Էդուարդ Տեր-Ղազարյանին նվիրված մեծարման երեկո

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 21, 2010 15:31

Դեկտեմբերի 16-ին «Առնո Բաբաջանյան” համերգասրահում տեղի ունեցավ Էդուարդ Տեր-Ղազարյանի մեծարման երեկոն: Էդուարդ Տեր-Ղազարյանը, որ միկրոքանդակագործ է, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար, իր մասնագիտությունը հրաշքներ ստեղծելն է համարում: Նա առաջինն  էր, որ վերստեղծելով և նորացնելով արվեստի բարդ տեսակներից մեկը` մանրաքանդակագործությունը, ստեղծեց մի նոր ուղղություն` շարժական միկրոքանդակագործություն:

Էդուրադ Տեր-Ղազարյանի գլուխգործոցներն են համարվում «Վիոլա պամպոզա» ալտը, «Չարլի Չապլինի» նմանակը ասեղի անցքում, գնացքը մարդկային մազի մեջ և այլն: Առհասարակ նրա յուրաքանչյուր աշխատանք հեթական գլուխգործոց է:

Պարոն Ղազարյանի ստեղծած միկրոքանդակներն անցնում են 1000-ից: Նա նաև ստեղծել է 600 ջութակ, ալտ, թավջութակ, նկարել է 1.500.000 ծաղրանկարներ և ունեցել մոտ 30.000 համերգ:

Նրա ստեղծագործությունների նյութ են դառնում կենցաղային բրինձը, ցորենն ու ոսպը, ասեղն ու գունավոր քարերի փոշին, մարդու և կենդանիների մազը, սարդոստայնը և այլն:

Լինելով ծաղրանկարիչ` իր բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ նա մի քանի վայրկյանում դիմանկար-ծաղրանկար է նկարում` նվիրելով այցելուներին:

Գոյություն ունի կապույտ գիրք, որտեղ նշվում է, թե երկրագունդը քանի հանճար է տվել, նշված 200 կենդանի լեգենդների շարքում առաջին պատվավոր տեղը պատկանում է Էդվարդ Տեր-Ղազարյանին: 1983թ. նրա անունը ինն անգամ գրանցվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում: 1939թ. նա ստեղծել է առաջին միկրոքանդակը: Առաջին անգամ նրա զարմանահրաշ գործերի մասին արձագանքեցին գերմանական «Բեռլին ցայտունգ» օրաթերթում և մոսկովյան մամուլում: Նա մեծ ավանդ ունի բժշկագիտության ոլորտում, քանի որ պատրաստել է անզեն աչքով անտեսանելի բժշկական օղակներ: Հետագայում նեյրովիրաբույժ Էդուարդ Կանդելը մամուլում մի հոդված է տպագրել այդ աշխատանքի մասին` այն անվանելով աշխարհի «ութերորդ հրաշալիք»:

Արվեստագետին ուշացումով, բայց հարգանքով և հպարտությամբ պարգևատրեցին ՀՀ Մշակույթի ոսկե մեդալով, որը հանձնեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը: Իսկ վերջում մենք ունեցանք հարցազրույց պարոն Էդուրադ Տեր-Ղազարյանի հետ.

– Պարոն Ղազարյան, կարո՞ղ եք հիշել, թե որտեղ է եղել Ձեր աշխատանքների առաջին ցուցահանդեսը:

– Իմ առաջին ցուցահանդեսը կայացել է ժողովրդական ստեղծագործական տանը: Դա ես երբեք չեմ մոռանա:

– Դուք նշեցիք, որ երբեք Ձեր միկրոքանդակները չեք կրկնում, ինչո՞ւ:

– Յուրաքանչյուր աշխատանք ես մեկ անգամ եմ անում, քանի որ երկրորդ անգամ այնտեղ կարծես ինչ-որ բան պակաս է լինում և այն չի կարող գերազանցել առաջինին:

-Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որ պատրաստ լինի միկրոքանդակը:

– Այն ինձնից պահանջում է մոտ 1,5 տարի:

– Կա՞ արդյոք մանրաքանդակ, որը Ձեր կյանքում ինչ-որ նշանակություն է ունեցել: Օրինակ` Ձեր միկրոքանդակները մեզ զարմանք և հիացմունք են պատճառում, իսկ Ձեր կյանքում ի՞նչն է զարմանք ու հիացմունք պատճառում:

– Ինձ համար նշանակալի դեր ունեցավ բժշկական օղակների ստեղծումը, քանի որ դրանք, օգտագործվելով բժշկության բնագավառում, փրկում են հազարավոր մարդկանց կյանք: Իսկ զարմանք և հիացմունք են պատճառել ռազմաօդային ուժերում ստեղծած իմ միկրոքանդակները:

Ասատրյան Լուսինե

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply