Ինչպե՞ս վերափոխենք իշխանությունը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 28, 2010 12:30

Ընդունված է համարել, որ կառավարությունը ծագել է այն ժամանակ, երբ դրա կարիքը մարդիկ զգացել են: Ուրեմն, եթե կառավարությունը չի կարողանում բավարարել մարդկանց կարիքները, մարդիկ կառավարության կարիքն այլևս չեն զգա, կկորցնեն իրենց վստահությունը, կբողոքեն նրա դեմ` ձգտելով ընդհուպ  իշխանության վերացման:

Երբ Հայաստանում իշխանական շրջանների կողմից ինչ-որ սխալ բան է կատարվում կամ անօրինական ակտ, մարդիկ միանգամից մեղադրում են կա՛մ այդ արարքի հեղինակին, կա՛մ ընդհանրապես իշխանությանը` պահանջելով փոխել այն: Բայց բոլոր երկրներում էլ սխալներ ու ապօրինի երևույթներ լինում են, ուրեմն պետք է բոլոր երկրներում փոխե՞լ վարչակարգերը կամ անընդհատ պաշտոնանկություննե՞ր անել:

Խնդիրը, մեր կարծիքով, ո՛չ անօրինականություն անող պաշտոնյան և ո՛չ էլ իշխանական համակարգն է, այլ` պետական համակարգի գործունեության սկզբունքը:

Հայտնի է, որ մինչ օրս պետական բյուրոկրատիան է փորձել բավարարել մարդկանց պահանջմունքները, իսկ այս սկզբունքով գործող համակարգերում հիմնախնդիրներն անխուսափելի են: Դրանցից են.

– պաշտոնյաների սխալ (պաշտոնեական անգործություն կամ պաշտոնեական դիրքի չարաշահում) գործողությունները,

– իշխանությամբ օժտված մարմինների  ստվերային եկամուտ հետապնդելը,

– որոշումների ընդունման գործընթացում «դուր գալ-չգալու»  զգայական գործոնները,

– տնտեսական շահերով ուղղորդվելը և այլն:

Իսկ ֆորմալ կամ մեզ ծանոթ բյուրոկրատական համակարգը չի կարող ամբողջովին վերացնել իշխանության սխալ գործողությունները: Ֆորմալ համակարգը վերաբերում է այն վարքականոններին, որոնք մարդիկ ձևավորել և ստեղծել են գիտակցական կամ իրավագիտակցական ճանապարհով. դրանք սովորաբար ներառում են օրենքներ, կարգավորումներ, իրավական պայմանագրեր ևն: Այստեղ մարդիկ են վերահսկում նշված իրավական գործընթացները, և մարդկային էության փոփոխական բնույթը կարող է, կախված իրավիճակից, ստիպել մարդկանց փոխել իրենց վարքագիծն ու գնահատականը:

Փորձենք սահմանել այն հիմնախնդիրները, որոնք անխուսափելիորեն առաջանում են աշխարհի շատ երկրների պետական համակարգերում և  մասնավորապես` Հայաստանում:

Նախ` իշխանությամբ օժտվածները ստվերային շահ են հետապնդում,  մանավանդ երբ խոսքը տնտեսական միավորներին (գործարարներ) քաղաքական իշխանությամբ օժտելու մասին է: Այս դեպքում է, որ կառավարությունը  ենթարկվում է կոռուպցիոն իրական ռիսկերի: Այսինքն` կառավարության` իբրև հանրային իշխանության էությունը խաթարվում է. շահ չհետապնդողից դառնում է  շահ ծնող:

Այս համատեքստում ծագող ամենացավալի խնդիրը պաշտոնյայի` տնտեսական շահերով ուղղորդվելն է: Ակնհայտ է, որ մարդիկ են գործարկում կառավարությունը: Արևմտյան տնտեսագիտական տեսությունում առկա տնտեսական մարդու (economic man) հիպոթեզը պնդում է, որ մարդը ռացիոնալ է և ինքնաբավ: Երբ անձն իր գործունեության մեջ ընտրության խնդիր է ունենում, միշտ բնազդով ընտրում է այն տարբերակը, որը կարող է իրեն ավելի մեծ տնտեսական շահ բերել:

Քաղաքական իշխանության ու ընթացակարգերի իրականացումը նույնպես կատարվում է մարդկանց կողմից: Եվ երբ մարդիկ պետք է քաղաքական որոշումներ կայացնեն, որպես կանոն, հետապնդում են շահեր ու խուսափում դժվարություններից, կամ մեծ շահերը նախընտրում են փոքրերից:

Այսպիսով, նույնիսկ կառավարության գործառնության մակարդակում մարդկանց վարքագիծն անխուսափելիորեն տնտեսական մարդու բնութագրիչ ունի:

Ֆորմալ-բյուրոկրատական համակարգը կարող է միայն սահմանափակել այդ գործողությունների արտաքին մասը (սխալ գործողության օրինական կարգավորում` պատիժ կամ պաշտոնազրկություն), բայց չի կարող վերացնել պատճառը, չի կարող վերահսկել մարդկային էության մեջ բնականորեն ձևավորված ու արմատացած ցանկությունները:

Մյուս հիմնախնդիրը  նույնպես այս մարդկային էմոցիաների խմբից է. օրինակ` որոշումների ընդունման գործընթացում «դուր գալ-չգալը», որն իր հերթին է խաթարում իշխանության արդյունավետ իրականացումը:

Որոշումների ընդունումը կառավարության կարևորագույն առանձնահատկությունն է. դրանցով են կարգավորվում հասարակական բոլոր ոլորտները, կարճ ասած` հասարակ քաղաքացու կյանքը: Բայց որոշումների ընդունման գործընթացը կարող է շաղախվել զգացմունքներով կամ որոշ ղեկավարների նեղ անձնական շահերով և հանգեցնել քաղաքացու համար ոչ բարենպաստ կամ կործանարար հետևանքների:

Այսօրինակ որոշումների ընդունման հետևանքների հայտնաբերման համար բավական երկար ժամանակ  է պահանջվում, դրանց կանխավ հայտնաբերումը ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի պայմաններում չափազանց դժվար է:

Ավանդական մշակույթի բացասական ազդեցությունը, ի լրումն վերը նշված հիմնախնդիրների, էապես խոչընդոտում է պետական կառավարման համակարգի վերափոխման գործընթացը` դժվարացնելով արժեքային համակարգի արդիականացումը: Այս  ազդեցությունը բնորոշ է հատկապես հետխորհրդային երկրներին:

Փաստորեն,  քանի դեռ մարդիկ են օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանական մարմիններում, նրանք անխուսափելիորեն սխալ են գործելու: Այլ կերպ ասած, ինչքան էլ քաղաքացիական ծառայության քննությունները կատարյալ լինեն, և մարդիկ գերազանց հանձնեն դրանք, կամ ինչքան էլ ղեկավարությունը հայեցողական պաշտոններում ընտրի լավագույններին, միևնույն է, սխալներ կլինեն: Դրանք կլինեն կա՛մ մեծ` հարցականի տակ դնելով ողջ իշխանական համակարգի վստահության հարցը, կա՛մ փոքր, որից կտուժի սովորական դիմում գրած մարդը ու այդպիսով կկորցնի վստահությունը իշխանության տվյալ ճյուղի նկատմամբ: Իսկ եթե ընդունում ենք, որ իշխանությունը մի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր օրգանի սխալի դեպքում հետևանքը կրում է ողջ մարմինը, դիմում գրած քաղաքացին դատապարտում է ոչ միայն այս կամ այն նախարարությանը, այլև ընդհանրապես ներկա իշխանությանը:

Հայաստանում դեռևս գոյություն չունեն այն ռեսուրսները, որ պետական համակարգը կարողանա վերահսկել ապագա բոլոր պաշտոնյաների աճը` սկսած բուհական կրթություն ստանալուց և վերջացրած տվյալ անձի զգայական համակարգի կանոնակարգումով, ինչն անում են ԱՄՆ-ում կամ Չինաստանում պետական հատուկ միջոցներով:

Հիմնախնդիրների մյուս խումբը հասարակության իշխանությանը մասնակցելու մասին է:

Շատ դեպքերում խնդիրները, բողոքները հասանելի չեն դառնում կառավարությանը, քանի որ, նախ, բոլոր քաղաքացիները չեն, որ դիմում կամ նամակ են գրում, և երկրորդ` բոլոր դիմումներն ու նամակները չէ, որ հասնում են հասցեատերերին: Վերջին հիմնախնդիրը հանգեցնում է քաղաքացու վստահության վերացմանը, քանի որ նրա նամակին չեն էլ պատասխանում:

Տարբեր երկրներում,  նաև Հայաստանում Հանրային խորհրդի (ՀԽ) ստեղծումը այս հիմնախնդիրը հաղթահարելու նպատակ ուներ. կառույցի խնդիրն է` հանրության ձայնը, մտահոգություններն ու առաջարկությունները, ելնելով քաղաքացիների հղած դիմումներից, հասցնել իշխանություններին:  ՀԽ շնորհիվ է, որ, օրինակ, կասեցվեցին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման գործընթացը, կանանց հետծննդյան նպաստների մասին օրինագծի ընդունումը և այլն: Այսինքն` հասարակ քաղաքացին ստացավ մի խողովակ, որով իր ձայնը վերևներին հասցնելու վստահություն և գործերի ընթացքի վրա ազդեցություն ունենալու հույս ձեռք բերեց:

Այդուամենայնիվ, այսօրինակ կառույցներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Իշխանությունն արդյունավետ գործելու համար պետք է կարողանա անմիջականորեն լսել մարդկանց:

Իսկ այն պաշտոնյաները կամ մարմինները, որոնք պարտավոր են լսել մարդկանց կա՛մ ուղղորդվում են վերը նշված սխալ հատկանիշներով, անձնական շահերով և ընտրում` ում լսել և ում` ոչ, կա՛մ չեն կարողանում բոլորին լսել. և դա նորմալ է, քանի որ ֆիզիկապես դա հնարավոր չէ, այն էլ այսօր, երբ մարդիկ ավելի պահանջկոտ են դարձել: Նրանք ուզում են ավելի արագ պատասխաններ ստանալ, իրենց պահանջմունքներին` ավելի արագ բավարարում. այս միտումը հիմա զարգանում է ողջ աշխարհում:

Հին դարերում այս հարցերը հեշտ էին լուծվում. Աթենքում մարդիկ հավաքվում էին մի գեղեցիկ սրահում և քննարկում ամեն տեսակի հարցերը. կարծիք կարող էին հայտնել բոլորը: Հիմա, բնականաբար, այսօրինակ ուղղակի ժողովրդավարությունն անհնար է, քանի որ բնակչությունը շատացել է:

Հիմնախնդրին լուծում տալու նպատակով աշխարհի շատ երկրներ որդեգրեցին ժողովրդավարական հանրապետության մոդելը` դրա ներկայացուցչական տեսակը, երբ մարդիկ ընտրում են պատգամավորներ, որոնք իրենց ձայնը լսելի են դարձնում իշխանությանը, կամ ընտրում են ընտրողներ, որպեսզի սրանք ընտրեն բարձրագույն իշխանություն:  Մինչդեռ, թե ինչպես են հիմա ընտրվում պատգամավորները, կամ ավելի ճիշտ` ինչպես են գնվում պատգամավորական պորտֆելները, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Այսպիսով, ներկայումս ոչ մի երկիր կամ գոնե այն օրինակելի համարվող երկրները, որոնց պատգամավորական ընտրություններում գոնե «կարուսել» չեն անում, չեն կարողանա արդյունավետ գործել կամ բավարարել քաղաքացիների պահանջմունքները: Սա էլ, բնականաբար, հանգեցնում է դժգոհությունների ու բողոքների, որոնց իշխանությունները կա՛մ արձագանքում են, կա՛մ ոչ և կամ ընկալում են` որպես ընդունելի ռիսկ:

Ներկայումս, երբ, ինչպես նշեցինք, մարդկանց պահանջներն իրենց իշխանություններից ավելի են մեծացել թե՛ քանակապես և թե՛ որակապես, իշխանական կամ պետական կառավարման համակարգերը տեղեկատվության կարիք ունեն: Այսինքն` իշխանությունները պետք է կարողանան առավելագույնս լսել, քանի որ լսելու պատգամավորական խողովակը, ինչպես պարզեցինք, նորմալ չի գործում: Այլ կերպ ասած, որպեսզի իշխանությունը արձագանքի և ճիշտ արձագանքի այդ պահանջներին, նախևառաջ պետք է իմանա, թե որոնք են այդ պահանջները, հետո գործադրի իր իշխանությունը դրանք բավարարելու համար:

Ահա, այսօրինակ հիմնախնդիրներին ներկայիս բյուրոկրատական համակարգը պատրաստ չէ, քանի որ այն ենթադրում է հիերարխիկ կառուցվածք, պաշտոնյաների հստակ կամ ընդգծված աստիճանակարգություն` լիազորությունների հստակ տարաբաժանմամբ:

Հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է զարգացնել հետերոարխիկ համակարգ, որում պաշտոնյան չի լինի բուրգի վերևում, իսկ քաղաքացին` ներքևում. նրանք կլինեն հորիզոնական հարթության վրա: Իրականում հասարակ քաղաքացին ավելի շատ բան ունի առաջարկելու, քան միայն քվեարկելն ու հարցախույզներին պատասխանելն է:

Ուստի, ավելի արդյունավետ կլինի, եթե իշխանությունն ու քաղաքացին կարողանան աշխատել միասին. հավաքել և վերլուծել տեղեկությունները և նույնիսկ ընդունել որոշումներ, այնպես, ինչպես Հին Աթենքում էր: Այլ կերպ ասած, այլևս պարտադիր չէ, որ պաշտոնյան միակ որոշում կայացնողը լինի:

Առաջին հայացքից այս գաղափարն առասպել է կամ, առնվազն, արմատական, բայց իրականում սա այնքան իրատեսական է, որքան իրատեսական էր նախկինում ներկայիս ժողովրդավարության հաստատումը:

Խոսքը վիրտուալ ժողովրդավարության մասին է:

շարունակելի

Դիտվել է 2513 անգամ:
Print Friendly

Leave a Reply