Այրված անտառները դիտավորությո՞ւն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 11:37
Մարիամ Սուխուդյանը հաղորդագրություն է տարածել, որ Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ահազանգեր են ստացվել Դիլիջանի անտառներում մեծածավալ հրդեհների մասին:
Մի քանի շաբաթ առաջ նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը:
Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին:
Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:
Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երևան և Դիլիջանի կենտրոնական կանգառումսպասողների վկայությամբ հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում և նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:
Դիլիջանցիների վկայությամբ գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս նաև Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ և քննարկել էր միտումնավոր կերպով ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ: ԵՐԲ ԱՆՏԱՌԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՅՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ, ԻՍԿ ՀԱՐԲԱԾ ՊԵՏԻ ՀԵՉ ՎԵՋԸ ՉԷ:






Facebook
Tweet This
Email This Post
