Ամանորյա մաղթանքներ ԱԺ պատգամավորներից

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 30, 2010 12:47

Ամանորին ընդառաջ խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, «Անկախի» խնդրանքով, ներկայացրին իրենց  բարեմաղթանքներն ու ակնկալիքները 2011 թվականից, նաև` թե ինչպես են դիմավորելու Նոր տարին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյան.

-Ես մաղթում եմ խաղաղություն,  կարծում եմ, որ այդ խաղաղությունը նաև խաղաղություն կբերի մայրերի հոգիներին, նաև` սոցիալական խնդիրների հաղթահարում, բարեկեցություն, որպեսզի մեր երկրից երբևէ որևէ մեկը չուզենա արտագաղթել, ինչն ինձ համար շատ ցավալի է:

-Ես ընդհանրապես միշտ տանն եմ դիմավորում: Վերջին 10 տարում չեմ բացակայել Հայաստանից: Սիրում եմ ընտանիքում, տանը դիմավորել քույրերով, եղբայրներով, և մեզ մոտ դա արդեն մեր ծնողներից եկած ավանդույթ է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան.

-Նոր տարվա զգացողություն չունեմ, բայց իրավունք չունեմ սպասելիքներ չունենալ, որովհետև սպասելիքները մարդկային են, և անկախ տարիքից, անկախ քաղաքական պատասխանատվությունից և անկախ պաշտոնից, մարդը միշտ հավատում է հեքիաթին, երազանքին, լավ հեռանկարին: Ինչպես բոլորը, ես էլ լավին եմ սպասում, և Նոր տարվա նախաշեմին լավի սպասումների ավելի սուր զգացողություններն եմ ունենում: Ցանկություններս շատ պարզ և մարդկային են. բոլորի և իմ համար պարզ մարդկային երջանկություն, խաղաղություն, ջերմություն, կայունություն և, ամենակարևորը, ինձ մեծ ցավ է պատճառում մեր հասարակության բացասական սպասումների ընդհանուր տրամադրությունը: Կուզենամ, որ 2011-ը մեր սպասումներում միայն դրական երանգ ունենա: Ես շատ պիտի ուզենամ, որ հասարակության մեջ ահագնացող փախուստի, հայրենիքը լքելու տրամադրությունը, այնտեղ, որտեղ չկանք, լավը փնտրելու տրամադրությունները տեղ չունենան, որ ունենանք մեր միջավայրը, մեր իրականությունը, մեր հողը բարեկարգելու պատասխանատվություն և չսպասենք, որ ինչ-որ մեկը դա մեզ համար պետք է անի: Շատ եմ ուզում, որ 2011-ը, այնուամենայնիվ, մեր հասարակությանը` Հայաստանի և Արցախի, խաղաղություն բերի: Բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք և թշնամու շնչառություն մեր թիկունքում, պիտի ուզենայի, որ մեր կոնֆլիկտները լուծված լինեին, և մարդկային երջանկություն` մեր ընտանիքներին: Մեզ` կանանց, պիտի մաղթեմ պարզ կանացի երջանկություն և ամեն մեկին իր հետ հաշտ, ներդաշնակ ապրելու հնարավորություն:

-Առայժմ չեմ էլ մտածել, միշտ Հայաստանից դուրս եմ գնում: Ցանկություն ունեմ գնալու, բայց դեռ որոշում չունեմ: Նոր եմ վերադարձել գործուղումից,  երևի այս տարի Հայաստանում կմնամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյան.

– Մաղթում եմ, որ 2011-ը ավելի լավ տարի լինի հայ ժողովրդի համար, քան 2010-ն էր: Մաղթում եմ, որ վերջապես բռնենք տնտեսական վերելքի ուղին, որովհետև դրա հետ լիքը մարդիկ լիքը հույսեր են կապում: Մաղթում եմ, որ լինի առողջություն, մեծ փորձանքներից Հայաստանը հեռու մնա: Մաղթում եմ, որ Հայաստանը խաղաղություն ունենա, բայց այդ խաղաղությունը չլինի շատ սկզբունքային, շատ կարևոր հարցերում անթույլատրելի զիջումների հաշվին:

– Տանն եմ դիմավորելու, ընտանիքիս հետ, այլ հնարավորություն չունեմ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյան.

