«Թուրքիային տրված ժամանակը լրանում է հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային խաղով»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2009 15:04

Կարեն ԲեքարյանԵվրոպական ինտեգրացիա կազմակերպության ղեկավար, հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանն անգամ եթե չբացվի, Հայաստանը չի տուժի, քանի որ պետությունների գործողություններին ճիշտ գնահատական տալը համաշխարհային հանրության համար հիմա շատ կարևոր է:

«Սահմանի բացվելու դեպքում զարգանալու են որոշակի հարաբերություններ, մեր երկիրը կունենա դրական ռեսուրսներ, իսկ եթե չբացվի, Հայստանը կհայտնվի մինչբանակցային նույն իրավիճակում՝ գումարած մի կարևոր շտրիխ.- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Բեքարյանը,- Հայաստանը ցույց է տվել աշխարհին, որ բազմաթիվ խնդիրներ ունենալով՝գնում է բնականոն հարաբերությունների հաստատմանը: Եվ  երբ մյուս կողմը ցուցաբերում է թշնամական վերաբերմունք, վերջինս (տվյալ դեպքում` Թուրքիան) կորցնում է համաշխարհային հանրության մոտ ունեցած իր վարկանիշը»:

Նրա խոսքով՝Թուրքիան չի կարող մի կողմից հանդես գալ՝ որպես թշնամական դեմք ունեցող, Ղարաբաղյան կոնֆլիկտին Ադրբեջանի կողմնակից երկիր, մյուս կողմից`աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի հետ բնականոն հարաբերություն հաստատելու ցանկություն ունի:

Բեքարյանը համակարծությամբ մեջբերեց երեկ Սերբիայի նախագահ Բորիս Տաչիտի ընդունելության ընթացքում Սերժ Սարգսյանի կարևոր հայտարարությունը, որ «հայկական կողմը հստակ ձևավորել է իր մոտեցումը հայ-թուրքական խնդրում և տարբերակում է իմիտացիոն կամ ֆոնային քայլերն  իրական գործընթացից»:

Նրա կարծիքով`  Թուրքիայի պետնախարարի հայտարարությունը, թե սուրբ Աղթամարը դառնում է գործող եկեղեցի, ինչը բարի կամքի դրսևորում է և զբոսաշրջության զարգացման հեռանկար,  նաև հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու փորձ էր:

Բեքարյանի մեկնաբանմամբ՝ վճիռ կայացնելու ու լուրջ քայլեր անելու համար Թուրքիային տրված ժամանակն էլ անսահմանափակ չէ. այն լրանում է հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային խաղով:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply