ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխությունների և լրացումների օրենսդրական աղմկահարույց փաթեթը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 14:00
Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում 69 ՙկողմ՚, 1 ՙդեմ՚ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող կառավարության աղմկահարույց օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, Հայաստանում, բացառապես կառավարության որոշմամբ, թույլատրվում է օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական և միջպետական,միջկառավարական համաձայնագրերով ուսումնական հաստատությունների ստեղծումը:
ՙԼեզվի մասին՚ օրենքում կատարված լրացման համաձայն, հանրակրթության ոլորտում միջազգային ծրագրերի իրականացման առանձանհատկությունները սահմանվում են ՙՀանրակրթության մասին՚ օրենքով: Վերջինով տրված են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրերի սահմանումները: Մասնավորապես, միջազգային կրթական ծրագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային ծրագիր է:
ՙՀանրակրթության մասին՚ օրենքում սահմանված է նաև, որ օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 11-ն է, որից 2-ը ստեղծվելու են որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ և գործելու են Դիլիջան ու Ջերմուկ քաղաքներում` առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա ( 7-րդ դասարանից), իսկ 9-ը` միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա և իրականացնելու են միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական ծրագրեր: Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է: Ամրագրված է, որ տվյալ հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղեր կամ ստորաբաժանումներ:
Մեկ այլ լրացման համաձայն, օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական
առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:
Օրենսդրական նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ և ՙԺառանգություն՚ խմբակցությունները, քվեարկությանը չմասնակցեցին: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին չքվեարկել, սակայն օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց քաղաքական կոալիցիայի ՙկողմ՚ քվեների շնորհիվ:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
