Վարչապետը` Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 20, 2010 20:53

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի Խորհրդի նիստ, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում Խորհրդի նախագահի ընտրություն հարցն էր։ Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների ձևավորման կարգը, այնուհետև առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։
«Այսօր շատ կարևոր հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձևավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, և այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,-ասել է Արմեն Աշոտյանը։ Տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական հանձնաժողով: Խորհրդի նախագագի թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը։«Կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանի առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժևորվելու»,-ասել է վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում քաղաքական թիմի կողմից այդ հարցի քննարկումը եւ այդ քաղաքականության մեջ հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը։ «Այս ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը` հենց Մանկավարժական համալսարանի ընտության փաստը բացատրելով, որ այն առաջին հերթին պայմանավորված է կրթական համակարգի իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից մասնավորապես մանկավարժությունը առավել կարևորելու հանգամանքով։ Վարչապետի խոսքով` բարփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը` հիմնված գիտելիքների վրա։ «Տնտեսական, քաղաքական բարեփոխումներն սկսենք կրթական համակարգից, որովհետև ինչպիսին լինի երկրի կրթական համակարգը, այնպիսին կլինի երկրի ապագան»,-ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարևոր այս համալսարանի գործունեությունը։
Հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը համալսարանի Խորհրդի նորընտիր նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիսավորությամբ հանձնել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը։
Համալսարանի Խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և, կարևորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, անդրադարձել է հանրապետության կրթական համակարգ բարեփոխումներին. «Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»:
Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահեն հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, և այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպես և ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մոտ, և ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply