Համակարգչային անխուսափելի հեղափոխություն
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 23, 2010 15:51
Ըստ «Ինտել» ընկերության հիմնադիր-հայրերից մեկի` Գորդոն Մուրի ձևակերպած օրենքի` սովորական հաշվողական համակարգերի արտադրողականությունը ամեն 18 ամսվա ընթացքում կրկնապատկվում է: Սա հիմնականում տեղի է ունենում կիսահաղորդչային տրանզիստորների չափերի փոքրացման (փոշու հատիկը, համեմատած դրանց հետ, 50 հարկանի շենք է) և դրանց քանակի մեծացման միջոցով: Հաջողակ ընկերությունները, անխնա մրցակցային պայքարում ներդնելով հսկայական միջոցներ, որքան պահում են այդ օրենքի ճշմարտացիությունը, այնքան տեսանելի է դառնում նրա վախճանը: Այսպիսով, նրանք չեն կարողանա պահել զարգացման բարձր տեմպերը: Պատճառը շատ պարզ է, այդչափ փոքր տիրույթում ֆիզիկայի (այս դեպքում քվանտային ֆիզիկայի) օրենքները առայժմ չեն ենթարկվում մարդու «քմահաճություններին»: Հաշվի առնելով սա, թվում է, արդեն 5-10 տարուց գիտության և տեխնիկայի ոլորտում մարդկության պահանջմունքները կսկսեն չբավարարված մնալ: Հետևաբար պետք կգան սկզբունքային մարտավարական փոփոխություններ, առանց որոնց հնարավոր չէ ակնկալել զարգացում: Այս առնչությամբ անմիջապես կարելի է մտաբերել խորհրդային արտադրության «Կովկասի գերուհին» ֆիլմը. բոլորը կհիշեն Մհեր Մկրտչյանի արտահայտությունը` «тот кто нам мешает, тот и нам поможет»: Եթե այս մարտավարական սկզբունքը փոխադրենք հաշվողական տեխնոլոգիաների ֆիզիկայի ոլորտ, ապա պարզ կդառնա, որ խնդրի լուծման միակ ճիշտ ուղղությունն ի հայտ եկող քվանտային երևույթների հետ հաշվի նստելն է և դրանք կառավարել սովորելը: Այդպիսով, օգուտ կքաղվի այն բանից, ինչը մինչ այդ խանգարում էր սովորական տրանզիստորային տեխնոլոգիաների դեպքում: Այս նոր հեղափոխական մարտավարության վերջնական արդյունքն արդեն մոտ երկու տասնյակ տարի թեժ բանավեճեր աաջացնող քվանտային համակարգիչներն են:
Ներկայումս գիտնականների մի հոծ բազմություն մեծ հույսեր է կապում քվանտային համակարգիչների հետ, այնպես, ինչպես մոտ 30 տարի առաջ դասական համակարգիչների դեպքում էր: Քվանտային համակարգիչների աշխատանքը կարելի համեմատել զուգահեռ պրոցեսորների համախմբի (քլասթերի) հետ, սակայն, այն կտարբերվի անհամեմատ մեծ արդյունավետությամբ և էական առաջընթաց կապահովի այս ոլորտում: Բերենք համեմատություններ: Տվյալների այնպիսի բազայում, որտեղ դասական համակարգիչը որոնում է իրականացնում մոտ 1000 տարում, քվանտայինը նույնը կանի մոտ 4 րոպեում: Եթե հուսալի համարվող RSA կոդավորումը (սա հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային ստորագրությունների համար) դասական համակարգիչը կկոտրի տիեզերքի տարիքին հավասար ժամանակում (մոտ 14 մլրդ. տարի), ապա քվանտայինը նույնը կանի կես վայրկյանից էլ քիչ ժամանակում: Կարելի է սահմանել, որ քվանտային համակարգիչը այն սարքն է, որը կլուծի առկա անլուծելի թվացող խնդիրները, իսկ մյուս կողմից էլ հանգիստ քնից կզրկի բանկային համակարգի, պետական կառույցների աշխատողներին, զինվորականներին և բոլոր նրանց, որոնց աշխատանքն ու բարեկեցությունը կախված է տեղեկատվության անվտանգությունից:
Քվանտային համակարգչի օգնությամբ գիտնականները կկատարեն կարևոր գիտափորձեր, կարելի կլինի ամենաարդյունավետ ձևով կառավարել այնպիսի բարդ համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, աշխարհի խիտ բնակեցված շրջանների տրանսպորտային ցանցերը: Օդերևութաբանները կկարողանան ճշգրտորեն կանխագուշակել եղանակը, կխթանվեն տիեզերագնացության, դեղագործության (հետևաբար նաև բժշկության) և առհասարակ բոլոր այն ոլրտները, որոնք կապված են բարդ մոդելների իրականացման, տվյալերի մեծ հոսքերի հետ: Մի խոսքով մարդկության առաջընթացը, կյանքն ու առօրյան մեծապես կախված կլինի քվանտային ֆիզիկայի սկզբունքներով աշխատող համակարգիչներից:
Հնարավոր է, որ համակարգչային հեղափոխությանը երկար սպասենք, քանի որ որոշակի խնդիրներ լուծող կայուն քվանտային համակարգիչ ստեղծելը մինչ այժմ համարվում է դժվար և անշնորհակալ գործ: Չնայած դրան` վերջերս կանադական “D-Wave” ընկերությունը ներկայացրեց առաջին կոմերցիալ արտադրանքը` «Օրիոն» քվանտային համակարգիչը: Այն աշխատում է գերհաղորդականության (այս երևույթը ի հայտ է գալիս -273 ցելսիուս ջերմաստիճանին մոտ) սկզբունքով և լուծում է մի շարք մինչ այժմ անլուծելի խնդիրներ, մասնավորապես NP (Non-deterministic Polynomial) դասի մաթեմատիկական խնդիրներ:
Ի դեպ, եթե Հայաստասնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է որպես գերակա ոլորտ, նշանակում է պետւթյան զարգացումը մեծապես կախված է այդ ոլորտի առաջընթացի հետ: Հետևաբար, համարձակ, բայց արդարացված քայլ կարող է համարվել քվանտային համակարգիչ ստեղծելու գիտական հետազոտություններ նախաձեռնելը: Չէ՞ որ անցած դարում քիչ չի եղել հայ գիտնականների ներդրումը սովորական թվային համակարգերի հայտնագործման և նախագծման մեջ:
Նարեկ Հակոբյան






Facebook
Tweet This
Email This Post
