Ինչպե՞ս զարդարել տունն ու տոնածառը, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ հագնել Նապաստակին դուր գալու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 29, 2010 16:11

2011 թվական. վագրին փոխարինելու է գալիս Նապաստակը: Եթե հիշենք նախորդ նապաստակի տարին` 1999 թվականը, ապա պետք է խոստովանենք, որ այն այնքան էլ հաջող չէր հայ ժողովրդի համար. հենց այդ տարի տեղի ունեցան այն արյունալի իրադարձությունները, որոնք սև գիծ թողեցին պատմության  էջերին:

Սակայն նոր տարվա ամենակարևոր կողմերից մեկն էլ այն է, որ մարդիկ մոռանում են բոլոր վատ հիշողություններն ու կորուստները` լցվելով հույսով, լավատեսությամբ ու սպասումներով:

Եվ այսպես, հիշենք Նապաստակի գլխավոր հատկանիշներից մեկը` հյուրընկալությունը. Նապաստակի տարում անհրաժեշտ է տանը` հարազատների միջավայրում, հնարավորինս հաճախ կազմակերպել հավաքույթներ, ինչպես նաև հաճախ հյուր գնալ:

Նապաստակը բարձր է գնահատում ընտանեկան հարմարավետությունն ու գեղեցկությունը: Այն ընտանիքի, պտղաբերության և հանգստության խորհրդանիշ է: Անհանգիստ ու արկածախնդիր վագրից հետո Նապաստակի տարին կանցնի խաղաղ ու հանգիստ մթնոլորտում:

Նապաստակը նաև անասելի ռոմանտիկ է ու նվիրվող: Այդ է պատճառը, որ այդ տարում ամուսնություններն առավել հաջող են: Բացի այդ, Նապաստակը շատ խելացի է և հովանավորում է նրանց, ովքեր գործ ունեն գիտության հետ, և ընդհանրապես այն մասնագետներին, ովքեր ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց գործին:

Նապաստակի տարին հատկապես բարեհաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղվում են դիվանագիտական գործունեությամբ, քանի որ Նապաստակը մեծ դիվանագետ է և առանց ավելորդ դժվարությունների լեզու է գտնում բոլորի հետ: Մի խոսքով, եկող տարի կոնֆլիկտները կհասնեն նվազագույնի:

Սակայն պետք է հիշել, որ Նապաստակին միայն դրական հատկանիշներ չեն բնորոշում. օրինակ` վախկոտությունն ու տատանվողությունը  նույնպես Նապաստակի հատկանիշներից են, ուստի շատերի համար, հատկապես նրանց, ովքեր այդ տարում են ծնվել, դժվար կլինի  պատասխանատու որոշումներ ընդունել:

Ի՞նչ դնել սեղանին Նապաստակի տարին դիմավորելիս

Ընդհանրապես այս տարի ցանկալի է սեղանը չծանրաբեռնել մսամթերքով, այլ նախապատվությունը տալ բանջարեղենային կերակուրներին: Շատերին այդ միտքը գուցե ծիծաղելի թվա, քանի որ մենք` հայերս, չենք պատկերացնում մեր տոնական սեղանն առանց խոզի բդի,  թփով տոլմայի, իշլի քյուֆթայի կամ երշիկեղենի զանազան տեսականու, այնուամենայիվ, այս տարվա հերոսը` Նապաստակը, պահանջում է, որ սեղանի հիմնական կերակուրները պատրաստված լինեն բանջարեղենից: Հիշեք, որ սեղանին պետք է իշխի նաև գազարը` աղցանի, հյութի թե մեկ այլ բանի տեսքով, ընտրեք ինքներդ:

Եթե չեք պատկերացնում Նոր տարվա սեղանն առանց մսեղենի, ապա խորհուրդ է տրվում այդ ամենն առատորեն զարդարել թարմ կանաչեղենով: Սեղանին պետք է իշխեն կանաչն ու գազարագույնը:

Չմոռանանք նաև սեղանի աքսեսուարները. այս տարի վստահ կարող եք ընտրել նարնջագույնը. այն ոչ միայն տարվա հերոսի` Նապաստակի սիրելի բանջարեղենի գույնն է, այլև խորհրդանշում է կենսունակություն ու առողջություն: Սփռոցն, օրինակ, կարող է լինել նարնջագույն, անձեռոցիկները` կանաչ, իսկ քանի որ տարվա  խորհրդանիշներից է նաև մետաղը, սպասքի պարագաները` մետաղական:

Ի՞նչ հագուստ կրել Ամանորի գիշերը

Անհրաժեշտ է հագնել այնպիսի հագուստ, որի երանգները նմանություն ունենան Նապաստակի գույներին: Առավել հայտնի է սպիտակ Նապաստակը` կարմիր կամ կապույտ աչքերով, սակայն հանդիպում են նաև  սև, շագանակագույն, արծաթափայլ, անգամ  դեղնավուն ու կապտավուն երանգներով նապաստակներ: Այնպես որ, երանգների առումով, ընտրությունն այնքան էլ փոքր չէ:

Սակայն քանի որ 2011-ը հենց մետաղափայլ-սպիտակ Նապաստակի տարի է, ապա առավել գերադասելի է կրել ճերմակ, դեղին կամ ոսկեգույն երանգի զգեստներ: Ամեն դեպքում, այդ օրը ձեր հագուստը պետք է շողա ու փայլի: Իդեալական տարբերակ կլինի, օրինակ, երկար բաց գույնի հագուստը` ճերմակ, բեժ կամ մոխրագույն` պատված փայլփլուն քարերով:

Ամանորյա հագուստի կտորը պետք է լինի թեթև ու եթերային. դա կարող է լինել թափանցիկ մետաքս, շիֆոն կամ նուրբ գիպյուր: Տոնական հագուստի հետ կարելի է օգտագործել նաև նապաստակի պոչ հիշեցնող փամփլիկ ու ճերմակ թիկնոցներ կամ բոլերո: Իսկ եթե նախընտրում եք վառ գույներ, ապա կարող եք բաց գույնի զգեստի վրա ավելացնել մի քանի վառ երանգներով զարդեր կամ կտորներ, որ շատ յուրօրինակ տեսք կհաղորդի հագուստին:

Սպիտակ գույնի զգեստի հետ շատ գեղեցիկ է վառ կարմիրը: Իսկ եթե չեք խուսափում թեթև և ուրախ ոճից, ապա կարելի է նաև Ձմեռ պապի գլխարկ դնել:

Սև կարճ զգեստի սիրահարները պետք է հիշեն, որ պարտադիր պետք է կրեն վառ և փայլուն զարդեր:

Ինչպե՞ս զարդարել տոնածառն ու տունը

Տունն ու տոնածառը զարդարելիս  չարժե ընդօրինակել ուրիշներին. տունը հարկավոր է զարդարել ոչ թե չոր կանոններով, այլ զգացմունքներով ու երևակայությամբ: Եվ որքան հեռուն է ձգվում ձեր երևակայությունը, այնքան յուրօրինակ ու անկրկնելի է դառնում ձեր տոնական զարդարանքը:

Սակայն կան որոշ խորհուրդներ, որոնք ցանկալի է ընդունել, քանի որ այդպես է պահանջում Նապաստակը` տարին բարեհաջող սկսելու համար: Տոնածառի վրա անպայման դրեք սպիտակ մետաղական նապաստակ կամ նապաստակի տեսքով խաղալիքներ կախեք: Դասական կլոր խաղալիքների փոխարեն այս տարի կարելի է տոնածառը զարդարել նաև գազարի տեսքով խաղալիքներով: Պատկերացնու՞մ եք, թե որքան գեղեցիկ կդիտվի վառ գազարագույնը մուգ կանաչ ֆոնի վրա: Տոնածառի տակ, բացի ամանորյա նվերներից, խորհուրդ է տրվում դնել նաև մի կապ գազար:

Բացի գլխավոր եղևնուց, տունը զարդարեք նաև եղևնու ճյուղերով, այդ ճյուղերից պատրաստված կոմպոզիցիաներ պատրաստեք նաև տոնական սեղանի համար:

Կարելի է նաև գունավոր թղթերից բազմաթիվ հրեշտակներ պատրաստել, արծաթափայլ ու ոսկեգույն թիթեռներ և փայլփլուն թելերով կախել հյուրասենյակի ջահից:

Տունը զարդարելիս մի շրջանցեք պատուհանները, քանի որ դրանք, հատկապես դրսից, շատ գեղեցիկ և տոնական տրամադրություն են ստեղծում: Ընտրեք հետաքրքիր պատկերներ ու ներկեք արծաթավուն կամ ոսկեգույն երանգներով: Տոնական պատկերներով ներկեք նաև ապակյա սպասքի որոշ պարագաներ, մի մոռացեք նաև տան հայելիները:

Քանի որ նապաստակը խորհրդանշում է նաև ռոմանտիզմ, խորհուրդ է տրվում տունը զարդարել թույլ վառվող մոմերով, որոնք տան փայլփլուն զարդարանքն է՛լ ավելի կախարդական ու հմայիչ կդարձնեն:

Բայց ամենակարևորն այն է, որ տան զարդարանքից ավելի վառվռուն և ուրախ լինի ձեր տրամադրությունը, հագուստից ավելի շքեղ ու շլացնող` ձեր մաղթանքները և տոնական սեղանից ավելի ճոխ ու առատ` ձեր միտքն ու հոգին:

Դիտվել է 3396 անգամ:
Print Friendly

Leave a Reply