-Ես մաղթում եմ, որ 2011-ը լինի քաղաքական, քաղաքացիական հանդուրժողականության տարի, որովհետև միայն փոխադարձ հանդուրժողականության, միայն միմյանց լսելու, միայն միմյանց տեսակետը հարգելու մթնոլորտում կարող ենք լուծել մեր երկրում առկա ներքին և արտաքին խնդիրները: Ես, կարող է, համաձայն չլինեմ Ձեր տեսակետի հետ, բայց ես պիտի հարգեմ և լսեմ Ձեր տեսակետը: Եվ եթե յուրաքանչյուրն առաջնորդվի այդ սկզբունքով, ապա, կարծում եմ, մեր օրակարգում առկա բազում խնդիրներ հնարավոր կլինի վստահաբար առաջ մղել, և «Բարգավաճ Հայաստանը» առաջնորդվում է բացառապես այս սկզբունքով: Մեր կոչն է Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերին, անկախ նրանից` իշխանություն են ներկայացնում, թե ընդդիմություն, հանդուրժողական լինեն միմյանց նկատմամբ, ունենան միմյանց կարծիքը լսելու ունակություն, ունենան դիմացինի կարծիքը հանդուրժելու արժանապատիվ վերաբերմունք: Ամենակարևորը, սա է մեզ այսօր պակասում:

-Ես ինքս շատ տնակյաց մարդ եմ, և, ինչպես իմ կյանքի բոլոր Նոր տարիները, այս Նոր տարին ևս անցկացնելու եմ տանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան.

-Բնականաբար, առաջին հերթին իմ ժողովրդին մաղթում եմ առողջություն, մի քիչ համբերություն, որովհետև բավական դժվարություններ կան: Թող 2011-ին տնտեսական ճգնաժամը մնա ետևում, և թե՛ մանկավարժների, թե՛ բժիշկների, թե՛ թոշակառուների, թե՛ երիտասարդների համար լինի հաջողության, լիության և նպատակների կատարման տարի:

– Ես, ինչպես վերջին 15 տարիների ընթացքում, երեկոյան Ամանորը դիմավորում եմ մեր քաղաքական թիմի հետ, լուսաբացին գնում ենք մեր տները և հաջորդ օրվանից սկսում ենք գնալ բարեկամների տներ և ընդունել բարեկամներին:

ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյան.

-Դեռևս երեխա ժամանակից հիշում եմ, որ մեր մեծերի, ծնողների առաջին ցանկությունը խաղաղությունն էր: Մեր երկրին թող լինի խաղաղություն: Երկրորդը առողջությունն է, բարձր տրամադրությունը և այնպիսի Հայրենիքի կառուցումը, որտեղ յուրաքանչյուր հայ արժանապատիվ, արժանավայել կապրի:

– Նոր տարին, ինչպես միշտ, դիմավորելու եմ Հայաստանում, ընտանեկան միջավայրում, հարազատների, բարեկամների հետ: Ավանդույթը չեմ խախտելու:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան.

-Մաղթանքներս սովորական մաղթանքներ են, որոնք գուցե հաճախ են կրկնվում մեր սեղանների շուրջը, բայց դրանից իրենց արդիականությունը, կարծում եմ, չի կորչում: Ուզում եմ, որ իմ և բոլորի ընտանիքներում լինի սեր, համերաշխություն, երեխաներին և ծնողներին` առողջություն, ու Աստված շատ չհամարի: Ակնկալիքս է, որ բոլորի համար 2011-ը լավ տարի լինի. եթե յուրաքանչյուր քաղաքացի մի քիչ ավելի երջանիկ, հաջողակ լինի, քան նախորդ տարում էր, ապա պետությունը հսկայական առաջընթաց կապրի, նախ և առաջ` մթնոլորտի, արժեհամակարգի, բարիության և այլ ոչ նյութական արժեքների տեսանկյունից:

-Նոր տարին ավանդաբար դիմավորել և դիմավորելու եմ իմ մեծ ընտանիքով` ծնողներիս, քրոջս, եղբորս, կնոջս և երկու երեխաներիս հետ, իմ հայրական օջախում, Երևանում:

ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյան.

-Կնոջ համար ամենակարևորը` երկրին խաղաղություն, ընտանիքին` բարօրություն, ժողովրդին` բարեկեցություն, լավ տրամադրություն: Գալիք տարուց ակնկալիքս է, որ այն լավ բաներ բերի բոլոր ընտանիքներին, որ մեծերը լինեն առողջ, երիտասարդները լինեն կամքով ուժեղ, նպատակասլաց, երեխաները լինեն ուրախ, և բոլոր ընտանիքներում լավ տրամադրություն տիրի, երկրին էլ խաղաղություն լինի:

-Ինչպես միշտ, սովորության համաձայն, մեծ ընտանիքով: Ամանորը ընտանեկան տոն է, և մենք այն անցկացնում ենք հարազատներով, ընկերներով, բարեկամներով շրջապատված: Այս տարի նույն ձևով ենք անցկացնելու Ջերմուկում: Հուսով ենք` ձյուն կլինի, և երեխաներն ու մեծերը զվարճանալու լավ հնարավորություն կունենան:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան.

-Ամեն տարի ես Աստծուն շնորհակալ եմ լինում, որ առողջ անցկացնենք, անկորուստ, ամբողջ ընտանիքով սեղանի շուրջը, դրանից ավելի մեծ ցանկություն և սպասումներ չեմ ունեցել: Իհարկե, միշտ խմել ենք հաջողության համար, սրտի մեջ, հոգու մեջ փայփայել ավելի հաջողակ լինելու նպատակները, բայց ես, անկեղծ ասած, միշտ գոհ ու շնորհակալ եմ եղել, որ մեր ընտանիքում բոլորն առողջ են և միասին: Երկրին էլ ցանկանում եմ խաղաղություն, զարգացում, առաջընթաց և բարօրություն:

-Յուրահատուկ ձևով չեմ դիմավորում, ճիշտն ասած: Ամեն Նոր տարի  մեզ համար, առաջին հերթին, ողջ գերդաստանով, ողջ ընտանիքով հավաքվելու առիթ է: Նախկինում նշում էինք մեր ծննդավայրում` Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում` հայրական տանը: Այս տարի, քանի որ ծնողներս արդեն տարիքով մեծ են և գտնվում են Երևանում, բնականաբար, կանցկացնենք միասին, բայց այստեղ` Երևանում: Ամենակարևորը մեզ համար, որ դեկտեմբերի 31-ի ժամը 24.00-ին ամբողջ ընտանիքով միասին լինենք:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյան.

-Ճիշտն ասած, մենք` ընտանյոք հանդերձ, ավելի բարձր ենք դասում Սուրբ Ծնունդի տոնը, և շատ մեծ ակնկալիքներով ավելի մեծ պատրաստություն ենք տեսնում: Ինչ վերաբերում է Նոր տարվան, ես միշտ նույնն եմ ուզում` Նոր տարին բերի դրական փոփոխություններ ամեն մեկիս կյանքում` ժողովրդի և աշխարհի: Դա անկեղծ իմ ցանկությունն է:

-Սովորաբար նշում ենք ընտանյոք հանդերձ, միասին լինում ենք մինչև ժամը 1-2-ը, որից հետո ընտանիքի երիտասարդ կեսը գնում և շարունակում է նշել իր ընկերական շրջապատում:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 4793 անգամ:
Print Friendly

Leave a Reply