Եվրախորհրդարանի պատգամավորը ծանոթանում է ԼՂՀ հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2010 10:12

Ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  է գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան:

Դեկտեմբերի 19-ին Տոմաշ Պորեբային ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջև:

Երկրի ղեկավարը և Տոմաշ Պորեբան կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին: Այս համատեքստում նրանք կարևորել են նաև այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցողին ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում խորհրդարանականը նշել է, որ զեկույցի նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների համատեքստում, և մտադիր է անմիջապես տեղում իմանալ Լեռնային Ղարաբաղի թե իշխանությունների և թե հասարակության տեսակետները:

Իր հերթին ԱԺ խոսնակը կարևորել է եվրոպացի խորհրդարանականի այցը:

«Վերջին շրջանում արդեն երկրորդ անգամն է, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ են այցելում մեր երկիր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջազգային հանրությունը, ի դեմս այս հեղինակավոր կառույցի, սկսել ե առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ»,- ասել է նա:

Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը իր անկախ, ինքնիշխան պետությունն է կառուցում` հիմք ընդունելով համընդհանուր միջազգային նորմերը և առաջնորդվելով պետականաշինության եվրոպական չափանիշներով:

«Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում միջազգային կառույցների աջակցության, հասնել նկատելի հաջողությունների»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, խոսնակը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրա ձևաչափի անլիարժեքությամբ, քանի որ բանակցություններին չի մասնակցում հակամարտության կողմերից  մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Տոմաշ Պորեբան հանդիպում է ունեցել նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանի և կազմակերպության մի խումբ անդամների հետ:

Եվրախորհրդարանի պատգամավորը  տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները, այդ իսկ պատճառով ցանկանում է անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում:

ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահն ու անդամները Եվրախորհրդարանի պատգամավորին իրազեկել են 1988-1990թթ. ադրբեջանահայության կրած  տառապանքների մասին: Նրանք նշել են, որ միայն ազգությամբ հայ լինելու պատճառով այդ պետության ավելի քան 500 հազար քաղաքացիներ պետական մակարդակով կազմակերպված ջարդերի և բռնատեղահանությունների պատճառով ստիպված են եղել գաղթել` լքելով իրենց տները, սերնդե-սերունդ կուտակած ունեցվածքը և դրամական միջոցները, մտածելով միայն իրենց և իրենց երեխաների կյանքը փրկելու մասին:

«Ադրբեջանում վտանգված էր համամարդկային ամենագլխավոր արժեքը` մարդու ապրելու իրավունքը, ինչը, ցավոք, այն ժամանակ ամենևին չէր մտահոգում միջազգային հանրությանը: Հետագա տարիներին ևս, մեր վիճակը չէր հետաքրքրում ազդեցիկ տերություններին և հատկապես եվրոպական կառույցներին: Արդյունքում, արդեն քսան տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում ապաստան գտած ադրբեջանահայերը, չունենալով միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ, զրկված են մարդասիրական բնույթի արտաքին օգնությունից, և միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են, որ տարիներ շարունակ ամեն կերպ սատարում են բռնատեղահանված հայրենակիցներին»,- նշել են ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության անդամները:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply