Տրանսպորտի և կապի նախարարն ամփոփում է տարին
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | December 24, 2010 15:39
Անցնող տարվա ընթացքում ՀՀ-ում վերանորոգվել է 350 կմ երկարությամբ ճանապարհ, որից 224 կմ-ը ներգրավված վարկային միջոցների հաշվին, իսկ 126 կմ-ը` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Այս մասին այսօր հայտարարեց Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` ամփոփելով 2010-ը:
Նախարարը նշեց, որ 2010—ին պետական նշանակության 3300 կմ ճանապարհների, նաև տրանսպորտային օբյեկտների պահպանման և շահագործման նպատակով իրականացվել է 2,52 մլրդ դրամի ծախս:
Տարվա ընթացքում հիմնանորոգվել են նաև 8 կամուրջներ: Նախարարի գնահատմամբ անցողիկ տարին հարուստ էր ճանապարհային աղետներով. բնածին և տեխնածին աղետներից վնասվել է 44 ճանապարհահատված:
Տարվա ընթացքում Ասիական բանկի ֆինանսավորմամբ վերականգնվել և շահագործման է հանձնվել նաև 89 կմ երկարությամբ ավտոճանապարհներ` Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում:
Վարդանյանը նշեց, որ ռուսական, չինական և իրանական կողմի, ինչպես նաև Ասիական բանկի հետ շարունակվում են բանակցությունները` Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու կառուցման համար ներդրումներ ստանալու ուղղությամբ: Նախարարը նշեց, որ մայրուղու 2-րդ հատվածի կառուցման նախագիծը ավարտուն տեսք կունենա արդեն գարնանը: Իսկ ըստ ծրագրի նախատեսվում է, որ շինարարությունը կտևի 6-7 տարի:
Նոր ժամկետ է սահմանվել ճանապարհների շինարարության հետերաշխիքային սպասարկման համար` նախկին մեկ տարվա փոխարեն երեք տարի: Նախարարի խոսքով` դա հնարավորություն կտա ունենալ որակյալ ճանապարհներ, քանի որ ճանապարահաշինարար ընկերությունը իր միջոցներից է վերականգնելու վնասված ճանապարհը երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում:
Ճանապարհաշինության բնագավառում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարին կից ստեղծվել է ճանապարհաշինարարների խորհուրդ:
Տարվա ընթացքում ստեղծվել և գործում է նաև «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը, որի հիմնական գործառույթն է ՀՀ-ում ձևավորել ընդհանուր միասնական երթուղային ցանց, ինչը կապահովի տրանսպորտային տարբեր տեսակների փոխհամագործակցումը:
Անդրադառնալով տաքսի ծառայությունների լիցենզավորմանը` նախարարը նշեց, որ 2010-ի ընթացքում լիցենզիա է ստացել 23 տաքսի ծառայություն իրականացնող ընկերություն և 459 անհատ ձեռնարկատեր:
Տրանսպորտային տեսչության իրականացրած ստուգումների արդյուքնում կանոնավոր փոխադրումներ իրականացնող երթուղիներում կազմվել է 523 ակտ, որով պետբյուջե է մուտքագրվել 22 մլն դրամ:
Անդրադառնալով կապի ոլորտին` Վարդանյանը նշում է որ Հայաստանում 100 տոկոսով գործում է 3G ծածկույթը , աշխատանքներ են իրականացվում 4G ստանդարտի տեխնոլոգիաների ներդրման և գործող համակարգերի տեխնիկական վերազինման մասով:
Հայաստանում ներկա դրությամբ կա ֆիքսված կապի 620 հազար բաժանորդ և բջջային կապի ծառայությունների 2 մլն 770 հազար բաժանորդ:






Facebook
Tweet This
Email This Post
