«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը մեկնաբանում է Օտարալեզու դպրոցների օրինագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2010 10:45
Ստորեւ ներկայացնում ենք մի փաստաթուղթ որը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը օրերս ուղղել էր Աղգային Ժողովի պատգամավորներին:

Օտարալեզու դպրոցների օրինագիծը

-հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին:

-հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուuումնական հաuտատություններից բացի այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»:  Ի տարբերության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի` ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակությունների, ապա դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձեւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:

-հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձևը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով:

-հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որոկյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, նեռարյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:

-վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ, դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայերենի դեպքում, որին Յունեսկոն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուրքի երկրներում:

-չի լուծում սույն օրինագծի առջեւ՝ դրա հեղինակի՝ վարչապետի դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ պրն Աշոտյանի, հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:

-վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի:

-կնպաստի արտագախթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:

-կթույլացնի երկիրը, բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների:

-կքայքայի ընդհանուր ինքնությունը, դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:

-կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը և կավելացնի մեկուսացումը:

-կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը եւ կդժվարեցնի քաղացիական քննարկումները:

-կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը և չի տա հնարավորություն ժամանակն ու ռեսուրսները ուղղել դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:

Առաջարկ

ա. չկատարել որևէ փոփոխություն Լեզվի մասին օրենքում, այսինքն հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,

բ. հանրակրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծնում հրաժարվել հոդված 2-ից և հոդված 3-ից, այսինքն պահպանել գրական հայերենը որպես հանրակրթունյան միակ լեզու և  հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից:

գ. հանձնարարել Կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանքներ Միջազգային Բակալավրիատի և այլ անհրաժեշտ որակյալ կրթական ծրագրերի լիակատար տեղայնացման համար:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply