Կմշակվի տրանսպորտային նոր հայեցակարգ Երևանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2010 12:54

Երևանի քաղաքապետարանում երեկ  հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցությունը, որը  վարում էր Երևանի  նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացվել են  համաքաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված խնդիրները։ Զեկուցվել է, որ ավարտվել է Հրազդանի կիրճում գարնանը փլուզված ճանապարհի վերականգնումն ու նորոգումը։

Երևանի քաղաքապետը նշել է, որ առավել նպատակային և արդյունավետ համայնքային բյուջե ձևավորելու նպատակով պետք է բարելավել ֆինանսական հոսքերի ու  բյուջետային ապառքների կառավարումը։

Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է մշակել տրանսպորտային նոր հայեցակարգ՝ հաշվի առնելով տրանսպորտային կուտակումներից խուսափելու և արդյունավետ փոխադրումներ կազմակերպելու միջազգային փորձը։  Քաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունը ներդրումների ներգրավումն է, քաղաքային կառավարման նոր, ժամանակակից  մշակույթի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը  կարևորել է քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները` ընդգծելով.«Այստեղ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, եթե որևէ մեկին որևէ հարցում ասում ենք ոչ, ապա նմանատիպ բոլոր դեպքերում պետք է ասենք ոչ՝ բոլորին անխտիր»։

Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես սոցիալապես անապահով խավը։ Քաղաքապետարանը որպես սպասարկող կառույց պետք է ապահովի, որ  բոլոր քաղաքացիները ժամանակին ստանան սպառիչ և հիմնավոր պատասխաններ։

Խորհրդակցության ընթացքում տրվել են  նաև առաջիկա տոների կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հանձնարարականներ։

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply