Հայաստանի և Սերբիայի նախագահները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 28, 2009 20:15

«Ներկա իրողությունների պայմաններում ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար»,-այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` վերահաստատելով իր նախապես արված հայտարարությունը, որ Թուրքիա կմեկնի միայն բաց սահմաններ ունենալու կամ «Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին գտնվելու» դեպքում:

Սարգսյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին, որին ներկա գտնվելու հրավեր ունի նախագահ Գյուլից, քիչ ժամանակ է մնացել:

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, որին էլ հաջորդել է 2 նախագահների առանձնազրույցը:

Նախագահները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերություններն ու դրանց ներկայիս փուլը:

«Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն` առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն»,- հայտարարել են 2 երկրների նախագահները:

Նախագահներն ասել են, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձևեր. յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու, ըստ Սարգսյանի և Տադիչի, հնարավոր չէ գտնել արդարացի և կայուն լուծում:

Նախագահները քննարկել են նաև Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների ներկա վիճակը և պայմանավորվել զարգացնել առևտրատնտեսական և հոգևոր-մշակութային կապերը երկու երկրների միջև: Տադիչն ասել է, որ Սերբիան մտադիր է առաջիկայում դեսպանատուն բացել Հայաստանում, ինչը կնպաստի հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply