«Սնունդը ոչ թե անվնաս պիտի լինի, այլ օգտակար». Սեդրակ Մամուլյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | December 24, 2010 13:39

Ազգագրագետ Սոնիա Թաշչյանն ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպնման» ՀԿ-ի նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամլույանն այսօր լրագրողներին ներկայացրին ամանորյա հայկական սեղանի գաղտնիքներն ուառանձնահատկությունները:

Ըստ Թաշչյանի, հայկական ավանդական խոհանոցը շատ պարզ է, և իզուր են երիտասարդները խուսափում ավանդական կերակուրներ պատրաստելուց:

Մամուլյանն էլ հավելեց, որ հայկականը պարզ է, բայց աշխատատար, որը սակայն, իր խորհուրդն է ունեցել.

«Տոնական կերակուրը պատրաստելիս` մեկը երգել է, մեկը` պարել, մյուսն էլ` արտասանել,-ասաց Մամուլյանը,-այդ գործընթացը ևս տոն է եղել, որը ցավոք, այժմ վերացել է»:

Խոհարարն, առիթից օգտվելով, հորդորեց վերականգնել ավանդական կերակրատեսակների պատրաստումը կենցաղում: Ըստ նրա, ավանդական կերակուրներից հեռացել են, հատկապես, քաղաքներում.

«Մեր բոլոր գյուղերում, քիչ թե շատ, պահպանվել են ավանդական կերակուրները,-ասաց նա,-դա է պատճառը, որ գյուղի երեխան ավելի առողջ ու պինդ է, քան քաղաքինը: Դա հենց սննդի արդյունքն է, քանի որ նրա օրգանիզմի զարգացումն ավելի ճիշտ ու ավելի բնական է եղել»:

Լրագրողներին հետաքրքրեց, թե հայկական ավանդական կերակրատեսակների պահպանման «ջատագովներն» ինչ են դնելու իրենց տոնական սեղանին:

Թաշչյանն ասաց, որ իրենց սեղանին չի լինում խոզի բուդ, բայց պարտադիր լինում է հնդկահավ, ղափամա, պասուց տոլմա, պանրով հաց, աղանձ, տարեհաց և այլն:

Մամուլյանի ընտանեկան տոնական սեղանը ևս ավանդական է, որից նա մի հետաքրքիր բաղադրատոմս ներկայացրեց.

«Առաջարկում եմ պատրաստել  մեղրով, չամիչով, ընկույզով, ծիրանաչրով, սալորաչրով և դարչինով լցոնած հայկական արքայախնձոր` սերկևիլ, որը դրվում է ջեռոցում` 150 աստիճանից ոչ ավել ջերմաստիճանում և եփվում մոտ 45 րոպե: Վստահեցնում եմ, որ դա հիանալի աղանդեր է, որը կզարմացնի ու կհիացնի բոլոր հյուրերին»,-ասաց նա:

Թաշչյանն էլ առաջարկեց անպայման տարեհաց պատրաստել.

«1 բաժակ ձեթ, 1 բաժակ շաքարավազ, 5 բաժակ ալյուր և 1 բաժակ եռման ջուր: Այդ ամենը շաղելուց հետո մեջը լցրեք տարբեր տեսակի չրեր` մի քիչ փափուկ, իսկ վրան շաղ տվեք կտավատ, ապա դրեք ջեռոցը` չմոռանալով մեջը դնել նաև միչինգ` մետաղադրամ,  հոնի կորիզ կամ մեկ այլ բան»:

Ո՞րն է հայկական ամանորյա սեղանի գլխավոր ուտեստը հարցին Մամուլյանը պատասխանեց.

«Գլխավոր ու երկրորդական ուտեստ գոյություն չունի. կա նախուտեստ, հիմնական կերակուր, աղանդեր, որոնք հավասարապես կարևոր են»:

Մամուլյանը նաև նշեց, որ ամանորյա սեղանի ամենավտանգավոր կերակուրը խոզի բուդն է:

Իսկ ընդհանրապես, նա խորհուրդ տվեց բոլորին օգտվել տեղական, ազգային հումքից պատրաստված կերակուրներից, քանի որ օտար սնունդը կարող է օրգանիզմին չհարմարվել.

«Ճիշտ է, օրգանիզմն ընդունում է, և միգուցե անվնաս է: Բայց սնունդը ոչ թե անվնաս պիտի լինի, այլ օգտակար»,-նշեց նա:

Ի դեպ, ըստ Մամուլյանի, մարդու մոտ ամենաերկար պահպանվողը հոտի զգացողությունն է.

«Մարդն ամեն ինչ կարող է մոռանալ, բայց իրեն հարազատ համն ու հոտն ամենաուշն է մոռանում»,-ասաց նա:

Դիտվել է 3002 անգամ:
Print Friendly

Leave a Reply