ԱՊՊԱ՝ ապահովագրությու՞ն, թե՞ խաբեություն

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 27, 2010 16:00

Հոկտեմբերի 18-ից հանրապետությունում մեկնարկել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գործընթացը (ԱՊՊԱ): Մինչև դեկտեմբերի 31-ը ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը պետք է կնքեն ԱՊՊԱ պայմանագրեր, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն մինչև 50 հազար դրամ:

Ապահովագրական պոլիսի (պայմանագիր) արժեքը հաշվարկվում  է մի քանի գործոնների հիման վրա` տրանսպորտային միջոցի տեսակի, օգտագործման նպատակի, վարորդի տարիքի ու վարորդական ստաժի և ավտոմեքենայի շարժիչի հզորության հիման վրա:  Ըստ այդմ` պոլիսի արժեքը տատանվում է 19-106 հազար դրամի սահմաններում:

Պոլիսի  նվազագույն ժամկետը 3 ամիս է, իսկ  առավելագույնը` մեկ տարի: Ընդ որում, կլինի նաև հատուկ տասնօրյա պայմանագիր տարանցիկ ավտոմեքենաների համար:

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հսկելու և կանոնակարգելու համար 2010 թ.  հունիսի 28-ին  ՀՀ  ԿԲ նախագահի որոշմամբ ստեղծվել է Ապահովագրական բյուրո:  Այն ունի խորհուրդ, որի նախագահը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է:

Ըստ պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի՝  բյուրոյին կարող են անդամակցել ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք բավարարում են օրենքի պահանջները.  ունեն ապահովագրություն իրականացնելու լիցենզիա և Հայաստանի ամեն մարզում  մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ: Հայաստանում գործում է  9 ապահովագրական ընկերություն, որոնցից 8-ը ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեն և հանդիսանում են բյուրոյի անդամներ: Դրանք  են` «Գարանտ-Լիմենս», «Ինգո Արմենիա», «Կասկադ Ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Ռասկո»,  «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ ինշուրանս»:

Այս կազմակերպություններից  խոշորագույնը՝  «Ռոսգոսստրախն»  է, որի ընկերությունների խմբի նախագահ Դանիիլ Խաչատուրովը  «Forbes» ամսագրի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը (1.2 մլրդ կարողությամբ): «Ռոսգոսստրախը» ապահովագրել է Ռուսաստանի մեքենաների մոտ 40%-ը  և այդ շուկայի առաջատարն է:

Օրենքն ուղղված է տուժած կողմի վնասները փոխհատուցելուն: Եթե դու մեքենայի սեփականատեր ես և քո մեքենային հարվածել է այլ մեքենա, ապա  քո մեքենային պատճառված վնասը կփոխհատուցի հարվածող մեքենային ապահովագրած ընկերությունը, ընդ որում, եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը։

ԱՊՊԱ պայմանագիրը չի փոխհատուցում այն դեպքում, երբ հարվածում ես, ասենք, ծառի և վնասում մեքենադ: Ավելին, եթե հարվածում ես  ծառի ու վնասում այն, որն ունի սեփականատեր, ապա ծառի տերը փոխհատուցում  պահանջելու իրավունք ունի:

Ավտոմեքենաների ապահովագրման պարտադիր պայմանը շատ մեծ դժգոհություն է առաջացրել սեփականատերերի շրջանում՝ կապված օրենքի այս կամ այն կետի հետ: Գառնիկ Սարիբեկյանն, օրինակ, մեքենա ունի և շատ զգույշ վարորդ է: Նա վարորդական 20-ամյա փորձի ընթացքում ընդամենը մեկ անգամ է հարվածել ծառին: «Հիմա ես ինչո՞ւ պիտի տարեկան 35 հազար (այդքան է կազմել նրա պոլիսը) փող տամ,- հարցնում է նա,- հանուն ինչի՞, կարող ա էդպես մի 30 տարի էլ քշում ու վթարի չեմ ենթարկվում, ինչի՞ ավելորդ փող տամ էս նեղ մաջալին»: «Նեղ մաջալ» ասելով`  մարդիկ նկատի ունեն Նոր տարվա նախօրեն, ինչպես նաև գնաճը,  թեպետ անկախ ամեն ինչից՝ օրենքից դժգոհողներ շատ կան:

Ըստ օրենքի` փոխհատուցվող առավելագույն գումարը 10.5 մլն դրամ է, որից 9 մլն -ը նախատեսվում է մարմնական վնասվածքների կամ եթե մահ է եղել, թաղման և այլ ծախսերի համար, իսկ 1.5 մլն-ը` ավտոմեքենայի վնասվածքի համար:

Գերասիմ Կարապետյանը, որ թանկ մեքենայի տեր է, ասում է, որ շատ մասեր հենց կարող են  այդքան արժենալ. «Իսկ եթե մեքենաս խփեն ու ջարդուխուրդ անեն, էդ 1.5 միլիոնով ի՞նչ հարց պիտի լուծեմ»:

Վարորդն  ասում է, որ օրենքից դժգոհ են բոլորը: «Մի հատ քաղաքով ման եկեք ու հարցում արեք, տեսեք մարդ կա՞, որ էդ օրենքից գոհ ա, բոլորին ստիպել են,- դժգոհում է նա,- կամ մի հատ հլը հաշվարկ արեք, տեսեք տարին քանի՞ հատ ավարիա ա լինում»:

Դանիիլ Խաչատուրովն ասում է, որ օրենքի կիրառվելուց հետո կտրուկ կբարձրանա գրանցված վթարների թիվը. «Երբ ավտովթարները կապված են ապահովագրության հետ, ապա գրանցվում է ամեն բան, անգամ` քերծվածքները: Երբ ես տեսնում եմ, որ կարկուտ կամ ուժեղ անձրև է գալիս, ապա գիտեմ, որ հաջորդ 2-3 շաբաթներին վճարումների քանակը կտրուկ կավելանա»:

Գերասիմը խիստ թերահավատորեն է վերաբերվում այս փաստարկին: Նրա խոսքով՝ ապահովագրական ընկերությունից գումար ստանալը ժամանակատար ու «ներվային»  գործընթաց է, որի բարեհաջող ավարտը բոլորովին էլ երաշխավորված չէ: «Հետո դա նաև պրոբկեքի պատճառ կարող է լինել,- ասաց նա,- մարդ ես,  հիմի, ասենք`  մի թեթև քսվել է կողից, իրար հետ լեզու ենք գտնում, փակվում գնում ա, բայց հիմի սպասի, մարդ կանչի, մի հատ հետները քյալլա տուր, էդքան ժամանակ շոշի մեջտեղը, անհույս գործ ա»:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների` Հայաստանում 2009 թ. եղել է  2002  ճանապարհատրանսպորտային պատահար,  վիրավորվել է 2753 և մահացել է  325 մարդ, իսկ 2008 թ.՝  2202, վիրավորվել է 3125 և մահացել՝  407 մարդ:

Ապահովագրական բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը ներկայացրել է  հաշվարկների արդյունքը, համաձայն որի՝ ապահովագրական պորտֆելը ապահովագրական շուկայում ենթադրում  է 12 մլրդ դրամի շրջանառություն։

«Ո՞ւր են գնում այդ փողերը, կամ ո՞վ է թաքնված էս գործի հետևում»,- հռետորական հարց է տալիս Գերասիմը:

ԿԲ տվյալներով` հանրապետությունում կա  400-430 հազար ավտոտրանսպորտային միավոր, որոնց  թիվը, ԿԲ հասարակայնության հետ  կապերի բաժնի պետ  Զառա Բարսեղյանի խոսքով, փոխվում է, քանի որ եղանակների փոփոխության հետ գյուղական վայրերում մեքենաների սեփականատերերը հաշվառումից հանում և վերագրանցում են:

Դեկտեմբերի 16-ի կառավարության որոշմամբ՝  փոփոխվել է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և  հաշվառումը վերականգնելու ծախսերի մասին նախկին որոշումը: Հաշվառումից հանելու և հետագայում նորից հաշվառման կանգնեցնելու համար սահմանված 5000 դրամ  պետական տուրք չի գանձվի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դա արվել է գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ Ամանորի հետ կապված` մինչև հունվարի 13-ը տուգանքներ չեն կիրառվի, սակայն  «տոներից հետո վերաբերմունքը կփոխվի»:

Օրենքն ընդունվել է այս տարի` մայիսի 18-ին, որին դեմ են քվեարկել խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները, սակայն  կոալիցիոն մեծամասնության ուժերով այն ընդունվեց:

Դեկտեմեբրի 21-ին «Ժառանգությունը»  Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում անցկացրեց ավտոերթեր` պահանջելով օրենքի կիրարկման ժամկետը (2011 թ. հունվարի 1-ը) հետաձգել մեկ տարով:

Ապահովագրական բյուրոյի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Հակոբյանն «Անկախին» ասաց, որ այս պահի դրությամբ, ապահովագրվել է մեքենաների մոտ 20%-ը: Նրա մեկնաբանությամբ՝ դեռևս չապահովագրված մեքենաների սեփականատերերն առաջնորդվում են ամեն ինչ վերջին պահին անելու մտայնությամբ, ինչպես նաև այն հույսով, որ ինչ-որ մի բան վերջին պահին միգուցե փոխվի: «Սակայն ոչ մի բան էլ չի փոխվելու, օրենքը գործելու է այնպես, ինչպես կա»,- ասաց նա:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply