Մարդիկ դժգոհում են անարդարությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | December 25, 2010 13:00
Հանրային խորհուրդն իր աշխատանքները սկսել է 2009 թ. մայիսի 5-ից: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ի տվյալներով՝ ողջ գործունեության ընթացքում ՀԽ-ն ստացել է 411 դիմում, 95 առաջարկություն և 33 պաշտոնական գրություն: Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին կից խորհրդատվական մարմին է, որի շնորհիվ կապ է հաստատվում հասարակության և նախագահի միջև:
Այս ընթացքում ստացված դիմումների մեծ մասը` 178 դիմում, ուղղվել է պետաիրավական հանձնաժողովին, 54-ը՝ առողջապահության և սոցիալական հարցերի, 46-ը ՝ ֆինանսատնտեսական, 44-ը՝ կրթության, գիտության, 18-ը՝ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի և այլն:
ՀԽ-ն մինչ այժմ ունեցել է 11 լիագումար նիստ, քննարկվել է 43 օրակարգային հարց, և ընդունվել է 26 որոշում: Դրանցից են հայ-թուրքական արձանագրությունների, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի և «Լեզվի մասին» օրենքի վերաբերյալ որոշումները, «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքում և աշխատանքային օրենսգրքում արհմիությունների հետ կապված փոփոխություններ կատարելու մասին որոշումները, գյուղատնտեսության կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին փաթեթը, մարդու օրգանների պատվաստման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եզրակացությունը, Տավուշի մարզի տարբեր սահմանամերձ գյուղեր կատարած այցելությունների արդյունքում մոտ 10-էջանոց առաջարկների փաթեթը և այլն:
Այս հարցերից շատերը լուծում են ստացել, իսկ շատերն էլ քննարկման փուլում են:
Հանրային խորհրդի քննարկումների արդյունքում մեծապես փոխվել է «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, դադարեցվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդվելը: Գյուղացիության կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին փաթեթը մտել է կառավարության մշակած 2010-2020 թթ. գյուղացիության զարգացման ռազմավարական ծրագրի մեջ:
ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությունը արդարադատության նախարարությունը սկզբից մերժել է, այնուհետև դիմել է եվրոպական մի կազմակերպության, որն առաջարկել է նույն բանը, որից հետո ՀԽ-ի առաջարկությունները հաշվի են առնվել օրենքում:
Մարդու օրգանների պատվաստման և առքուվաճառքի մասին օրենքում հաշվի են առնվել ՀԽ-ի առաջարկած փոփոխությունները:
Հանրային խորհուրդը բարեգործական ակցիա է արել Խաչիկ գյուղում, որտեղ գրքեր են բաժանվել:
ՀԽ-ի հեղինակած «Հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքների խարտիան», բացի «Արմենիա» հեռուստաընկերությունից, ստորագրել են բոլորը: Խարտիան խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունն ապահովելու , հասարակության վստահությունը շահելու և լսարան գրավելու համար անբարեխիղճ միջոցներ չկիրառելու մասին է:
Այժմ քննարկման փուլում է հանրակրթության մասին առաջարկությունների փաթեթը, որը ներկայացվել է հանրապետության նախագահին: Քննարկման փուլում է նաև իննովացիոն քաղաքականության մասին փոփոխությունների առաջարկը:
ՀԽ գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանն ասում է, որ աշխատանքային տարվա ընթացքում քննարկված հարցերից ամենահետաքրքիրը եղել են «Լեզվի մասին» օրենքի ու հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված քննարկումները: «Այս հարցերում միասնություն չկար, և բոլոր ենթահանձնաժողովներում՝ բոլոր քննարկումներն անցել են շատ բուռն ու հետաքրքիր»,- ասաց նա:
Աշխատանքային փորձի վերլուծությունը ՀԽ գրասենյակի ղեկավարին հանգեցրել է այն փաստի արձանագրմանը, որ հասարակության մեջ գոյություն ունի մոտ 200 հոգանոց խումբ, որը նույն կամ տարբեր հարցերով դիմում է ամեն տեղ, որտեղ նամակների կամ դիմումների ընդունման բաժին կա: «Եթե հիմա բացվի ինչ-որ նոր կազմակերպություն կամ կառույց, որտեղ նամակների ու դիմումների բաժին լինի, նրանք այնտեղ էլ կդիմեն՝ անկախ այն հանգամանքից, թե էդ կազմակերպությունն ինչ իրավասություն ունի, կամ համապատասխանում է արդյոք իրենց խնդիրն այդ կառույցի ձևաչափին»,- ասում է գրասենյակի ղեկավարը:
Բարխուդարյանի դիտարկմամբ՝ աշխատանքային գործունեության առաջին ամիսները եղել են շատ ավելի լարված ու բազմամարդ, սակայն դիմողների հիմնական զանգվածը եղել է հենց այդ խումբը. «Հետո արդեն փոխվեց, և այլ առաջարկներ եղան»:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՀԽ-ին դիմել էր մարդու օրգանների պատվաստման և առքուվաճառքի մասին եզրակացություն տալու համար, որից հետո Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել:
Բազմաթիվ խնդիրներ են լուծվել` կապված տարբեր ոլորտների և դիմող քաղաքացիների անձնական հարցերի հետ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ լուծվել են 33 ամենատարբեր խնդիրներ և հարցեր:
Օրինակ` Տավուշի մարզի Ջիլիզա գյուղում, որը գտնվում է հայ-վրացական սահմանի վրա, անցակետ չկար, և վրացական կողմն անցնելու խնդիրն ամենօրյա հարց էր, քանի որ կիպ կպած երկու գյուղերում բարեկամներ են ապրում: «Մեր այցելությունից հետո Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ գյուղում անցակետ բացվեց»,- ասաց Բարխուդարյանը:
Վերլուծելով Հանրային խորհուրդ մուտք եղած դիմումներն ու առաջարկները՝ գրասենյակի ղեկավարը եկել է այն եզրակացության, որ մարդկանց ավելի շատ անհանգստացնում է ոչ թե սոցիալական, այլ անարդարության հարցը: «Վիճակագրության տվյալները հստակ ցույց են տալիս իրական պատկերը,- ասում է նա,- դիմումների մոտ 50 տոկոսն անարդար որոշումների մասին է: Դա ցույց է տալիս, որ մեզ մոտ ամենից շատ կաղում է դատական համակարգը»:
Որպես օրինակ` Բարխուդարյանը բերում է Տավուշի մարզից մի քաղաքացու դիմում, որը բողոքել է, որ իր հողի կադաստրի վկայականը տեղական ստորաբաժանումում պատրաստ է և կա, բայց երկու տարի է, ինչ չի կարողանում վերցնել այն: «Մեր միջնորդությունից հետո նա ստացավ վկայականը,- ասում է Բարխուդարյանը,- մարդն ասում է, որ , այո, հեռավոր գյուղ է, պայմանները լավ չեն, ապրելը դժվար է, մի կերպ ապրում են, չեն բողոքում, բայց իրեն հասնող վկայականը ինչո՞ւ չեն տալիս»:
ՀԽ-ն կառուցվածքով շատ նման է ԱԺ-ին. ունի 12 ոլորտային հանձնաժողով և 66 ենթահանձնաժողով, ամենամեծը ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն է: Խորհուրդը 1950 անդամ ունի, որոնք ներկայացնում են մոտ 900 ՀԿ-ներ: Նրանք աշխատում են հասարակական հիմուքներով: Վարձատրվում է միայն ՀԽ-ի 9-հոգանոց աշխատակազմը:






Facebook
Tweet This
Email This Post
