Թե ինչպես են նյարդայնացնում ՀԴՄ շահում ցանկացողներին
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | December 24, 2010 9:09
Պետեկամուտների կոմիտեի անունից հանրապետության գլխավոր լոտոյավար Հրանտ Թոխատյանը պարբերաբար կոչ է անում քաղաքացիներին. «Պահանջե՛՛ք, անպայման պահանջե՛ք ՀԴՄ կտրոնը»: Սակայն շահումներ (հարկայինի տերմինաբանությամբ` «պարգևավճար») ստանալու ժամանակ մարդիկ այնպիսի բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկնում, որ դրանից հետո հազիվ թե նրանց մեջ կտրոն պահանջելու ցանկություն մնա:
Այսպես. դեկտեմբերի 14-ին Վանաձորի բանկային բաժանմունքներից մեկում շահած կտրոնը ձեռքին քաղաքացուն մերժում էին գումար տրամադրել պատճառաբանելով. «Էս կտրոնով դուք չեք կարող գումար ստանալ, քանի որ թվերի վերևում սերիան չի գրված»: Միաժամանակ խորհուրդ էին տալիս. «Կտրոնը ստանալիս պետք է զգուշացնեք վաճառողին այնպես կտրել, որ թվերից բացի, դրանց վերևում գրված սերիան էլ երևա»: Ուրեմն, գնորդը էլ բանուգործ չունի, պետք է ոչ միայն կտրոն պահանջի (որ վաճառողը պարտավոր է տրամադրել առանց պահանջելու), այլև պետք է հետևի թվերին, և ոչ միայն թվերին, այլև սերիայի առկայությանը: Այսինքն` քաղաքացին պետք է կամա-ակամա հարկային տեսուչի կարգավիճակում հայտնվի ու «վատամարդ» դառնա:
Փորձեցինք Հարկային տեսչության կայքէջից տեղեկանալ, թե արդյոք նման նախապայման գոյություն ունի՞, սակայն «Շահող կտրոն» բաժնում նման նախապայման չկար: Զանգահարեցինք հարկայինի թեժ գիծ և հետաքրքրվեցինք, թե արդյոք պարտադի՞ր է թվերի վերևում գրված սերիայի համարը: Պատասխանեցին. «Ոչ, դա նախապայման չէ»: «Իսկ ինչու՞ են «Արարատ» բանկի Վանաձորի մասնաճյուղում այդ հիմքով մերժում քաղաքացիներին գումար տրամադրել» հարցիս պատասխանեցին. «Դուք նրանց բացատրեք, որ ճշտել եք մեզ հետ, և նման նախապայման չկա»: Երբ այս պատասխանը փոխանցեցինք «Արարատ» բանկի աշխատակցին, նա ասաց. «Նրանց ասածը ինձ համար հիմք չի: Ես իմ ղեկավարությունից հրաման եմ ստացել, որ սերիան անպայման պետք է թվերի վերևում գրված լինի: Դե թող գրավոր ուղարկեն, որ դա հիմք չէ, ես էլ գումարը տամ: Ինձ համար հիմքը իմ ղեկավարությունից ստացած հրամանն է»:
«Սովորաբար, եթե ես կտրոն եմ տրամադրում, նայում եմ, որ թվերը գրված լինեն, բայց սերիայի համարի մասին չգիտեի»,- զարմանում է Վանաձորի անհատ ձեռներեցներից մեկը: Փաստորեն, հարկայինը մի բան է ասում, բանկը` այլ, արդյունքում տուժում է քաղաքացին, և տուժում է պետբյուջեն, քանի որ այդքանից հետո քաղաքացին կարող է ձեռքը թափ տալ ու ասել` «իբր էս պետության մեջ ի՞նչն է ճիշտ», և այլևս կտրոն չպահանջել:
Ի դեպ, Վանաձորի փոստային բաժանմունքներում անորոշ ժամանակով դադարեցվել է շահումային գումարների տրամադրումը, բայց քաղաքացիներին անգամ զլանում են ասել, որ գումարը պետք է ստանան «Արարատ» բանկից, և անտարբեր նետում են. «Վճարների հատկացումը դադարեցված է: Չգիտենք մինչև երբ»: Նման պատասխանից հետո, բնականաբար, շատերի մտքով կանցնի. «Բա էն եկամուտների կոմիտեի նախագահը ինչի՞ էր էն օրը հեռուստատեսությամբ ուրիշ բան ասում: Ուրեմն էս պետության մեջ ամեն ինչ սու՞տ է»:
Ի վերջո, «Շահող կտրոն» խաղարկության նպատակը մարդկանց շահագրգռե՞լն է կտրոն պահանջելու, ստվերային առևտրի դեմ պայքարելու հարցում, թե՞ նյարդայնացնելը:
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
