Թբիլիսիի ռուս-հայկական դպրոցի 350 հայ աշակերտներից միայն 64-են հայկական դասարանում սովորում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2009 17:27

Այսուհետ ամեն տարի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի և Թբիլիսիի թիվ 131 ռուս-հայկական հանրակրթական դպրոցի աշակերտները 10-օրյա փոխադարձ այցելություններով կմասնակցեն դասերի Թբիլիսիում և Երևանում· երկու դպրոցների միջև հաստատվել են բարեկամական կապեր: Նախատեսված են նաև համատեղ մշակութային ծրագրեր:

Թբիլիսիի 131 դպրոցի ուսուցչուհի Մանանա Կարապետյանն ասում է, որ Վրաստանի հայկական դպրոցների հիմնական խնդիրն այն է, որ ճշգրիտ և բնագիտական գիտություններն ուսումնասիրում են վրացերենից հայերեն թարգմանած գրքերով, որտեղ կան լեզվական և այլ սխալներ: «Լավ կլիներ Հայաստանում տպագրված գրքերով իրականացվեր կրթությունը»,- ասել է Կարապետյանը:

Ըստ նրա` Թբիլիսիի 131 ռուս-հայկական դպրոցում զգացվում է հայերեն գեղարվեստական գրականության, հայ ժողովրդի և արվեստի պատմության ու ճարտասանության գրքերի կարիք, ինչի պատճառով հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադաներին վիրահայ աշակերտները բանավոր շատ ավելի վատ են շարադրում իրենց մտքերը, քան, օրինակ, իրանցի և սիրիացի հայ աշակերտները:

131 դպրոցը, ինչպես հաղորդում է «mindiaspora.am» կայքը, քաղաքի հայաշատ շրջանում է գտնվում· դպրոցի 460 աշակերտներից 350-ը հայ են, սակայն հայկական դասարաններում 2008/09թթ. ուսումնական տարում սովորել է ընդամենը 64 աշակերտ:

Կարապետյանն ասում է, որ հայկական դպրոց ավարտելը երեխայի համար շահեկան չէ` Վրաստանում բուհ ընդունվելու և աշխատանքի անցնելու հնարավորությունների տեսանկյունից, ուստի հայ ծնողները գերադասում են իրենց երեխային ուղարկել ռուսական կամ վրացական դպրոց:

«Դպրոցի հայկական դասարանները 4-5 երախայով 45 տեղանոց դասասենյակ են զբաղեցնում, իսկ ռուսական դասարնները գերծանրաբեռնված են, ինչն ազդում է ուսուցման որակի վրա»,- ասում է Կարապետյանը:

1970-ականների կեսերին Թբիլիսիում գործել է 34 հայկական դպրոց, ներկայումս` միայն 6-ը:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply