Մի քանի զավեշտալի դրվագներ Հանրային խորհուրդ դիմած քաղաքացիների դիմումներից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 27, 2010 9:00

Հանրային խորհրդի (ՀԽ)  ստացած առաջին նամակը՝ հաշվառված Ա001 համարի տակ, քաղաքացի Էդուարդ Նավասարդյանինն է, որը գրել է, թե 90-ականների սկզբին 500 մլն դոլար է բերել Հայաստան և եկել է ՀԽ-ի միջոցով իշխանություններից պահանջելու այդ փողը: «Նա ամենայն լրջությամբ գալիս և հարցնում էր, թե ինչ եղավ էդ փողի հարցը,- ասում է ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը,- և այդ հարցով ամեն տեղ դիմում է: Մի անգամ նրան տեսել եմ ֆինանսների նախարարությունից  դուրս գալիս: Դիմումն էլ  գուլպայի մեջ է պահում»:

ՀԽ փորձագետ  Նորա Աբաջյանը պատմում է, որ աշխատանքային օրն ացնում է շատ «հետաքրքիր», քանի որ բազմաթիվ զավեշտալի դիմումներ և նամակներ են ստանում: «Մի տատիկ գրել էր, որ իրենց դիմացի հարևանի տղան օրը քանի անգամ իրեն տեսնի՝ բարևում է,- պատմում է նա,- դա տատիկի ներվերի վրա ազդում էր, և նա որոշել էր, որ ՀԽ-ն այդ հարցը պիտի շտապ կարգով լուծի»:

Մի տիկին, ՀԽ աշխատակիցների հավաստմամբ, պատկառելի  և վստահություն ներշնչող արտաքինով,  դիմում է գրել, թե հարևաններն իրեն նեղում և սպառնում են: «Սկզբում մտածեցինք, որ կան այդպիսի  չարամիտ հարևաններ, որ ուզում են հարևան միայնակ կինը մեռնի, հետո բնակարանի-բանի հարց կարող է լինել,- ասում է Բարխուդարյանը,- սակայն հետո նա սկսեց պատմել, որ ինչ-որ սարքավորումներ են տեղադրել, որից ինչ-որ ալիքներ են բաց թողում՝ իրեն թունավորելու համար: Նա մեզ հասցրեց ինֆարկտի, մինչև նրա հարցով զանգեցի ոստիկանություն, որտեղ ինձ ասացին, որ այդ կնոջ մասին տեղյակ են»:

Պարզվում է, որ դիմողների երևակայությունը սահման չունի, և  մի քաղաքացի առաջարկել է հայոց այբուբենի իր մշակած տարբերակը այն պատճառաբանությամբ, որ մաշտոցյան այբուբենի տառերը լավը չեն կամ սխալ են: «Նման մարդիկ այնպիսի բան են ապացուցում, որը շատ դժվար է ինչ-որ կերպ հերքել,- ասում է Բարխուդարյանը,- բայց մենք իրավունք էլ չունենք մերժելու: Դիմումն ուղարկեցինք կրթության և գիտության ենթահանձնաժողովին»:

Բարխուդարյանն առանձնացրեց մի քաղաքացու դիմում՝ ՏԻՄ օրենքում ավագանի առաջադրվելու պահանջը փոխելու վերաբերյալ.  «Ավագանի կարող են դառնալ այս, այս, պահանջներին բավարարող անձինք, կրթությունը պարտադիր չէ…»:

Քաղաքացիներից մեկն առաջարկել է քննարկել իր ստեղծած գրպանի ջրածնային ռումբի մոդելը, իսկ մի գյուղացի էլ ՀԽ-ին առաջարկել էր լուծել հարևանների հարցը, որոնք թրիք են լցնում իր դարպասների առաջ:

Քաղաքացի Անահիտ Սահակյանին չափազանց անհանգստացրել է հայրենական արտադրության անձեռոցիկների քանակի անհամապատասխանությունը տուփի վրա նշված քանակի հետ: «Պարզվում է, որ ոչ մեկը չի համապատասխանում նշված քանակին,- գրում է նա,- 100-ի փոխարեն եղել է 76, լավագույն դեպքում՝ 90 անձեռոցիկ: Սա մանրուք է, բայց պետք է սկսել մանրուքներից, որ քեզ խաբված չզգաս»:

Հանրային խորհրդի դիմողների վերջին  «գլուխգործոցը» մի  անօթևանի դառը սարկազմն է, որը խնդրել է անձնագրի գրանցման մասին էջում հասցե գրել, որպեսզի աշխատանքի ընդունվելիս խնդիրներ չունենա: Նա մինչ այդ անձնագրային վարչությունում ինչ-ինչ պատճառներով պատռել էր անձնագիրը,  իսկ այդ դեպքում չափազանց բարդանում է կրկին անձնագիր ստանալը: Բարխուդարյանի երկարատև միջնորդություններին ընդառաջ գնալով՝ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը քաղաքացուն հարցրել է, թե ինչ հասցե պետք է գրվի համապատասխան թերթում, քաղաքացին պատասխանել է` Բաղրամյան 26:

Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը չգիտի, ասենք, որ դա նախագահի նստավայրի հասցեն է:

Դիտվել է 1968 անգամ:
Print Friendly

Leave a Reply