Հայաստանում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 83 նոր դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2009 13:25

untitled35Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 83 նոր դեպք, որից 50-ի դեպքում ՁԻԱՀ-ի փուլ է ախտորոշվել: ՄԻԱՎ վարակի 136 դեպք էլ գրանցվել է 2008 թ.:

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ 1988 թ-ից մինչև այս տարվա հուլիսի 1-ը հանրապետությունում հայտնաբերվել է 757 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 343-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Վարակակիրներից 556-ը տղամարդիկ են, մնացածը` կանայք: ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2.1 տոկոս) արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 59 տոկոսը 25-39 տարիքային խմբում են:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,8 տոկոս) և թմրամիջոցների ներարկային օգտագործումը (41,9 տոկոս): Բացի այդ, արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում: Բացի այդ, ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,6 տոկոս) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաքում, այնուհետև հաջորդում են Շիրակի և Լոռու մարզերը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով` հանրապետությունում ապրում է 2300 ՄԻԱՎ վարակակիր:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply