Նոր տարվա գիշերը հասարակական տրանսպորտն ավելի երկար կաշխատի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 15:38
Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետերը ներկայացրեցին ամանորյա միջոցառումների ծրագիրն ու մայրաքաղաքի տոնական ձևավորման միջոցառումները:
Մշակույթի և տուրիզմի վարչության պետը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ծրագրով ամանորյա միջոցառումներ կլինեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում. «Դեկտեմբերի 27, 28 և 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում»:
Դեկտեմբերի 31-ին, ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։ Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի խոսքով` դեկտեմբերի 17-ին արդեն ամբողջացվել են մայրաքաղաքի տոնական ձևավորումն ու գեղարվեստական լուսավորումը: Հանրապետության գլխավոր տոնածառի բարձրությունն այս տարի 31 մետր է, զարդարված է 72 աստղիկներով և տարբեր գույների 4000 խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաև 32.000 լուսադիոդային լամպերը: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից: «Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Այս տարի նոր ծրագրավորմամբ է իրականացված մայրաքաղաքի տոնական լուսավորությունը: Գիշերային տոնական լույսերով են զարդարված ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլև վարչական մյուս շրջանները»,- ասաց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն նաև ներքաղաքային երթևեկությունը կազմակերպելու առումով:
2010թ. դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը. մինչև հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտը կաշխատեն մինչև ժամը 01:00-ն: 2011թ. հունվարի 1-ից 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24:00-ին: 2011թ. հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա ժամանակացույցով:






Facebook
Tweet This
Email This Post
