Ռուբեն Գալիչյանի նորընծա գիրքը գիտական պատասխան է ադրբեջանցիների հակահայկական հերյուրանքներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 29, 2009 15:23

galichyan-ruben

Ռուբեն Գալիչյան

Լույս է տեսել Ռուբեն Գալիչյանի «Ադրբեջանի հորինած պատմությունը· Ադրբեջան և Հայաստան, երևակայություններ և փաստեր» գիրքը` անգլերենով: Հեղինակը նախատեսում է առաջիկայում հրատարակել նաև գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները:

«Գիրքը պատասխան է վերջին 50 տարիների ադրբեջանական մամուլի և գիտական աշխատողների կողմից գրված հակահայկական հերյուրանքներին»,- ասում է Գալիչյանը:

Գալիչյանը, ով 1992-2000թթ. եղել է Հայաստանի պատվո հյուպատոսը Լոնդոնում, ասում է, որ վտանգված է Հայաստանի պատմությունը· ադրբեջանցիներն ամեն տարի անգլերենով և ֆրանսերենով տասնյակ գրքեր են հրատարակում և աշխարհի գիտական գրադարաններում տարածում: Այդ գրքերում  ապացուցում են, որ հայերը տարածաշրջանում եկվոր են, որ Կովկասի քրիստոնեական հուշարձաններն աղվանական են, և հայերը դրանք բարբարոսաբար ոչնչացնում են:

«Մի քանի սերունդ հետո գրադարան այցելող ուսանողությունն այնտեղ կտեսնի միայն ադրբեջանական կողմի ներկայացրածը,- ասում է Գալեչյանը,- girq1դրանց հակասող նյութերի բացակայության պատճառով այդ նյութերը կընկալվեն որպես իրողություն և փաստ»:

Նա մտավախություն ունի, որ 40-50 տարի անց անկախ երկիր Հայաստանն այլևս չի ունենա պատմություն, մինչդեռ հայ ժողովուրդն իր պատմությունը կարողացել է պահել` անգամ 600 տարի պետականությունից զրկված լինելով:

Մի քանի տարի առաջ ադրբեջանցիների հրատարակած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գրքում ներկայացված է ներկայիս ՀՀ քարտեզը` «Արևմտյան Ադրբեջան` թուրքերի հայրենիքը, որտեղ այժմ հայեր են ապրում» մակագրությամբ, Հայաստանի բոլոր պատմական հուշարձաններն ու եկեղեցիներն էլ ներկայացվում են որպես ուրարտա-թուրքական և աղվանա-թուրքական:

Գալիչյանն ասում է, որ հայ իշխանավորները պատմական փաստերի խեղաթյուրումը լուրջ չեն ընկալում` պատճառաբանելով, որ ադրբեջանցիների խեղաթյուրումներն ակնհայտ են, և դրանց ոչ ոք չի հավատա (մինչդեռ հայոց պատմությանն անտեղյակ օտարերկրացին ադրբեջանական գրքերը որպես իրողություն է ընկալում):

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումների ժամանակ հաստատում են իրենց բարի մտայնությունը, իսկ «Ալիև» հիմնադրամը նույն ընթացքում ֆինանսավորում է հակահայ քարոզչությունը»,- ասում է Գալիչյանը:

130 էջ ծավալով գրքում հեղինակը մատնանշում է ադրբեջանցիների` պատմության խեղաթյուրումները և փաստերով հերքում դրանք: Գրքում նաև  ներկայացված է, թե ինչպես է 1918-ին Կովկասյան թաթարներ կոչվող ցեղն իր զավթած տարածքը կոչում Ադրբեջան` հույս ունենալով հետագայում գրավել նաև Իրանի տարածքում գտնվող պատմական Ատրպատականը: Գրքում ներկայացված է 63 գունավոր և 8 միագույն լուսանկար և քարտեզ, 1 DVD սկավառակ` Նախիջևանի եկեղեցիների և Ջուղայի խաչքարերի վերաբերյալ նյութերով:

2500 օրինակով լույս տեսած գրքից Գալիչյանը 200 օրինակ ուղարկել է Եվրոպայի և ԱՄՆ-ի գիտական գրադարաններ: Գիրքը կա նաև օն-լայն վաճառքում` «Ամազոն» համակարգում:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply