ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2010 15:54

Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում վերջնական` երկրորդ ընթերցմամբ քննարկված ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քվեարկությունը տապալվեց: Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով` առնվազն 66 պատգամավորներ, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած, իսկ նախագիծը` չընդունված:

Մերժված լրացմամբ առաջարկվում էր քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 30 օր` գործող օրենքով նախատեսված 120¬օրյա ժամկետի փոխարեն: Այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը պետք է համարվեր դրական:

Կառավարության հիմնավորմամբ, նախագծի նպատակն էր, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող փորձաքննության իրականացման ընթացակարգը:

Օրենսդրական այս փոփոխությանը հիմնականում դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը: Ըստ ՙԺառանգության՚, օրինագիծն ուղղված է մի խումբ մարդկանց ՙհնարավորություն ընձեռնելու վայրագ ասպատակություն կատարել կանաչ տարածքների նկատմամբ՚:

Հիշյալ փոփոխությանը դեմ էին արտահայտվել նաև մի շարք բնապահպան կազմակերպություններ:

Դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում նույն ճակատագրին էր արժանացել նաև երկրորդ ընթերցմամբ քննարկված ՙԱղբահանության եւ սանիտարական մաքրման մասին՚ օրինագծի և դրանից բխող ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԵրեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚, ՙԲազմաբնակարան շենքի կառավարման մասին՚  օրենքներում լրացումների և փոփոխությունների փաթեթը:

Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ և ՙԺառանգություն՚ խմբակցությունները, քվեարկությունը բոյկոտեցին: ՀՀԿ խմբակցությունը` պատճառաբանելով քվեարկության ժամանակ տեխնիկական վրիպակի առկայությունը, առաջարկեց  քվեարկությունը կրկնել, սակայն վերաքվեարկության արդյունքում պատկերը չփոխվեց:

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում էր, որ աղբահանության վճարը կարող է սահմանվել և հաշվարկվել ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 30 000 դրամ, կամ ըստ ծավալի`  մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 10 000 դրամ, կամ ըստ հաշվառված անձանց քանակի` յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը ամսական 500 դրամ, կամ ըստ անշարժ գույքի բնակելի մակերեսի` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով` առավելագույնը 50 դրամ, իսկ 1 քմ ոչ բնակելի մակերեսի համար` 75 դրամ: Աղբահանության վճարի հաշվարկման կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար, տվյալ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, սահմանվելու էին համայնքի ավագանու կողմից: Ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի` առավելագույնը ամսական 200 դրամի չափով:

Այսպիսով, ավարտվեց ԱԺ-ի դեկտեմբերի 13-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Բացառությամբ վերոհիշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունների, օրակարգային մյուս բոլոր հարցերն ընդունվեցին, այդ թվում նաև կենսաթոշակային բարեփոխումների և օտարալեզու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բացումը թույլատրող օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությունները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply