Հայերի սեփականությունը Թուրքիայում անցնում է 100 մլրդ դոլարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 21, 2010 1:03

Թուրքական իշխանությունները անհանգստացած են ԱՄՆ- ում տեղի ունեցող դատական գործընթացներից, որոնք առնչվում են ցեղասպանությունից տուժածների ժառանգներին փոխհատուցում տրամադրելուն: Նրանք մտահոգված են, որ ինչպես պահպանվել են Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանի տարածքի մասին կալվածագրերը, ի հայտ կգան նաեւ հայերի ունեցվածքի այլ գույքագրեր: Դա չի բացառվում, քանի որ 1915- ին` Մեջլիսի ընդունած օրենքի համաձայն, թուրքական իշխանությունները գույքագրել են հայերի սեփականությունը եւ 3 օրինակից տրամադրել սեփականատիրոջը, Կադաստրի պետական կոմիտեին ու համայնքային ղեկավար կառույցին, ինչպիսին եկեղեցին է:

Թուրքիայի տարածքում հայերի սեփականության գնահատման գումարի մոտավոր չափը, թուրքագետների վկայությամբ, անցնում է 100 միլիարդ դոլարը: Բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի ազգային արխիվ դիմում են նախնիների ունեցվածքի մասին վկայող որեւէ փաստաթուղթ գտնելու հույսով: Փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, սակայն, վկայում է` պահպանվել են միայն Կարսի մարզում հայերի ունեցվածքի գույքագրերը:

Արեւմտյան Հայաստանի տարածքից հողի սեփականության վկայագիր կամ կալվածագիր Ազգային արխիվը չունի, սակայն ունի տեղեկություններ, որ դրանք պահպանվել են առանձին քաղաքացիների մոտ, նաեւ Անթիլիասում, Նուբարյան գրադարանում, Բուրսայում:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը դա մաինգամայն հավանական է համարում. Դեռեւս 1915- ի մայիսին, երբ Թուրքական օրենսդիրը հաստատում է հայերի տեղահանության մասին օրենքը, ընդունում նաեւ գույքի վերաբերյալ օրենք, նշանակվում են հանձնաժողովներ, որոնք համակարգում են տեղահանվողների անշարժ ու շարժական գույքը, որպեսզի հետագայում, վերադառնալուն պես, իբր, վերադարձվի:

Բավականին մանրամասն կատարվում է գույքագրումը: Վկայագրերը մեկական օրինակով տրվում է սեփականատիրոջը, համայնքային կենտրոնին, ասենք` եկեղեցուն եւ Պետական կադաստրի վարչություն:

Ընդամենը 1 տարի անց` 1916- ին Թալեաթ փաշան դեսպան Մոգենթաուից խնդրում է տրամադրել ցուցակները, թե աշխարհի որ երկրների բանկերում հայերը ներդրումներ ունեն ` հիմնավորելով, որ այժմ հայերը եւ ժառանգները չկան եւ նրանց ունեցվածքը պետք է անցնի թուրքական կառավարությանը:

Թուրքագետը նշում է, որ եթե 1918- ին Թուրքիայի արտաքին պարտքը գերազանցում էր պետական բյուջեն, ապա անգամ պատերազմից հետո այդ երկիրը դուրս եկավ դրական սալդոյով:

Մինչդեռ՝ հայերի մշակութային ժառանգության մասին վկայություններ պահպանվել են 1912- ին Թուրքական կառավարության պատվերով Պոլսի պատրիարքության պատրաստած ցուցակում: Այնտեղ նշվում են միայն 2 500 հայկական եկեղեցի, 2 հազար կրթօջախ, 500 վանք:

Պողոս Նուբարի հաշվարկով` հայերի հարստությունը Թուրքիայում գնահատվում է ավելի քան 14,5 միլիարդ ֆրանկ: Այս բոլոր տվյալներն ու վկայագրերը, սակայն, այսօր համակարգելու խնդիր կա:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply