ՔՆՆԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ. ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՎՐԱ

ԿՐԹԱԿԱՆ | | May 29, 2009 10:34

knutyun-1Երևանի պետական համալսարանի ավարտական կուրսի ուսանողները մեկ պետական քննության համար այս տարի վճարելու են 500 դոլլար: Մանկավարժական և ագրարային համալսարաններում պետական երեք քննությունները գնահատվում են 100 000 դր: Բժշկական համալսարանում գինը կսկսվի 700 դոլլարից: Տնտեսագիտական համալսարանում յուրաքանչյուրը` 250 դոլար: Կաշառք կտան այն ուսանողները, որոնք ուսման ընթացքում չեն սովորել և չեն հասցնի պարապել: Նաև նրանք, ովքեր խիտ քննաշրջանում չեն հասցնում բոլոր առարկաները պատշաճ ձևով պարապել:
Ամենամոտավոր հաշվարկով միայն մանկավարժականում կաշառք կտա ավարտական կուրսի 60-70 տոկոսը:
Գումարը կկիսվի պետական մեկ քննության հանձնաժողովի անդամների միջև (կախված առարկայից` հանձնաժողովի անդամների քանակը տատանվում է 3-6-ի միջև): Անցյալ տարվա համեմատ` կաշառքի գները գրեթե չեն փոխվել և ճգնաժամը չի ազդել դրանց վրա:
Եթե գումարը միջնորդի միջոցով է հասնում դասախոսին, ապա կաշառքի չափն ավելանում է 10-20%-ով: Ավելացած գումարը միջնորդինն է:
Ուսանողները պատմում են իրենց տված կաշառքների մասին, սակայն չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն: Պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը պատմում է, որ ձմեռային քննաշրջանի ժամանակ անձամբ մոտեցել է դասախոսին և ողջ կուրսի կողմից 70 հազար դրամ է տվել: Ասում է, որ համալսարանի մասշտաբով բավականին «էժան դասախոս» էր: Կան դասախոսներ, որոնք մեկ ուսանողից են այդքան գումար վերցնում:
Գումարը կրկնապատկվում է, եթե քննության ես մտնելու երկրորդ անգամ` այսպես կոչված «լիկվիդի» (պարտքերի մարման օր) ժամանակ: Մի ուսանող ասում է, որ երբեմն նախընտրելի է քննության առաջին օրը գումար տալ և դրական ստանալ, քան ընկնել «լիկվիդ» ու ստիպված կրկնակին վճարել:
Մանկավարժական համալսարանում կիսամյակային քննությունների մինիմալ դրական միավորը գնահատվում է 15 հազար դրամ:
«Մի ծեր դասախոս ունեինք, որի ստուգարքը ստանալու համար յուրաքանչյուրս 500-ական դրամ հավաքեցինք,-պատմում է մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը մեկ տարի առաջ ավարտած Նունեն,- Իմացավ գումարի չափն ու ասաց` պոնչիկի փո՞ղ եք տալիս: Մենք էլ որոշեցինք` պոնչիկի չէ, մի կարգին հոթ-դոգի փող տալ ու 700 դրամ հավաքեցինք, բոլորիս նշանակեց ու երջանիկ գնաց»:
Կաշառքի մեկ այլ տարբերակ է, երբ դասախոսը գնահատականի դիմաց ստիպում է գնել իր գիրքը: Կաշառքի չափը կախված է նրանից, թե ինչքան է դասախոսը գնահատում իր գիտական աշխատությունը: Սովորաբար գրքի գները տատանվում են 2000-3000 դրամի միջև: Այդ գրքերի մեծ մասն ուսանողներին պետք չի գալիս, դրանք սովորաբար հայտնվում են գրապահարանների փոշոտ անկյուններում կամ ուսանողները նետում են աղբաման կամ էլ նվիրում են փողոցներում կանգնող գրավաճառներին:
Մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողներից մեկը պատմում է, որ քննության օրը դասախոսը գրասեղանին էր շարել իր գրքերը և հերթով վաճառում էր, ով չէր գնում` քննությունը չէր ստանում:
Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկն էլ, որն արդեն ավարտական կուրսում է, ասում է, որ քննության ժամանակ դասախոսը սկսել է հանդիմանել նրան, որ վաճառվող գրքերը չի գնել. «Այդպես այնքան տարավ-բերեց, մինչև գնեցի, հետո միայն նշանակեց»: Դասախոսներին հնարավոր է կաշառել ոչ միայն ուղղակի ձեռքի մեջ փող դնելով: Տնտեսագիտական համալսարանի անցյալ տարվա շրջանավարտներ Դավիթը և Արմենն ասում են, որ մի դասախոսի խաշ «պատիվ անելով» քննություն են ստացել:

Դիտվել է 2246 անգամ:
Print Friendly

Leave a Reply