Ադրբեջանը 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը, ապա մեղադրել հայերին հրադադարի ռեժիմը խախտելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 17:15
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:
ՊԲ-ց տեղեկացնում են, որ հրադադարի ռեժիմը խախտած ադրբեջանական կողմը իր մեղքը փորձում է բարդել հայկական կողմի վրա.  պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան մտածածին լուրեր է տարածել, թե իբր դեկտեմբերի 17-ին ժամը 21-ն անց 15-ի սահմանում Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կոմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառվել են հրետանային միջոցներ:
«ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: Դա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը  ներկայացնել նախահարձակի դերում:   ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, հարգում են հրադադարի ռեժիմի պահանջները: Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին»,- մեկնաբանելով հրետակոծության մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, ասել է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Դիտվել է 2720 անգամ:
Print Friendly

Leave a Reply