Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2010 18:29

Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակ­ներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքա­վորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատ­րաստ­ման, հիվանդանոցի կա­ռավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1,078.6 մլն դրամ (շուրջ 2.9 միլիոն ԱՄՆ դոլար, որից 2.167 մլն դոլարը` վարկային միջոցներից):

2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխա­տանք­ներ են իրականացվել ևս չորս մարզային` Հրազդանի, Իջևանի, Արմա­վիրի, Արարատի  բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգ­նության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզե­րից Երևան հիվանդների հոսքը:

Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին և դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:

Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիակա­նացում» երկրորդ ծրագրի ընդլայնմամբ նախատեսվում է օժանդակել կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկու­թ­յան հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայմանը և Գավառի, Գյումրիի, Մեղրիի, Կապանի, Աբովյանի, Ալավերդու, Վանաձորի, Բերդի հիվանդա­նոցային ցանցի արդիականացմանը (Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և կահավորման համար նախատեսվում է ներդնել 3.6 մլն դոլար, Կա­պանի բժշկական կենտրոնի վերանորոգման և կահավորման` 2.76 մլն դոլար):

Ծրագիրը կուղղվի նաև բարեփոխումների համար կարևորագույն նշանա­կություն ունեցող ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման աշխատանքների իրականացմանը, որոնց թվում են` մարդկային ռեսուրսների զարգացումն ու բժշկա­կան հիմնարկների լիցենզավորումը, առողջապահական ծառայությունների ծախսերի գնահատման ուսումնասիրության ավարտումը, հիվանդանոցների որակի ապահով­ման համակարգի ներդրումը, Երևանի պետական բժշկական համալսարանում ուսա­նող­ների քննության համակարգչային համակարգի ստեղծումը, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցում անկախ աուդիտի իրականացումը և աուդիտորական հաշվետվությունների հրապարակայնացումը:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը: Ներկա արտադրողականությամբ աշխատանքի պայմաններում, տարեկան կթողարկվի մոտ 500 տոննա մոլիբդենի և 2000 տոննա պղնձի խտանյութեր:

Հաշվարկված հանքաքարի պաշարները, ըստ Ընկերության ղեկավարության,   հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարում հանքաքարի հանույթի ու վերամշակման ծավալներն ավելացնել 250-500 հազ. տոննայի չափով` աշխատողների թվաքանակը հասցնելով ավելի քան 500-ի:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply