Bob Sinclar. Հայաստան է գալիս Բելմոնդոյի երկդեմ հերոսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 28, 2009 17:41
bob-sinclar-paris-hilton-12

Հայաստանում երբևէ ներկայացված ամենահայտնի Dj Bob Sinclar-ը գլամուրային Պերիս Հիլթոնի հետ

Հուլիսի 29-ին Երևանում կլինի Հայաստանում երբևէ ներկայացված ամենահայտնի Dj-ը` Bob Sinclar-ը:
Նրա այս տարվա աշխատանքային օրացույցը գրեթե ամբողջովին նշօղակների մեջ է` համերգներ, հարցազրույցներ, պրոդյուսինգ: Այդ պատվավոր նշումներից մեկի տակ է հայտնվել նաև Հայաստանը, ուր ֆրանսիացի աշխարհահռչակ Dj-ը կլինի առաջին անգամ:

Արդեն 11 տարի է, ինչ Bob Sinclar կեղծանունն աշխարհին ծանոթ է որպես ամենաթանկարժեք ակումբների Dj, playboy, գլամուրային – սկանդալային կենսակերպով մարդ: Սակայն Bob Sinclar-ն ուղղակի դիմակ է, որի ետևում կանգնած է համեստ Կրիստոֆ Լե Ֆրենը:
Bob Sinclar կեղծանունը հայտնի Dj-ը վերցրել է 1973 թվականին թողարկված Ժան Պոլ Բելմոնդոյի «Հրաշալին» ֆիլմի հերոսից, որը մարմնավորում է երկու ծայրահեղ կերպարների` համեստ ու հավասարակշռված գրողի և ճարպիկ ու խորամանկ մաչո-լրտեսի:

1990-ականներից Bob Sinclar անունն ավելի մասսայական է դառնում` որպես հաուս երաժշտության վառ ու շլացնող կերպար, շոու բիզնեսում մեծ կապեր ունեցող մարդ` ստվերում թողնելով ֆիլմային Bob Sinclar հերոսին:
Կրիստոֆը ծնվել և մեծացել է Փարիզի զարկերակ համարվող հայտնի Le Marais գեյ թաղամասում, իսկ թե ինչու էր ժամանակին կրում «ֆրանսիական համբույր» մականունը, պատմությունը համառորեն լռում է:

Bob–ն, իհարկե, հաուս երաժշտության լավագույն գիտակներից է, սակայն, հաուսի հիմնադիր նրան չի կարելի համարել, ինչպես հաճախ շփոթում են: Իրականում հաուս երաժշտությունը ծնվել է Չիկագոյում 1980-ականների սկզբին: 70-ականների Soul-ի և Disco-ի խառնուրդից ծնված այս երաժշտական ուղղությունն անմիջական կապ է ստեղծում «էքստազի» թմրադեղի հետ, քանի որ հենց այդ ժամանակ Մանչեստերում ծաղկում էր «էքստազին»: Այս թմրադեղի ազդեցության տակ հաուս երաժշտություն լսելը գնալով ավելի մասսայականություն էր վայելում: Չիկագոյում գործող «Warehouse» ակումբի անունից էլ առաջացավ այս տերմինն, իսկ առաջին հաուս երաժշտական համարը ստեղծվեց Jess Saunders–ի կողմից` վերնագրվելով «On and on tracks»:

Ֆրանսիայում հաուս երաժշտությունը ներկայացնող առաջատարներից մեկը դարձավ հենց Կրիստոֆ Լե Ֆրենը, որը նպատակ ուներ տարածել այս ուղղությունն իր հայրենիքում: Bob Sinclar-ի առաջին մեգահիթը «Gym Tonic» երգն էր` Ջեյն Ֆոնդի կատարմամբ:
Հայաստանում, ըստ «Անկախի» հարցումների, այս անունը ծանոթ էր նրանց, ովքեր հետաքրքրվում են ակումբային երաժշտությամբ: Շատերը պատասխանեցին «չեմ լսել», ոմանք էլ լսել են նրա հայտնի «World Hold On» երգը, բայց չգիտեն կատարողի անունը:
Հեղինակավոր «Billboard Magazine-ի» հիթ-շքերթում այդ երգով նա կարողացել էր գերազանցել անգամ փոփ-թագուհի Մադոննային և Ագիլերային, իսկ 2006-ին Bob Sinclar-ի «Love Generation» երգը դարձել էր ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի հիմներից մեկը:

Bob Sinclar-ին Հայաստան է հրավիրել «VIVA Productions» ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Սևակ Մաջարյանը պատմեց. «Մենք կապ հաստատեցինք Bob Sinclar-ի համերգային մենեջերի հետ ու ճշտեցինք Dj-ի տեխնիկական պահանջները, որոնք այսօր մենք կարող ենք ապահովել: Ի դեպ, դա նրանց համար համագործակցության առաջին պայմանն է»:
– Իսկ մեծ ֆինանսական ռիսկ չէ՞ Bob Sinclar-ի պես բարձր հոնորարներ ստացողին հրավիրել Հայաստան, այն էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում:
– Ինչ խոսք, ողջ փրոդաքշնը բավականին կլորիկ գումար է կազմում, – ասում է Մաջարյանը,- սակայն Հայաստանում գնալով ավելի է մեծանում հաուս երաժշտություն լսողների թիվը, և մենք որոշեցինք հրավիրել ոճի հենց առաջատարին: Տոմսերն արժեն 5000-15.000 դրամ, իսկ վաճառքից դեռ չենք դժգոհում:

«VIVA Productions-ի» նախորդ աշխատանքը Yves Larock նախագծի համերգային ծրագիրն էր Երևանում մի քանի ամիս առաջ:
Bob Sinclar-ի այս համերգային շրջագայությունը մտնում է «Born in 69» անվանումը կրող սկավառակի ամառային տուրնեի մեջ, որի ընթացքում գրեթե առանց ընդմիջումների 40-ամյա Bob-ը ելույթ կունենա եվրոպական երկրների ամենահայտնի ակումբներում:

boob-22

Երաժշտասեր հայ հանդիսատեսը Բոբ Սինքլարի հետ շփման հնարավորություն կունենա «Սիրահարների այգում»` բացօթյա

Ակումբային երաժշտության սիրահար հայ հանդիսատեսը Bob Sinclar-ի հետ շփման հնարավորություն կունենա «Սիրահարների այգում»` բացօթյա:
Bob Sinclar-ի համերգներն ուղեկցվում են աղմկոտ սկանդալներով, էպոտաժային կերպարների հոծ բազմությամբ ու շտապօգնության մեքենաներով, և հայաստանյան համերգի հավանական խաղաղ ընթացքը բացահայտում կլինի հենց նրա համար:

Կազմակերպիչներն, իհարկե, նկատի են ունեցել հայ հանդիսատեսի առանձնահատկություններն, այնուամենայնիվ, արել են ամեն ինչ հետաքրքիր երեկոյի համար, այն կուղեկցվի լազերային և լուսային էֆեկտներով, 2 տեղացի Dj-ներ հանդես կգան նորարական երաժշտական ոճով: Սրան կհաջորդի աճպարարի մասնակցությամբ հատուկ ներկայացում` կրակով և կախարդական փայտիկներով:

Երեկոյան հանդես կգան Ռուսաստանից ժամանած պարուհիները: Բեմական հագուստի մաս են կազմելու նաև տարբեր կենդանիների` վիշապի և առյուծի տեսքով պատրաստված կերպարներ: Պարային ներկայացումներն անց են կացվելու հատուկ ձևավորված բեմում, որի ետնամասում տեղադրված հայելին ավելի է ընդգծելու պարային ռիթմն ու շարժումները:
Այս ամենին կհաջորդի Bob Sinclar-ի երաժշտական ծրագիրը, որը կշարունակվի մինչ լուսաբաց:
Հայաստանյան ելույթից հետո Bob Sinclar-ը հուլիսի 30-ին կմեկնի Մակեդոնիա, իսկ համերգային այս ամիսը կեզրափակվի հուլիսի 31-ին Կիպրոսում:

Դիտվել է 1860 անգամ:
Print Friendly

Leave a Reply