հարաբերություններում լինում են դեպքեր, երբ մեկի կամ մի խմբի կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ վարքագիծ, որի հետևանքով խախտվում են այլոց իրավունքներն ու ազատությունները: Այս իրավիճակը ենթադրում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնում` դատական պաշտպանություն: Սակայն խախտված իրավունքների պաշտպանությունը պետք է կատարվի որոշակի ժամանակահատվածում, որը սահմանել է օրենսդիրը և կոչվում է հայցային վաղեմություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ  հոդվածի համաձայն` «հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը»: Հայցային վաղեմության ժամկետը իմպերատիվ կերպով սահմանում է, որ խախտված իրավունքների պաշտպանությունը հնարավոր է վերականգնել որոշակի ժամկետում, այլապես հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացիները շահագրգռված չլինեն արագ կերպով վերականգնելու իրենց խախտված իրավունքները: Չի բացառվում, որ քաղաքացին իր խախտված իրավունքների համար դիմի հինգ, տասը տարի անց:

ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է հայցային վաղեմության ժամկետների երկու տեսակ` ընդհանուր և հատուկ:

Ընդհանուր են համարվում հայցային վաղեմության այն ժամկետները, որոնք տարածվում են  ամեն տեսակի իրավահարաբերությունների վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ՀՀ քաղ. օր.-ի 332-րդ հոդվածի համաձայն` «հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է»: Իսկ 333-րդ հոդվածի համաձայն` «պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կարճ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ»:

Հայցային վաղեմության ժամկետը կիրառելու համար գործնական նշանակություն ունի դրա սկիզբը ճիշտ որոշելը: Քաղ. օր.-ի 337-րդ հոդվածի համաձայն` «հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով»: Ընդ որում, դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Կյանքում քիչ չեն դեպքերը, երբ, որոշակի հանգամանքներով պայմանավորված, իրավունքը խախտված քաղաքացին բաց է թողնում հայցային վաղեմության ժամկետը: Հարց է առաջանում. հնարավո՞ր է վերականգնել այդ ժամկետը: Այս հարցի պատասխանը տալիս է քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը. «Բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից՝ վաղեմության ժամկետի ընթացքում»:

Չնայած հայցային վաղեմության ինստիտուտի չափազանց կարևոր նշանակությանը` այդ ինստիտուտի ուժը չի տարածվում օրենքով նախատեսված որոշակի պահանջների նկատմամբ: Այսինքն` կան իրավունքներ, որոնք պաշտպանվում են օրենքի ուժով` անկախ ժամանակից: Քաղ. օր.-ի 344-րդ հոդվածում նախատեսված է այն իրավունքների ոչ լրիվ ցանկը, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում.

1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա:

Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.

4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).

5) սեփականատիրոջ՝ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.

6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 5987 անգամ:
Print Friendly

Leave a Reply