Պետք է բարելավել ջրամատակարարման որակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2010 15:11

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն երեկ  ընդունեց «Վեոլիա ջուր»  ընկերության միջազգային առաքելությունների պատասխանատու, մայր գրասենյակի խորհրդի անդամ Պիեռ Բրյունեին  և  «Երևան Ջուր»  ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հանդիպման նպատակը «Վեոլիա»  և «Երևան Ջուր»  ընկերությունների վարձակալության պայմանագրով որոշակի գործառույթների, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններին առնչվող խնդիրների քննարկումն էր: Հյուրերը նախ շնորհավորեցին Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան ձեռքբերումներով լի աշխատանքային գործունեություն: «Երևան Ջուր»  ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին ներկայացրեց անցած 5 տարվա ընթացքում մայրաքաղաքում ընկերության իրագործած ծրագրերը:

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ առաջին հերթին «Երևան Ջուր»  ընկերությունը մեր համաքաղաքացիների համար մայրաքաղաքում պետք է ապահովի որակյալ և անխափան ջրամատակարարում, ինչը ընկերության պայմանագրային պարտավորությունն է: Կարեն Կարապետյանի առաջարկով  «Երևան Ջուր»  ընկերությունը առաջիկայում կներկայացնի մայրաքաղաքում ընկերության կողմից առ այսօր արված ներդրումները, ինչպես նաև կներկայացնի ջրային կորուստների և վճարման արդյունքների տեղեկատվությունը:
Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ մայրաքաղաքի բնակչության սոցիալական խնդիրները պետք է լինեն օրակարգային, և նմանատիպ հանդիպումները հաճախակի կլինեն:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply