Բաղադրյալ տնտեսական ինդեքսների մասին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 20, 2010 16:04

Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 114.5%, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 73.0%: Նշված ցուցանիշների մեծությունները պայմանավորված են համապատասխանաբար 2010թ. առաջին եռամսյակի և 2011թ. առաջին եռամսյակի ցածր սպասումներով:

Ընթացիկ եռամսյակում պատասխանների հաշվեկշիռների աճ է արձանագրվել արդյունաբերության ճյուղում՝ կապված 2010թ. չորրորդ եռամսյակում թողարկման ծավալների աճի հետ: Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ: Շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում պատասխանների հաշվեկշիռները նվազել են, ինչը, սակայն, կրում է սեզոնային բնույթ. 12 ամսյա կտրվածքով նկատվում է բոլոր ճյուղերի հաշվեկշիռների աճ:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 107.7% և 95.0%: Նախորդ եռամսյակի նկատմամբ աճ է արձանագրվել միայն առևտրի ոլորտում՝ 101.4%: Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ԳՄ ինդեքսի աճին  ամենամեծ նպաստումն ունեցել է առևտրի ոլորտը՝ 123.1%: Գրեթե անփոփոխ է գործարար միջավայրը շինարարության ոլորտում:

Սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել  է` կազմելով  108.03%: Ընդ որում ընթացիկ պայմանների ինդեքսն աճել է 106.8%-ով, իսկ ապագա պայմանների ինդեքսը` 108.7%-ով: Նվազում է նկատվել միայն ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ խոշոր գնումներ իրականացնելու փաստի հաշվեկշռի գծով (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ինդեքսը` 95.2%): Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ապագա պայմանների ինդեքսի բոլոր հարցերի հաշվեկշիռները աճել են և գտնվում են կայուն վիճակը բնութագրող մակարդակում:

Ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերն ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստանում ենք վերջնական ինդեքսները:

Ինդեքսների հաշվարկը. Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով: Սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply