69 տարվա ընդմիջումից հետո, Ջուզեպե Վերդիի ՙԱիդան՚` դարձյալ Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 23, 2010 16:42

Հայաստանի մշակութային բնօրրանում` Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Վերդիի ՙԱիդան՚ կներկայացվի իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի աչքերով:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո և մեր երկրում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ՙԱրտԹիմի՚ նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ Հայաստանում նորից բեմադրվեց համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներից` իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի ՙԱիդա՚ օպերան: Այդ մասին այսօր հայտարարվեց Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Առաջին անգամ այս ստեղծագործությունը բեմադրվել է 1871 թվականին` Կահիրեում, իսկ Հայաստանում` 1941-ին` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Այս անգամ հայաստանցի հանդիսատեսը Օպերայի և բալետի ազգային թատրոնում ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 23-ից 26-ը` իտալացի բեմադրիչ Մարիո Կոռադիի մեկնաբանությամբ: Պրեմիերան խոստանում է լինել հետաքրքիր և անակնկալներով լի: Դեկտեմբերի 23-ին օպերայի առաջնախաղը կներկայացնեն աշխարհահռչակ կատարողներ` Վիեննայից հրավիրված սոպրանո Հասմիկ Պապյանը և Մյունխենից` տենոր Գեորգի Օնիանին: Հաջորդ երկու օրերին` դեկտեմբերի 25-ին և 26-ին, եգիպտացի զորավարի և ստրկուհու դժբախտ սիրո պատմությունը կներկայացնեն Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մարինե Դեինյանը, Սարգիս  Աղամալյանը և  Ռուբեն Նուրիջանյանը: Ներկայացման զանգվածային տեսարանների բեմականացմանը պատրաստակամ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ոստիկանական ակադեմիան:

ՙՕպերային թատրոն ունեցող ազգերը դասվում են ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքին: Հայերիս համար օպերան մշակութային մեծ  արժեք է: Վերդիի ՙԱիդա՚-ի նման գլուխգործոց բեմադրելու Օպերային թատրոնի հնարավորությունը վկայում է Հայաստանի սոցիալական և մշակութային ոլորտների բարձր մակարդակի մասին:

Օպերային արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է: Որքան մարդն իր էությանը հարազատ մնա, այնքան համոզիչ և հուզիչ կլինի նրա արվեստը: Ջուզեպե Վերդին մեկն է նրանցից, ում հաջողվել է անկախ ազգային պատկանելությունից, համամարդկային լեզվով հուզել մարդկությանը: Արվեստն ապրում է հավերժ` մեզ մղելով արարելու և ձգտելու կատարելության:

Մարիո Կոռադին վերջին անգամ ՙԱիդան՚ բեմադրել է ինը տարի առաջ` Մարսելում, որտեղ Աիդայի դերերգը կատարել է Հասմիկ Պապյանը: Երգչուհու կատարողականությամբ տպավորված` իտալացի բեմադրողը հիացած է հայկական վոկալ դպրոցի հնարավորություններով:

Պրեմիերայից հետո ՙԱիդա՚-ն կընդգրկվի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում:

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply