Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի 4 ուսուցիչներ բողոքում են, որ չեն օգտվում երկամսյա վճարովի արձակուրդի իրավունքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 29, 2009 19:31
Ձախից Մարիամ Ղուլյան, աջից՝ Արամ Կարախանյան

Ձախից` Մարիամ Ղուլյան, աջից`Արամ Կարախանյան

Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի 4 ուսուցիչներ որոշել են վիճարկել տնօրինության հետ արդեն 6 տարի շարունակվող պայմանագրի հիմքերը, համաձայն որի` աշխատանքը տևում է 10 ամիս` սեպտեմբերի 1-ից մինչև հուլիսի 1-ը:

«Իսկ ամառվա երկու ամիսների ընթացքում ուսուցիչները չեն գտնվում աշխատանքային հարաբերությունների մեջ,- այսօր ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարիամ Ղուլյանը,- Եվ ոչ միայն չեն օգտվում իրենց հասանելիք վճարովի  արձակուրդից, այլ նաև հարց է` արդյոք սեպտեմբերի 1-ին իրենց հետ պայմանագիր կկնքեն, թե ոչ»:

«Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը Աշխատանքային օրենսգրքով սահմանվում են միայն բացառության կարգով,- ասում է փաստաբան  Արամ Կարախանյանը,- որպես կանոն` աշխատանքային հարաբերությունները՝ օրենսգրքի 95-րդ հոդվածով, պիտի լինեն անորոշ ժամկետով, բացառություններ են կազմում միայն օրենքով սահմանված կարգով ժամկետային համարվող աշխատանքային հարաբերությունները, օրինակ` սեզոնային աշխատանքը»:

Սայաթ-Նովա դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյյանը «Անկախ»-ին ասաց, որ Օրենսգրքի`որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին 95-րդ կետը շատ անորոշ է: «Եթե աշխատանքի պայմաններն ու բնույթը թույլ չեն տալիս աշխատողի հետ կնքել անորոշ ժամկետով  պայմանագիր, գործատուն կարող է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր»,-ասաց նա:

Աշխատանքային պայմաններ ասելով` Հեքեքյանը  նկատի ունի այն հանգամանքը, որ երեխաները վճարում են 10 ամսվա համար: «Իսկ մնացած 2 ամսվա համար ֆինանսական պայմանները թույլ չեն տալիս վճարել ուսուցիչներին,- ասաց Հեքեքյանը,- Եվ այդպես է հանրապետության բոլոր երաժշտական հանրակրթական դպրոցներում»:

Ուսուցիչները 2008թ. հուլիսին դիմել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որը մերժել է բավարարել հայցը` մեկնաբանելով, որ ուսուցիչներն իրենց կամքով են կնքել պայմանագիրը:

Այս տարվա հուլիսի 10-ին Վերաքննիչ դատարանը ևս նույն հիմքերով մերժել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն անվավեր համարելու`ուսուցիչների հայցը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ինչքան էլ պայմանագիրը ստորագրված է երկու կողմերի համաձայնությամբ, միևնույն է, դա հակասում է Օրենսգրքի 95-րդ հոդվածին,- ասում է Ղուլյանը,- որովհետև ուսուցչի աշխատանքը համարվում է հիմնական և չի կարող ձևակերպվել օրենքով սահմանված կարգով նախատեսված ժամկետային աշխատանք»:

Հեքեքյանն ասում է, որ հասկանում է ուսուցիչների վիճակը և «որպես մարդ` կուզենար նրանց հետ կնքել անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր»: «Այդ խեղճ ուսուցիչների հետևում ուրիշ ուժեր են կանգնած, որոնք էլ հովանավորում են փաստաբաններին վճարելու գործում և հրահրում են դրա հնչեղությունը»,-ասաց Հեքեքյանը`չցանկանալով մասնավորեցնել:

Ուսուցիչների իրավունքները պաշտպանող իրավաբաններ Մարիամ Ղուլյանն ու Արամ Կարախանյանն օրերս պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Դիտվել է 2835 անգամ:
Print Friendly

Leave a Reply