Ավագանին հաստատեց Երևանի 2011 թվականի բյուջեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2010 13:32

Դեկտեմբերի 23-ին գումարվեց Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին  նիստը, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Օրակարգի գլխավոր հարցը Երևանի 2011 թվականի բյուջեի հաստատումն էր։ Այս, ինչպես նաև մնացած հարցերը, ավագանու կողմից ընդունվեցին միաձայն։
<<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության առաջարկով  փոփոխություններ կատարվեցին ավագանու  <<Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը սահմանելու մասին>> որոշման մեջ։ Ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի  թույլտվության տուրքերը սահմանվեցին գոտիականության  սկզբունքով`  նախկին երեքի փոխարեն Երևանը բաժանելով չորս գոտու։ Այս խնդրի հետ կապված` քաղաքապետը նշեց, որ հետագայում  տուրքերի դրույքաչափերը սահմանելիս պետք է նկատի առնել նաև առևտրային տաղավարների մակերեսները, որպեսզի փոքր կրպակն ու  սուպերմարկետն ստիպված չլինեն նույն գումարը վճարել։

Երևանի 2011թ. զարգացման ծրագիրը հաստատվեց որպես ուղեցույց` նկատի առնելով, որ այն գալիք տարվա ընթացքում կլրամշակվի։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որպես ռազմավարական ուղղություն, կարևորեց տրանսպորտային հայեցակարգի մշակումն ու ներդրումային միջավայրի բարելավումը։
Այնուհետև ավագանին հաստատեց Երևանի 2011թ. բյուջեն։ Նախագիծը  ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը։
Երևանի 2011թ. բյուջեի  եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ։ 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։ Երևանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է եկամտային մասը։ Հարկային մուտքերն ու սեփական եկամուտները ևս 14 տոկոսով ավելի են նախատեսված։

Երևանը պետք է համապատասխանի զբոսաշրջային քաղաքի չափորոշիչներին
Ամփոփիչ խոսքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ  մայրաքաղաքում փոփոխություններ կատարելու գործում ակնկալում է ավագանու աջակցությունը։

Քաղաքապետը խոսեց տնտեսությունում ներդրումներն ավելացնելու և զբոսաշրջությունը խթանելու մասին. <<Երևանը միակ մայրաքաղաքն է, որտեղ ամանորյա տուրիզմը գտնվում է զրոյական մակարդակի վրա։ Նոր տարվան որևէ զբոսաշրջիկ մեզ մոտ այցելելու ցանկություն չի հայտնում, որովհետև մինչև հունվարի 4-5-ը բոլոր հաստատությունները Երևանում փակ են։ Կան տուրիստական քաղաքի չափորոշիչներ, որոնց Երևանը պետք է անպայման համապատասխանի>>,- նշեց քաղաքապետը` ընդգծելով, որ քաղաքապետարանը, հիմք ընդունելով մայրաքաղաքի հեռանկարային զարգացումը, պետք է ունենա և գործարարներին ներկայացնի ներդրումային առաջարկների տարբեր փաթեթներ։ Կարեն Կարապետյանը հատուկ առանձնացրեց նաև առողջապահության և կրթության ոլորտները բարեփոխելու անհրաժեշտությունը։

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply