Ներկայացուցիչների պալատի նիստն սկսվել է. Ցեղասպանության բանաձևն ամեն վայրկյան կարող է դրվել քվեարկության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 22:54
Այսօր Երևանի ժամանակով 19։00 մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որի ընթացքում ամեն վայրկյան կարող է օրակարգ բերվել և քվեարկության դրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։
Պալատի լիագումար նիստի աշխատանքները ակտիվ կերպով են լուսաբանում հատկապես թուրքական լրատվամիջոցները։ Վերջինների փոխանցմամբ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևն առայժմ չի բերվել օրակարգ։ Նշվում է, որ նիստը հնարավոր է տևի Երևանի ժամանակով մինչև 02։00-ն, և այդ ընթացքում մեծ է հավանականությունը, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից քվեարկության դրվի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։
Այդ ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Ցեղասպանության բանաձևի առնչությամբ իր հերթական ուղերձն է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սպիտակ տան ղեկավարին հիշեցնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին։
«Մենք ուշիուշով հետևում ենք ողջ այդ գործընթացին։ Թեման (Ցեղասպանության բանաձևը,– Tert.am) օրակարգում չլինելը դեռ չի նշանակում, որ այն չի կարող հայտնվել այնտեղ։ Վերջին պահին որոշ բաներ կարող են լինել… Հավատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ստանում են Նոբելյան մրցանակ, պաշտպանելու են խաղաղությունն ու սերը»,– Անկարայում Սիրայի վարչապետի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացել է 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի` միջուկային զենքի տարածման դեմ պայքարի ու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքական Zaman օրաթերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը չի ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում։ Իսկ CNNTurk-ը նշել էր, թե հնարավոր է՝ բանաձևը չմտնի օրակարգ։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
