Ամանորյա ակնկալիքներ 2011-ից. իսկ ի՞նչ եք ցանկանում դուք

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 29, 2010 8:00

Մի քանի օրից  մնաս բարով կասենք 2010-ին ու կթևակոխենք 2011-ը, որն ըստ  արևելյան  կենդանակերպի` նապաստակի տարի է:  Տարեմուտից մի քանի օր առաջ փորձել ենք ճշտել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները գնահատում անցնող 2010 թվականը և ինչ ակնկալիքներ ունեն գալիք տարուց:

Մարիամ, 23 տարեկան Կարծում եմ` 2011-ն ինձ համար լավ տարի է լինելու, իմ տարին է: Առանձնահատուկ որևէ բան չեմ ակնկալում, կարծում եմ, որ կյանքը  սովորականի պես հանգիստ իր հունով կընթանա, կտրուկ փոփոխություններ չեն լինի: Ուղղակի մարդիկ մի տարով էլ կհասունանան:

Մաղթում եմ, որ հայության համար աղոթողները և ընդհանրապես աղոթողները շատանան: Իսկ ինձ համար Ձմեռ պապից խնդրում եմ իսկական սեր:

Նարեկ, 20 տարեկան – Հույս ունեմ, որ 2011-ին ավելի շատ գումար կվաստակեմ, քան այս տարի: 2010-ից դժգոհ չեմ, նորմալ տարի էր, բայց կաշխատեմ այնպես անել, որ 2011-ն ավելի լավը լինի` բոլոր տեսանկյուններից: Հա, մեկ էլ հույս ունեմ, որ հաջորդ տարի ծխախոտով շորերս ավելի քիչ կայրեմ:

Փառանձեմ, 22 տարեկան – 2010-ն այնքան էլ վատ տարի չէր, բոլորս էլ ականատես եղանք շատ փոփոխությունների, որոշակի առաջընթացի: Կարծում եմ, որ այս ամենը շարունակական կլինի նաև գալիք տարում:

Ակնկալում եմ, որ հաջորդ տարի ավելի շատ հնարավորություններ կունենամ` իրագործելու նպատակներս ու ծրագրերս, շարունակելու այս տարի կիսատ մնացածները: Իսկ հայրենակիցներիս մաղթում եմ, որ ավելի բարի ու մարդկային լինեն, որևէ քայլ ձեռնարկելուց առաջ մի քիչ էլ մյուսների մասին մտածեն: Ուզում եմ նաև, որ հայերս նյութականն այդքան չկարևորենք, ավելի կարևոր բաներ կան:

Բոլորին մաղթում եմ համբերություն, որ իրենց կիսատ մնացած գործերն ավարտին հասցնեն, ու նաև` առողջություն: Հավատացած եմ, որ նապաստակի տարին շատ հաջող տարի է լինելու:

Գայանե, 24 տարեկան – 2011-ից ակնկալում եմ հանդարտություն, շատ եմ ուզում, որ ինձ համար բուռն 2010-ին հաջորդի կայունության տարի:

Ու երևի թե հենց կայունություն էլ մաղթում եմ բոլոր-բոլորին. վայրիվերումներով կյանքը թեև հետաքրքիր է, բայց նաև «գլխացավի բուն» է: Մաղթում եմ նաև ցանկությունների աստիճանահարթակում գոնե մի հարկ էլ բարձրանալ:

Իսկ Ձմեռ պապից նյութական ոչինչ չեմ ուզում, միայն հավատ:

Անահիտ, 58 տարեկան – Գալիք տարում ակնկալում եմ խաղաղություն, թող  պատերազմ չլինի:  Ակնկալում եմ նաև, որ  մեր ժողովուրդը չմոռանա, թե ով է եղել. երբեք այսքան կրավորական չենք եղել, ինչպես հիմա ենք: Մաղթում եմ համարձակություն և կամքի ուժ իմ ժողովրդին:

Կարծում եմ, որ 2011-ն ավելի ջղային կլինի, քանի որ առջևում ընտրություններ են,  ոչ ընտրական տարիներին ավելի հստակ է, թե ով ով է:

Մարիամ, 18 տարեկան 2010-ը շատ վատ տարի էր թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս համար, ձախորդությունների ու փորձությունների տարի էր: Ակնկալում եմ, որ 2011-ն ավելի լավ տարի կլինի, որ հասնենք մեր նպատակներին ու տապալումներ չունենանք: Մաղթում եմ բոլորին, որ 2011-ին նույնիսկ մեկ օր տխրություն չունենան: Թող նապաստակը բոլորին երջանկություն բերի: Ուզում եմ, որ ինչ տրամադրությամբ դիմավորենք Ամանորը, այդպես էլ շարունակվի ողջ տարին:

Արմինե, 19 տարեկան Թող բոլորս աջ ոտքով մուտք գործենք 2011 թվական: Ամենակարևորը` բոլորին առողջություն եմ մաղթում, թող մարդիկ մոռանան հիվանդանոցների ու բժիշկների գոյության մասին:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply