Մինչև 7 տարեկան երեխաների առողջության պետական հավաստագիրը կգործի հունվարի 1-ից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2010 10:26

«Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագրի ներդրման հիմքերն ու հետագա գործընթացը ներկայացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և Վոլրդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության ջանքերով կազմակերպվել է շնորհանդես` «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում:

Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է. «Երեխայի առողջության հավաստագրի ներդրումը մեզ թույլ կտա իրականում բարձրացնել բուժօգնության որակը, մատչելիությունը, հատկապես` կարիքավոր և անապահով, խոցելի ու հատուկ խմբերում ընդգրկվածների համար, կտրուկ բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձները, որը լուրջ պայքար է ստվերային երևույթների դեմ»:

Նախարարը կարևորել է գործընթացում միջազգային գործընկերների, բժշկական հասարակության դերը, նշել, որ միահամուռ ջանքերով հնարավոր կլինի իրականացնել բարեփոխումը:

«World Vision Հայաստանի» ազգային գրասենյակի տնօրեն Գրեհամ Սթրոնգն իր խոսքում նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է ու համահունչ է կազմակերպության վարած քաղաքականությանը` երեխաների առողջության քարոզարշավի նպատակներին: Նա ընդգծել է, որ հավաստագրի ներդրումը կբարձրացնի բժշկական ծառայություննեի հասանելիությունը:

Նշենք, որ 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգը ներդրվում է 2011թ. հունվարի 1-ից` ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 27-ի  N 35 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի» 12-րդ կետի պահանջների համաձայն, Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում:

Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրման երաշխիք է 2011թ. առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը: Երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցմամբ և բուժանձնակազմի աշխատավարձերը շուրջ 2 անգամ բարձրացնելով հնարավոր կլինի բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, կրճատել հիվանդանոցներում մանկական մահացության դեպքերը և նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումները:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Ծառայությունները ներառում են մինչև 7 տարեկան երեխայի անվճար հիվանդանոցային բուժօգնության ապահովումը, անկախ նրանց սոցիալական վիճակից, 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների բուժօգնությունը և մինչև 18 տարեկան երեխաների անհետաձգելի բուժօգնությունը:

Բացի այդ, պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է հիվանդ երեխայի համար անհրաժեշտ բժշկական միջոցառումների ամբողջ ծավալը` դեղերով ու բժշկական պարագաներով ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները և այլն:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply