Որպեսզի տոնը առողջական խնդիր չդառնա
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 30, 2010 0:43
Մեր գիտակցության մեջ տոնական օրերը նույնանում են տոնական սեղանների, ինչպես նաև տոնական արձակուրդի հետ: Տոն օրերին ինչպե՞ս կարելի է պահպանել կազմվածքը, գեղեցկությունն ու առողջությունը: Սրանք հարցեր են, որոնք հետաքրքրում են ոչ միայն գեղեցիկ սեռին: Իսկական փորձություն է համադամ կերակուրներով սեղանը: Եվ այդ գայթակղությունը երբեմն դառնում է անկառավարելի ու անհաղթահարելի: Չարժե ինչ–որ բաներից հրաժարվել, սակայն պետք է օգտվել այնպես ու այնքան, որ դա չանդրադառնա մեր տրամադրության, ինչպես անև առողջության վրա:
Սնունդը պետք է ճիշտ կամակերպել ոչ միայն սովորական, այլև տոնական օրերին: Փորձեք հրաժարվել ավանդական սեղանից և պատրաստել յուրօրինակ ուտեստներ, որոնք ոչ միայն կզարդարեն ձեր սեղանը, այլև հաճելիորեն կզարմացնեն հյուրերին:
Հիշեք, չարժե պատրաստել ավելի, քան անհրաժեշտ է: Հիշեք նաև, որ լավ կլինի` հունվարի 1-ի տոնական սեղանից, բացի մրգերից, ոչինչ հաջորդ օրվան չմնա:
Տոնական աղցանները հիմնականում շատ կալորիական են, սակայն կարելի է որոշ փոփոխություններ մտցնել, ու դրանք նույնպես ավելի օգտակար ու անվնաս կդառնան: Ասենք, կարելի է ավանդական աղցանների մեջ մայոնեզի փոխարեն օգտագործենք կիտրոնի, նռան հյութ կամ էլ բնական յոգուրտ, կամ էլ միսը կամ հավը տապակելու փոխարեն կարելի է փռում խորովել և մատուցել բանջարեղենի հետ:
Իսկ ինչպե՞ս կարելի է ստամոքսը «նախապատրաստել» կերուխումին
Հիշեք, որ մինչև տոնական սեղանի շուրջ հավաքվելը կամ էլ հյուր գնալը չարժե քաղցած մնալ, քանի որ «նվիրական» ափսեի առջև հայտնվելով` առանց չափի զգացման պարզապես «կուլ կտաք» ավելի շատ ուտելիք, քան սովորաբար ուտում եք: Ուստի իմաստ չունի տոներից առաջ «ախորժակ պահել»: Մի հասարակ միջոց կա. մինչ «մեծ» սեղանի շուրջ հավաքվելը կերեք սպիտակուցներով հարուստ մթերք, այն որոշ ժամանակ կկոտրի ձեր ախորժակը: Կամ էլ մի քիչ ընկույզ, հավ կամ կաթնաշոռ կերեք: Եթե սովորաբար նախաճաշում, ճաշում և ընթրում եք, փորձեք այդ կարգը չխախտել նաև տոնական օրերին, բայց յուղոտ ուտեստները փոխարինեք ավելի թեթևներով:
Նոր տարին ավելորդ քաշի պատճառ չպետք է դառնա
Մի մոռացեք, որ հեռուստացույցի առջև անցկացրած կուշտ երեկոներն ավելացնում են ձեր քաշը ևս մի քանի կիլոգրամներով, սակայն հիշում եք, չէ՞, թե որքան մեծ ջանք, ու ճիգեր են պահանջվում այդ քաշը նվազեցնելու համար: Իսկ եթե մարզասրահ հաճախելու սովորություն ունեք, ապա տոնական այցելությունների գնացեք ոտքով, իսկ սեղանների շուրջը ոչ միայն նստեք, այլև պարեք:
Շատ քաղցրը նույնպես լավ չէ
Ոչ մի տոնական սեղան չի կարելի պատկերացնել առանց կոնֆետների ու քաղցրավենիքի: Ընդ որում, կարելի է աննկատ, առանց զգալու ուտել տասնյակ կոնֆետներ` արդարանալով, որ «տոներին ամեն ինչ թույլատրելի է»: Բոլորն են այդպես մտածում, սակայն հետտոնական ժամանակաշրջանը սովորաբար կանանց համար վերածվում են զղջման ու ափսոսանքի օրերի: Հետևեք ու վերահսկեք ձեր յուրաքանչյուր պատառը. հետո ուշ կլինի:
Ի՞նչ կարելի է ուտել և ինչպե՞ս կարելի է հրաժարվել տոնական ուտելիքներից
Սեղանի շուրջը նստելիս ընտրեք ամենաքիչ կալորիականություն ունեցող մթերքին մոտ տեղը, օրինակ` մրգերի մոտ, դրանից հետո, եթե այնուամենայնիվ ՙաչքերը շաղվում՚ են սեղանի առատությունից, ամեն ուտեստից փորձեք քիչ-քիչ, այդպես ոչ միայն ձեր ստամոքսը, այլև աչքը կհագենա:
Քիչ հեղուկ ու աղի կերակուրներ ընդունեք: Տոնական կերուխումը ցանկալի է սկսել թեթև կերակրատեսակներով. ասենք` աղցանով, որպեսզի մարսողությունը«գործի դնեք», մի մոռացեք, հարկավոր է ծամել դանդաղ ու երկար, դա նույնպես արա•ացնում է մարսողության գործընթացը, դուք կհագտենաք` խուսափելով մեծ քանակով ուտելուց:
Փորձեք տեղի չտալ տանտերերի `«վերջին կտորը» համտեսելու հորդորներին: Հիշեք, յուրաքանչյուր ավելորդ կտոր վերածվում է քաշի, որից ազատվելու համար գուցե ամիսներ շարունակ զրկանք կրենք:
Մի մոռացեք նաև, որ կալորիաների մեկ այլ աղբյուր է ալկոհոլը: Սահմանափակելով խմիչքի քանակը` ոչ միայն սթափ գլուխ կունենաք, այլև կկրճատեք տոնական սեղանից ստացած կալորիաների քանակը:
Ամեն ինչում չափավորությունը գերազանց տարբերակ է: Մայոնեզով, յուղալի ու կծու կերակրատեսակները մեր ստամոքսի համար մեծ փորձություն են. դրանք կարող են հանգեցնել մարսողական համակարգի հիվանդությունների սրացման` անկախ այն հանգամանքից` հիվանդ եք, թե ոչ: Չէ՞ որ սովորություն ունենք բժշկի դիմել միայն դանակը ոսկրին հասնելուց հետո: Իսկ հայտնի բան է, որ հիմնականում այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում տոնական կերուխումից հետո: Դրա մասին կարող է խոսել անվտանգ համարվող զկրտոցն ու բխկոցը և, իհարկե, բերանում լեղու համը, սրտխառնոցը, այրոցքը, փորկապությունն ու հակառակը` թուլությունը: Ում քիչ թե շատ հայտնի են այս երևույթները, այսօր արդեն պետք է հետևեն առողջությանը:
Հնում, երբ որկրամոլության հետևանքով ինքնազգացողությունը վատանում էր, կերածից ազատվելու նպատակով փետուրով քիմքը խուտուտ էին տալիս: Օրվա սննդակարգի խախտման հետևանքով օրգանիզմում ամենից շատ տուժում է այն օրգանը, որն արդեն «խախուտ» է: Մեծ մասի մոտ դա սրտանոթային համակարգն է: Բոլոր դեպքերում լուծումը մեկն է` հատուկ սննդակարգի անցնել: Ստենոկարդիայի նոպան կարող է ստամոքսի ցավի տեղ անցնել: Երբեմն նման ախտանշաններով հիվանդներին տեղափոխում են հիվանդանոց և սկսում խոցային հիվանդության բուժում իրականացնել, իսկ հետո պարզվում է, որ հիվանդի մոտ սրտամկանի ինֆարկտ է: Հետևաբար, մինչև շտապօգնության հասնելը կարելի է սրտի դեղահաբ ընդունել, օրինակ` նիտրոգլիցերին, որը կմեղմացնի նույնիսկ ստամոքսի ցավը, եթե այն կա:
Ճնշում ունեցողները մշտապես հետևում են իրենց, սակայն երիտասարդները, ովքեր գաղափար անգամ չունեն ճնշման մասին, կարող են վազվզել բարձր ճնշումով, ուստի ուշադրություն դարձրեք բաբախյունի նմանվող գլխացավին, կրծքավանդակում ճնշող ցավին, գլխապտույտին ու աչքերի առջև երևացող բծերին: Մի վտանգեք ձեր առողջությունը, կարելի է 40 կաթիլ կորվալոլ ընդունել: Սակայն հնարավոր է, որ վատ ինքնազգացողության պատճառը սննդային թունավորումը լինի: Եթե երեկոյան կուշտ կերել եք, իսկ առավոտյան սրտխառնուք, փսխում ու լուծ է սկսվել, կամ նույնիսկ ջերմություն ունեք, կարելի է ստամոքսի պարունակությունից ազատվել ձեր իմացած միջոցներով… Առնվազն երկու անգամ: Դրանից հետո հարկավոր է թեյ խմել ու սպիտակ ալյուրից պատրաստված չորահաց ուտել, ակտիվացված ածուխի հաբ խմել:
Ի դեպ, տոնական տրամադրությունը պսակելու նպատակով ստեղծված բենգալյան կրակները, պետարդներն ու այլ միջոցներն այնքան էլ անվտանգ չեն: Զգույշ եղեք նաև տոնածառի լույսերի առումով. դրանք չի կարելի երկարատև միացրած թողնել: Եթե ձեր տոնածառն ու զարդերն արհեստական են, ապա իմացեք, որ դրանք տաքությունից թունավոր նյութեր են անջատում, իսկ բնականի դեպքում էլ պարզապես կարող են հրդեհի պատճառ դառնալ:
Շնորհավոր ձեր տոնը, առողջ և զգույշ եղեք:






Facebook
Tweet This
Email This Post
