Վանաձորում երեկվա տեղատարափ անձրևի ընթացում դիտահորն ընկած 12-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 29, 2009 17:16

dsc08627Երեկ Երևանում և մարզերում անսպասելի հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ են պատճառել: Երևանի Զեյթուն համայնքում մարդիկ փորձում էին դատարկել բակերում լճացող ջրափոսերը, որոնց պատճառով խցանումներ էին առաջացել.փոքր մարդատար մեքենաները հազիվ էին կարողանում դուրս գալ փոսերից:

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից պատմում են, որ անձրևաջրերը լցվել են տան նկուղները, ուժեղ քամուց էլեկտրալարերը պոկվել են:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ջրաբերուկներով է  լցվել Սասունցիներ փողոցի սելավատարը, փակվել ջրի հոսքը, ինչի հետևանքով սելավաջուրը սկսել է հոսել Երևանյան և Չուխաջյան փողոցներով` լցվելով բնակելի շենքերի նկուղները: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի տրամադրած տեխնիկայի միջոցով սելավատարը բացվել է 80 տոկոսով, և ջրի հոսքը նվազել է: Աշխատանքները շարունակվում էին նաև այսօր առավոտյան:

Սելավաջրերից խցանվել է նաև քաղաքի մեկ այլ` Մարգարյան փողոցի սելավատարը, ջրերը լցվել են տնամերձ հողամասերը: Փրկարարների ձեռնարկած վթարավերականգնողական միջոցառումների արդյունքում սելավատարը մաքրվել է, վերականգնվել է ջրի հոսքը:

Իսկ Վանաձորի «1-03» ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` Սանկտ-Պետերբուրգի փողոցում ջրահեռացման դիտահորն է ընկել նույն փողոցի թիվ 53-110 տնակի բնակիչ, 1997թ. ծնված Նարեկ Լոռյանը, ում դուրս են բերել և մարմնի գերսառեցումով ու գլխի վնասվածքով տեղափոխել Վանաձորի  «Նարեկ» մանկական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը  միջին ծանրության է:

Սելավաջրերը ջրաբերուկներով լցրել են նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը` Փամբակ և Ձորագետավան համայնքների հատվածներում այն դարձնելով աներթևեկելի:

dsc08628Հայաստանի փրկարար ծառայության համաձայն` տեղացած հորդառատ անձրևը և ուժեղ կարկուտը մեծ վնաս են պատճառել նաև Ազնվաձոր և Շահումյան համայնքների բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներին և պտղատու այգիներին, իսկ «Շահումյանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի» կողքով հոսող գետակը դուրս է եկել ափերից, լցվել կենտրոնի նկուղը, մասամբ վնասել շենքի հիմքն ու կողային պատը: Դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները կենտրոնի գույքը  դուրս են բերել:

Շիրակի մարզում ևս կարկուտը մեծ վնաս է պատճառել Բագրավան, Սարակապ, Քարաբերդ, Սառնաղբյուր, Լանջիկ, Մարալիկ, Հայկաձոր և Լեռնակերտ համայնքների ցանքատարածքներին, Արագածոտնի մարզում էլ` Զարինջա, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սանգյառ, Նիգավան և Նոր Արթիկ համայնքների ցանքատարածքներին: Պատճառած վնասի չափերը դեռ ճշտվում են:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply