Կրթությունը և գիտությունը 2010-ին. ԿԳ նախարարն ամփոփում է տարին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 20, 2010 17:27

2010-ը կրթության ոլորտում դինամիկ փոփոխությունների տարի էր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով նախարարության այս տարվա գործունեությունը,  նման կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը  նշում է, որ այս տարի երեք կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. Նախ` ողջ տարվա ընթացքում կրթության ոլորտը գտնվել է և իշխանությունների, և թե հասարակության համակ ուշադրության կենտրոնում, երկրորդ` նախարարությունը մշտապես հասարակության հետ սերտ կապ է ունեցել, փոխադարձ համագործակցել են, և երրորդ` այս տարի բոլոր ոլորտներում դրվել է գիտելիքների արժևորման սկիզբը:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում կատարված աշխատանքներին` Աշոտյանը նշում է, որ Հայաստանի համայնքների 2/3-ում չկան նախադպրոցական ուսումնական հաստատություններ:  Այս տարի համաշխարհային բանկի վարկի շնորհիվ 41 նախադպրոցական հաստատություն է հիմնվել Արարատի և Արագածոտնի մարզերում:

Հինգ կազմակերպություն դպրոցի տնօրեններին վերապատրաստելու թույլտվություն է ստացել:  Հաստատվել է նաև դպրոցի ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Եթե նախկինում բոլոր ուսուցիչները հավասար էին վարձատրվում` անկախ ստաժից և ձեռբերումներից, ապա այժմ կարգն այլ է: «Ատեստավորման նոր մեխանիզմը հնարավորություն կտա, որ լավագույն ուսուցիչները մյուսներից բարձր աշխատավարձ ստանան»,- ասում է նախարարը:

2010-ին ավագ դպրոցների ցանցը ընդլայնվել է 43-ով: Տպագրվել են նաև նոր դասագրքեր: 50 հազար դասագիրք է տպագրվել նաև սփյուռքի համար, որոնք ժամանակին առաքվել են սահմանված վայրեր:  Նախարարի խոդսքով` «Այս տարի դասագրքային խնդիրը լուծված է: Հուսանք, որ նոր դասագրքրեը չեն առաջացնի հասարակական և ծնողական այն դժգոհությունները, որոնք կային նախկինում»:

2010-ը Հայաստանի համար ձեռքբերումային է եղել նաև միջազգային կրթական  ասպարեզում. 7 աշակերտական միջազգային օլիմպիադաներից հայ աշակերտները վաստակել են յոթ մեդալ: «Սա վկայում է հանրակրթության որակի մասին»,- ասում է նախարարը:

Ինտերներտ մուտք գործելու հնարավորություն է ստացել 300 դպրոց: Ներկայումս հայաստանյան դպրոցներից  համացանցից օգտվելու հնարավորություն ունեն 944-ը:

Փոփոխություններին անմասն չեն մնացել նաև հատուկ դպրոցները: Մի շարք դպրոցներում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, կրթության նախարարությունում էլ ձևավորվել է երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման հասարակական խումբ:

Ձեռքբերումներ կան նաև բարձրագույն կրթության ոլորտում: Այս տարի բոլոնյան կրթական ծրագրի շրջանակներում կրեդիտային համակարգը ներդրվել է նաև երրորդ կրթական աստիճանում` ասպիրանտուրայում:

«Հաջորդ տարվանից սկսած բոլոր բուհերը` անկախ սեփականության ձևից, ընդունելություն են իրականացնելու միասնական քննակարգով»,- ասում է Աշոտյանը` հավելելով, որ այս տարի բակալավրում սովորելու հնարավորորթյուն է ստացել 20 հազար երիտասարդ, 6700 մարդ ընդունվել է մագիստարտուրա և 300-ը` ասպիրանտուրա:

Մեկնարկել է նաև բուհերի մրցակցային ֆինանսավորման ծրագիրը, որի համաձայն դրամաշնորհներ կստանան այն բուհերը, որոնք նորարարական կրթություն և բարեփոխումներ  են իրականացնում:

Միջպետական պայմանագրերով այս տարի արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորություն է ստացել 220 հայաստանցի  ուսանող:  Իսկ հայաստանյան բուհեր այս տարի ընդունվել է   420 արտասահմանցի ուսանող:

2010-ին լիցենզիայից ամբողջությամբ կամ մասնակի զրկվել է 25 բարձրագույն ուսումնական հաստատություն: Աշոտյանը նշում է, որ այս գործընթացը շարունակական է լինելու և նախարարությունը հետևելու է, որ կրթական հաստատությունները ապահովեն գոնե նվազագույն որակ: Աշոտյանը նշում է, որ մասնավոր բուհերը կկարողանան նաև պետպատվերով տեղեր ստանալ, եթե ունենան որակի նոր պահանջներին համապատասխանելու հավաստագիր:

Իսկ այս տարվա բուհական ընդունելությունների մասին Աշոտյանը նշեց, որ կպահպանվեն և ընդունելության ծավալները, և պետպատվերով տեղերի թիվը: Սակայն «այս ուսումնական տարվա ավարտին որևէ աշակերտի ատեստատ չի տրվելու, որևէ էքստեռն փոխադրություն չի լինելու»:

Երիտասարդ գիտնականներին աջակցելու համար առաջիկա օրերին կհայտարարվի նաև երիտասարդ գիտնականների ծրագրերի մրցույթ:  Գիտության ոլորտում գործող 61 պաշտպանական խորհուրդների թիվը  նախատեսվում է նվազեցնել 25 տոկոսով` դրանք միավորելով ու խոշորացնելով:

Նախարարը նշեց նաև, որ գերատեսչական ստուգումների արդյունքում բացահայտվել է դպրոցներում թռիչքի 108 դեպք, ինչպես նաև 10-11-րդ դասարաններում աշակերտի կրկնակի հաշվառման 110 դեպք, որով պետությանը պատճառվել է 25 մլն դրամի վնաս:

Աշոտյանը, սակայն, նշում է, որ 2010-ի ընթացքում ամեն ինչ չէ, որ հասցրել են իրագործել. «Ցավոք ամեն ինչ միանգամից շտկել հնարավոր չէ: Կարող էինք ավելին անել»:

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply