ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 22, 2010 16:02

Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում վերջնական` երկրորդ ընթերցմամբ քննարկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քվեարկությունը տապալվեց: Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով` առնվազն 66 պատգամավորներ, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած, իսկ նախագիծը` չընդունված:

Մերժված լրացմամբ առաջարկվում էր քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 30 օր` գործող օրենքով նախատեսված 120□օրյա ժամկետի փոխարեն: Այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը պետք է համարվեր դրական:

Կառավարության հիմնավորմամբ, նախագծի նպատակն էր, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող փորձաքննության իրականացման ընթացակարգը:

Օրենսդրական այս փոփոխությանը հիմնականում դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը: Ըստ «Ժառանգության»` օրինագիծն ուղղված է մի խումբ մարդկանց «հնարավորություն ընձեռելու վայրագ ասպատակություն կատարել կանաչ տարածքների նկատմամբ»:

Հիշյալ փոփոխությանը դեմ էին արտահայտվել նաև մի շարք բնապահպան կազմակերպություններ:

Դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում նույն ճակատագրին էր արժանացել նաև երկրորդ ընթերցմամբ քննարկված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագծի և դրանից բխող «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»  օրենքներում լրացումների և փոփոխությունների փաթեթը:

Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները, քվեարկությունը բոյկոտեցին: ՀՀԿ խմբակցությունը` պատճառաբանելով քվեարկության ժամանակ տեխնիկական վրիպակի առկայությունը, առաջարկեց  քվեարկությունը կրկնել, սակայն վերաքվեարկության արդյունքում պատկերը չփոխվեց:

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում էր, որ աղբահանության վճարը կարող է սահմանվել և հաշվարկվել ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 30 000 դրամ, կամ ըստ ծավալի`  մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 10 000 դրամ, կամ ըստ հաշվառված անձանց քանակի` յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը ամսական 500 դրամ, կամ ըստ անշարժ գույքի բնակելի մակերեսի` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով` առավելագույնը 50 դրամ, իսկ 1 քմ ոչ բնակելի մակերեսի համար` 75 դրամ: Աղբահանության վճարի հաշվարկման կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար, տվյալ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, սահմանվելու էին համայնքի ավագանու կողմից: Ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի` առավելագույնը ամսական 200 դրամի չափով:

Այսպիսով, ավարտվեց ԱԺ-ի դեկտեմբերի 13-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Բացառությամբ նշված երկու օրենսդրական նախաձեռնությունների, օրակարգային մյուս բոլոր հարցերն ընդունվեցին, այդ թվում նաև կենսաթոշակային բարեփոխումների և օտարալեզու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բացումը թույլատրող օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությունները:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply